Արցախի պետական համալսարան
2022-2023 ուստարվա ԱրՊՀ առաջին կուրսեցիների համար մեկնարկել է «Իրազեկ ուսանող» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 7-ին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ստորաբաժանումների պատասխանատուներ, ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարներ հանդիպել են բնագիտական ֆակուլտետի առաջին կուրսերի ուսանողների հետ և անց կացրել իրազեկման աշխատանքներ:
ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ողջունելով առաջին կուրսեցիներին, շնորհավորել է նրանց բուհ ընդունվելու կապակցությամբ և հանգամանալից ներկայացրել ԱրՊՀ հնարավորությունները՝ ընդգծելով, որ բուհի հնարավորություններն ընդլայնվել են հատկապես անցած ուստարում ինստիտուցիոնալ հավատարմագրումը հաջողությամբ անցնելուց հետո:
«Համալսարանի ամբողջ գործունեությունը միտված է բարձրորակ մասնագետներ պատրաստելուն, և այդ նպատակով բուհում շարունակաբար աշխատանքներ են տարվում որակի բարելավման համար՝ թե՛ շենքային պայմանների, թե՛ ուսումնագիտական ուղղություններով: Եղե՛ք հետևողական և իրագործեք ձեր կրթական կարիքներն ու ծրագրերը»,- նշել է Վ. Յարամիշյանը և տեղեկացրել, որ առաջիկայում բնագիտական ֆակուլտետը կտեղափոխվի հիմնանորոգված մասնաշենք:
Ստորաբաժանումների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են սովորողներին անհրաժեշտ տեղեկատվություն՝ կապված համալսարանում գործող ստորաբաժանումների գործառույթների հետ:
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացել են բուհի պատմությանը, կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ուսանողական ինքնավար կառույցների գործունեությանը, բուհի հետ հետադարձ կապի և տեղեկատվություն ստանալու մեխանիզմներին ու գործիքներին, քննարկել քննաշրջանի կազմակերպման և ուսումնառության հետ կապված մի շարք հարցեր:
Նշենք, որ «Իրազեկ ուսանող» ծրագրի շրջանակում հանդիպում է եղել նաև «Պատմության և իրավագիտության» ֆակուլտետում, հանդիպումներ կլինեն նաև մյուս ֆակուլտետներում: