Արցախի պետական համալսարան
Սեպտեմբերի 28-ին Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպել և քննարկում են ունեցել մարզիկ, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանը և ԱՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ, մարզիկ Արմեն Պետրոսյանը։ Քննարկման թեման վերաբերում էր երկրում ստեղծված իրավիճակին, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Արցախում ապրող քաղաքացու անելիքներին։
Հայրենապահպանություն, ինչպե՞ս սիրել հայրենիքը և ինչպե՞ս օգտակար լինել հայրենիքին՝ այս առանցքային հարցերի շուրջ էին ծավալվում հարցադրումներն ու ելույթները։
ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է օրվա հյուրերին ու նրանց անցած ճանապարհը՝ նշելով, որ նրանք մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքով ցույց են տալիս, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը․«Հայրենիքի հանդեպ սերը պլատոնական չի լինում։ Հայրենիքը սիրում են հայրենիքում ապրելով, արարելով, սովորելով։ Եթե այս մտայնությունը պահենք մեր հոգում և սրտում, այն կդառնա գործողություն։ Այսօրվա մեր հյուրերն իրենց գործով ցույց են տվե, թե ինչպես պետք է դա անել»,-նշել է Վ․ Յարամիշյանը։
Արմեն Պետրոսյանը, խնդիրների լուծման կարևոր նախապայման է համարում խելացի սերունդ և ժամանակակից գիտատեխնիկական նվաճումներին տիրապետող, գիտելիքներով զինված երիտասարդություն ունենալը՝ հորդորելով ուսանողներին լավ սովորել և իրենց գիտելիքները ծառայեցնել հայրենիքին։
«Պատմության ընթացքում ավելի դժվար ժամանակներ ենք ունեցել, քան հիմա է, բայց կարողացել ենք հաղթահարել։ Հայ ժողովուրդը գենետիկորեն խելացի է, և աշխարհում կատարված բազմաթիվ գյուտերում իրենց մասնակցությունն են ունեցել հայերը, մենք ունենք ներուժ, որն արդյունավետ օգտագորրծելու դեպքում կարող ենք հասնել հաջողությունների՝ մեր գոծողությունների հիմքում ունենալով հայրենասիրությունը»,-նշել է Արմեն Պետրոսյանը՝ որպես օրինակ մատնանշելով աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանին, ով տարբեր առաջարկներ է ստանում՝ ապրելու եվրոպական երկրներում, որտեղ նրա համար ապահովում են նաև բարեկեցիկ կյանք, բարձր աշխատավաձով աշխատանք, բայց նա հրաժարվում է այդ ամենից՝ նախընտրելով ապրել հայրենիքում՝ Արցախում, որպեսզի իր նպաստն ունենա Արցախն ապրեցնելու առաքելությանը։
Արթուր Առուշանյանը, ուսանողների հետ կիսելով իր փորձը, հայրենիքը պահելն ու հանուն դրա պայքարելը համեմատում է մարտարվեստի հետ։
«Մարզիկը պարտության դեպքում եթե համակերպվում է իր պարտության հետ, այլևս հաղթանակ չի ունենա։ Պարտվելու դեպքում պետք է ուսումնասիրել սխալները, աշխատել տքնաջան դրանք շտկելու ուղղությամբ և հաջորդ պայքարում հասնել հաղթանակի՝ ապացուցելով, որ դու լավագույնն ես»,-համոզմունք է հայտնում Ա․ Առուշանյանը և ուսանողներին հորդորում երբեք չհամակերպվել պարտության հետ, այլ աշխատել և հասնել հաջողությունների, ազգային իղձերի իրականացման։
Նրա խոսքով՝ հաճախ է լինում արտասահմանյան տարբեր երկրներում սեմինար-դասընթացներ անցկացնելու նպատակով, և իր յուրաքանչյուր սեմինար նա մեկնարկում է Արցախի մասին պատմելով և աշխարհին ներկայացնելով Արցախի հայկական լինելը։
«Յուրաքանչյուրն իր ուժերի չափով պետք է աշխատի Արցախի համար։ Պետք է մեղավորներին փնտրել յուրաքանչյուրս մեր մեջ՝ ի՞նչ եմ արել հայրենիքի համար, ի՞նչ գիտելիք ունեմ, ի՞նչ օգտակար բան կարող եմ անել հայրենիքի համար։ Ես հավատում եմ, որ երիտասարդությունը նպատակասլաց աշխատելու դեպքում կհասնի հաջողության։ Արցախը հայկական հող է, և տարածքը, որտեղ թափվել է հայի արյուն, հայկական է, հակառակը պնդողն իմ թշնամին է»,-ընդգծել է Ա․ Առուշանյանը։
ԱրՊՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչ Յուրա Մարգարյանն ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ կարևորելով նման հանդիպումների նշանակությունը ռազմամարզական տարբեր կազմակերպությունների հետ ԱրՊՀ-ի համագոծակցության ընդլայնման և ուսանողների շրջանում ռազմահայրենասիրական ոգու ամրապնդման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նման հանդիպումները կլինեն շարունակական։