Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանը հոկտեմբերի 3-ից 15-ը նախաձեռնում է հանդիպումներ ԱՀ և ՀՀ պետական և քաղաքական գործիչների հետ՝ «Արցախ. նոր մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» խորագրով: Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 7-ին ԱրՊՀ է այցելել և համալսարանականների հետ հանդիպել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, ռազմական, քաղաքական գործիչ Սամվել Բաբայանը:

Հանդիպումը մեկնարկել է ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:

ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը Ս. Բաբայանը ներկայացրել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց դիմակայելու և խնդիրների լուծման իր տեսլականը:

«Արցախյան հիմնախնդրի լուծմանը մենք պետք է առաջին հերթին հասնենք իրավական ճանապարհով, որովհետև Արցախն ունեցել է իր անկախության հռչակման բոլոր իրավունքները՝ օրենքներով ու պատմական փաստերով: Սովետական Միությունից դուրս ենք եկել, հանրաքվեի միջոցով, հռչակել ենք անկախ պետություն, բայց դրանից հետո որևէ քայլ չենք կատարել՝  այն իրացնելու  իրավական դաշտում: Որևիցե ժամանակ Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի մաս և  չի կարող լինել: Մենք պետք է մտնենք միջազգային դատարան և կարողանանք մեր անկախության իրավունքը ամրագրել»,-ասել է Ս. Բաբայանը:

Մարտահրավերներին դիմակայելու համար նա ընդգծել է պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտությունը, իրավիճակը հօգուտ ազգային ու պետական խնդիրների լուծման ծառայեցնելու հնարավորություններ գտնելը: Նրա համոզմամբ՝ Արցախը տարածաշրջանում լուրջ  գործոն է, պետք է կարողանալ արտաքին ճիշտ քաղաքականություն վարել և Արցախի շահը մշտապես գերակա պահել:

«Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ ցանկացած ժողովուրդ ինքնապաշտպանության իրավունք ունի»,-շեշտել է նա:

Արցախյան հիմնախնդրի լուծման, անվտանգության ոլորտի զարգացման իր տեսակետը ներկայացնելուց հետո Ս. Բաբայանն անդրադարձավ նաև տնտեսության ոլորտի զարգացման իր տեսլականին, որն, ըստ նրա, արցախցուն Արցախում պահելու և երկիրը զարգացնելու նախապայմանների առաջնահերթությունների շարքում է: Աղքատության ցուցանիշները նպաստում են արտագաղթին: Կարևորեով հատկապես գյուղատնտեսության զարգացումը՝ նա առաջ է քաշում «խելացի գյուղեր» ծրագրի գաղափարը, որը պետք է կյանքի կոչել Արցախում:

Սամվել Բաբայանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սամվել Բաբայանին՝ ԱրՊՀ այցելելու և համալսարանականների հետ հանդիպելու համար՝ նրան նվիրելով իր հեղինակած «Ղարաբաղի բարբառի բառարան» գիրքը: