Արցախի պետական համալսարան

DSC00217                      DSC00213

<<Սինոփսիս Արմենիա>> ՓԲԸ-ն և <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ-ն ԼՂՀ-ում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով համագործակցություն են սկսում Արցախի պետական համալսարանի հետ:

Մարտի 29-ին Արցախի մայր բուհի խորհրդակցությունների նոր դահլիճում տեղի ունեցավ վերոնշյալ ընկերությունների և ԱրՊՀ միջև համագործակցության եռակողմ համաձայնագրի վավերացման պաշտոնական միջոցառումը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:  
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության անդամներ, համաձայնագրի կողմերի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Այն վարում էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:
Ողջունելով նման համաձայնագրի ստորագրումը, ԼՂՀ ԿԳ նախարարը նշեց, որ այն բացառիկ նշանակություն կունենա` միկրոէլեկտրոնիկայի բնագավառում բարձրորակ կադրերի պատրաստման գործընթացում: Համաձայնագրի արդյունքում, ինչպես ասաց Սլավա Ասրյանը, սկիզբ կդրվի մի մեծ նախաձեռնության, որը բխում է ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի` երկրի տնտեսության զարգացման հիմնադրույթներից:
Նախարարը շնորհակալություն հայտնեց <<ՂՏ>> գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, նշելով, որ մեծ է ընկերության ներդրումը մեր հանրապետության տարբեր ոլորտներում, հատկապես` կրթության: Նրա հավաստմամբ` համաձայնագրի ընդունումը մեծ պատասխանատվություն է դնում կրթության ոլորտի պատասխանատուների և առաջին հերթին Արցախի պետական համալսարանի վրա, քանզի մայր բուհը կոչված կլինի հետագա քայլեր իրականացնել, իսկ ամենակարևորը` տեղեկատվական տեխնոլոգիաների գծով որակյալ մասնագետներ պատրաստել: <<Սա կարելի է համարել սկիզբ. հետագայում նման ծրագրերը շարունակական բնույթ կկրեն: Արցախը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չպետք է հետ մնա ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի զարգացած երկրներից>>,- ասաց Ս.Ասրյանը:
Եկավ համաձայնագրի վավերացման հանդիսավոր պահը: Փաստաթուղթը ստորագրեցին` <<Սինոփսիս Արմենիայի>> կողմից` ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, <<Ղարաբաղ Տելեկոմի>> կողմից` գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Արցախի պետական համալսարանի կողմից` ռեկտոր Ստեփան Դադայանը: Կողմերի համաձայնեցրած չափորոշիչների համաձայն` ԱրՊՀ-ն կստեղծի համահամալսարանական ամբիոն, որտեղ կիրականացվի ամենօրյա կրթական գործունեություն և համապատասխան ֆակուլտետի բակալավրիատի երկրորդ կուրսն ավարտած ուսանողներից ուսանողական համակազմի ընտրություն: Ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառությունը շարունակել մագիստրատուրայում:
Իր ելույթում <<Սինոփսիս Արմենիա>> ՓԲԸ տնօրենը ներկայացրեց ծրագրի իրականացման կապակցությամբ ընկերության կողմից նախատեսվող աշխատանքները:
<<Սինոփսիս Արմենիա>> ՓԲԸ-ն համալսարանին անվճար կտրամադրի համապատասխան մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ Սինոփսիս ընկերության ծրագրային գործիքների փաթեթների 60 լիցենզիա և համապարփակ ուսումնական նյութեր, որոնք կընդգրկեն բոլոր դասավանդվող դասընթացների ամբողջական մեթոդական ապահովվածությունը, դասախոսությունների ներկայացումները, լաբորատոր, գործնական աշխատանքների և կուրսային նախագծերի մեթոդական ապահովվածությունը, տնային աշխատանքները և քննական հարցատոմսերը, ինչպես նաև առնվազն կես տարին մեկ անգամ կվերապատրաստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը:    
Հ.Մուսայելյանի հավաստմամբ` <<Սինոփսիսը>> որպես համաշխարհային առաջատար ընկերություն համագործակցում է աշխարհի ավելի քան 1300 համալսարանների հետ: Հայաստանում այդ համալսարանները չորսն են` ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: <<Արցախի համար չկա այլ ճանապարհ, քան ապավինել ինտելեկտին և գիտատար տնտեսությանը: Անկախ այն բանից, թե ինչ աշխարհաքաղաքական իրողությունների մեջ է երկիրը, ինչ դժվարություններ ու մարտահրավերներ կան ծանրացած նրա առջև, տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է զարգանան: Իսկ ցանկացած ճյուղ կարող է զարգանալ միայն բավարար ինտելեկտուալ ներուժ և տվյալ երկրի իշխանությունների կողմից քաղաքական կամք դրսևորելու դեպքում, այսինքն` պետք է լինի պետական հոգածություն և հովանավորչություն>>,- ասաց Հ.Մուսայելյանը: Այս առումով նա շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության Նախագահին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար:
<<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ-ի կողմից հատկացված 28 միլիոն դրամի աջակցության շնորհիվ համաձայնագրի շրջանակներում արդի և ուսումնական պահանջներին ու չափանիշներին համապատասխան կկահավորվի և ժամանակակից համակարգչային տեխնիկայով կվերազինվի համալսարանի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը, կփոխհատուցվի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը և հավասարեցված այլ վճարները:
<<ՂՏ>> ՓԲԸ գլխավոր տնօրենը շնորհավորանքի խոսքում հավաստիացրեց, որ միայն այս ծրագրով չպիտի բավարարվեն: Մենք պետք է մտածենք կրթության բնագավառում իրականացնելիք այլ ծրագրերի մասին, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը, ասաց Ռ.Յիրիկյանը: Նրա խոսքերով` որպես ընկերություն <<Ղարաբաղ Տելեկոմը>> միշտ հասկացել ու կիսել է իշխանությունների մտահոգությունը, եղել միշտ պատրաստակամ` ձեռք ձեռքի տալով լուծելու բազմաթիվ ու բազմատեսակ խնդիրները: <<Հիմնադրման օրվանից <<Ղարաբաղ Տելեկոմը>> խրախուսել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նոր հնարավորությունների և նվաճումների ուղի կարող են հարթել Արցախի երիտասարդ սերնդի առջև: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Արցախի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է և մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով աջակցենք այդ ոլորտի աշխուժացմանը>>,- ասաց Ռ.Յիրիկյանը:
Արցախի մայր բուհի ռեկտորը կարևորեց համատեղ ծրագրի իրականացումը, մասնավորապես` <<Կապի միջոցների միկրոէլեկտորնային սխեմաներ և համակարգեր>> մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրական կրթություն տրամադրող ամբիոնի ստեղծումը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Նա շնորհակալություն հայտնեց <<Սինոփսիս Արմենիա>> և <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերություններին` նշելով, որ համալսարանը պատվով կկատարի իր վրա դրված պարտականությունները: Այս առումով ռեկտորն իրազեկեց, որ Ստեփանակերտից երեք հոգի արդեն Երևանում վերապատրաստման դասընթացներ են անցնում` նոր ուսումնական տարվանից ԱրՊՀ-ում դասախոսական աշխատանք վարելու նպատակով: Բուհի մի շարք դասախոսներ` <<Կիրառական մաթեմատիկա>>, <<Ընդհանուր և կիրառական ֆիզիկա>> ամբիոններից, հնարավորություն կունենան նույնպես դասավանդելու: Ներկա պահին, ասաց մայր բուհի ղեկավարը, հստակեցվում է 15 հոգուց բաղկացած խմբի ցուցակը` նոր մասնագիտության ձեռքբերման համար: Համալսարանը հատկացրել է լսարան` 42 քառ. մետր տարածքով, որը սպասում է շինարար-վարպետներին:
Նշանակալից իրադարձության առիթով կողմերին և մյուս ներկաներին շնորհավորեց Նախագահ Բակո Սահակյանը: Երկրի ղեկավարը կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը` հանրապետության բոլոր բնագավառներում: <<Մենք թևակոխել ենք մի շրջան, որտեղ հնարավոր չէ ապահովել երկրի ինքնաբավ և երկարաժամկետ զարգացումը` առանց ՏՀՏ ոլորտի>>,- ասաց Բակո Սահակյանը: Նախագահը շնորհակալություն հայտնեց <<Սինոփսիս Արմենիա>> և <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերությունների ղեկավարներին` կարճ ժամկետում Արցախի իշխանությունների խնդրանքին արձագանքելու համար, նշելով, որ համաձայնագիրը հիմք կհանդիսանա երկրի հասարակական կյանքի ճիշտ կառուցման և համաշխարհային տնտեսությանն արագ ինտեգրվելու համար:
Վերջում Համաձայնագրի կողմերի ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին: