Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը  Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետ համատեղ բուհում  կազմակերպել է «Արցախի Հանրապետության աշխատանքի շուկայի զարգացման միտումներն ու հիմնախնդիրները» թեմայով միջոցառում: Վիճակագրության ծառայությունը ներկայացրել է 2021 թվականի աշխատանքի հետազոտության արդյունքները:

ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը  միջոցառումը  կարևորել է որպես բուհ-գործատու համագործակցության, ինչպես նաև  մասնագիտական թեմատիկ քննարկման լավագույն հարթակ լինելու տեսանկյուններից:

«Պետական կառավարման մարմինն իր  աշխատանքի շնորհանդեսն է իրականացնում, և մեր գիտակրթական համակարգը, մեր մայր բուհն իր գիտական վերլուծություններով ամբողջացնում է պատկերը: Արդեն երկրորդ զեկույցն է, որ մենք հրապարակում ենք, առաջինը հրապարակվել է նախորդ տարի, և 2020 թվականից մենք աշխատանքի շուկայում առանձին ընտրանքային հետազոտություն ենք իրականացնում, դա աշխատուժի ընտրանքային հետազոտությունն է: Սա միջազգայնորեն ընդունված գրեթե միակ աղբյուրն է, և ընդունված մեթոդաբանություն է աշխատանքի շուկայի  վերաբերյալ տվյալներ հավաքագրելու առումով: Այս զեկույցի վրա մենք աշխատել ենք երկու տարի՝ 2021 թվականին բոլոր ամիսներին դաշտային աշխատանքներ են իրականացվել: 2021 թվականի մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ մենք աշխատել ենք տվյալները ընդհանրացնեու, ամփոփելու, նաև անգլերեն լեզվով թարգմանելու համար»,-ասել է Մ. Մինասյանը՝  համոզմունք հայտնելով, որ նման միջոցառումները պետք է զարգացնել և արդյունքները ապագայում, իհարկե, տեսանելի կլինեն:

Հետազոտության նպատակը տնային տնտեսություններում որոշակի ընտրանքով ընտրված վիճակագրական ուսումնասիրությունն էր, որի ընթացքում բնակչության անմիջական հարցումներով ստացվել է զբաղվածության ոլորտին վերաբերող շատ տվյալներ: ԱՎԾ նախագահի խոսքով՝ հետազոտությունը իրականացվել է միջազգային մեթոդաբանության համապատասխան, ինչը հնարավորություն է տալիս նաև ապահովելու ցուցանիշների միջազգային համադրելիությունը:

Միջոցառմանը զեկուցումներով հանդես են եկել ԱՎԾ աշխատակիցները, ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ և դասախոս: Ծավալվել է թեմատիկ քննարկում: