Արցախի պետական համալսարան

ԱՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրվան ընդառաջ Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մայր բուհի «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող 2֊րդ կուրսի մի խումբ ուսանողներ այցելել են Ստեփանակերտի N 8 ավագ դպրոց և 8-9-րդ դասարանների աշակերտներին ներկայացրել Սահմանադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը, հիմնական դրույթները։

Իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթևիկ Գևորգյանի խոսքով՝ արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության նպատակն աշակերտների շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է, իրավական մշակույթ ձևավորելը, որը հետագայում մեծ դեր է ունենալու ինչպես յուրաքանչյուրի կյանքում, այնպես էլ իրավական պետության ձևավորման և կայացման հարցում։
Պատասխանատուները հավաստիացնում են, որ բուհ-դպրոց համագործակցության շրջանակում նման միջոցառումները շարունակական կլինեն։