Արցախի պետական համալսարան

Այսօր Արցախյան առաջին պատերազմում անմահացած, ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող, բանաստեղծ հերոսամարտիկ Կոմիտաս Հակոբյանի ծննդյան օրն է. հավերժ փառք և խոնարհում: Ձեր սխրանքն անմահ է, Ձեր անունը՝ մեր սրտերում...

Կոմիտաս Հակոբյանը ծնվել է 1972 թվականի հունիսի 1-ին Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում մտավորականի ընտանիքում։ 1989 թվականին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի բանասիրական ֆակուլտետում։ Մինչև կանոնավոր բանակի կազմակերպումը Կ. Հակոբյանը կամավոր մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք մարտերի: 1992-1994 թվականներին ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կազմում որպես գումարտակի հրամանատարի տեղակալ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ազատագրական մարտերին։ Հերոսաբար զոհվել է 1994 թվականի մայիսի 5-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի պաշտպանության ժամանակ 22 տարեկան հասակում։ Հեղինակ է Արցախյան ազատամարտին նվիրված «Գոյության պատրանք» (Երևան, 1993) և «Նվիրում» (Երևան, 1997) բանաստեղծական ժողովածուների։ Ստեղծագործության հիմնական թեման սերն է, հայրենիքը, մարտնչող զինվորի հոգու հզորությունը։ Կոմիտաս Հակոբյանի մարմինն ամփոփված է հայրենի Քերթ գյուղում։ 2003 թվականին Կոմիտաս Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Մեր ընթերցողներին ենք ներկայացնում անմահ հերոս Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործություններից.
ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
Արևածագին խաղաղ էր օրը,
Ջերմ էին շնչում շնչավորները արևածագին,
Իսկ իրիկնացող օրվա անդորրը
Հեղեղվեց հեղձուկ հոտով վառոդի:
Մռայլվեց օրը ու փնչաց դաժան,
Ռումբ ու հրթիռներ պայթեցին ահեղ,
Դիրքերում տղերքն իրարով անցան,
Սև ծխի որոտ՝ աղաղակի մեջ:
Մարտն ընթանում է Դավալու խութում՝
Արյուն ու քրտինք խառնելով իրար.
Տղերքը մահվան սարսափ–երախում
Հերոսանում են՝ ի սեր հայրենյաց:
– Տղերք, պինդ կացեք, եղեք անսասան,
Մեկը՝ քսանին, հարյուրին ի դեմ…
Հրամանատարը ոգի է տալիս,
Տղերքն աներեր դիմակայում են…
Իրիկնանում էր: Ու մարտադաշտում
Ծխում են խփված հրասայլերը,
Վանք իմ, թշնամուն ի տես կարկառվիր,
Որ ննջեն հաղթած նահատակներդ:
***
Արցունքներիդ նման
Կսայթաքի ժամանակը, մայրիկ,
Ու կհասունանան սպասումներդ:
Բայց ես նորից մանուկ,
Նորից այնպես անհոգ
Կդնեմ գլուխս ծնկներիդ
Եվ կասեմ.
-Մամ, պատմիր
Այն հեքիաթը կրկին,
Երբ չարքերը թաքուն
Տանում են փոքրիկին:
Ու կշոյես, մայրի՛կ,
Մազերն իմ նորից
Եվ կասես.
-Լսիր, լինում է, չի լինում…
Ու ես նորից մանուկ,
Նորից այնպես անհոգ,
Լաց կլինեմ կրկին
Եվ կասեմ.
— Մամ, այսօր ինձ հետ քնիր։
***
Աչքերիս մեջ` անձրև։
Արև` իմ աչքերում։
Շփոթվել է ժամանակը։
Շփոթվել է այնպես, ինչպես
Եղանակը իմ աչքերում։
…Ես կռվում եմ,
Ու կը-րա-կում եմ չափածո.
Տեղը պահում հանգն ու վանկը:
Տեր իմ Աստված,
Այս ի՞նչ եղավ.
Շփոթվել են իմ գրիչն ու ավտոմատը:
ԳՐՈՀ
Բոլոր տեսակի հրանոթներով՝
Ճերմակ բլրին, երկուական զարկ:
Ծանր սոսկումով արկեր են սուրում,
Ու հետևակը շարժվում է առաջ:
Գրոհի ժամին՝ տղերք, անվարան,
Գոյատենչ հողը նեցուկ ձեր բազկին,
Ճերմակ բլրին՝ անընդմեջ կրակ,
Օրհասն է ապրում արդեն թշնամին:
…Ահա վերելքի տատասկոտ ճամփան
Հորիզոնի հետ հատվում է այստեղ,
Ու երկնքին մերձ, բարձրության վրա,
Զինվորի ոգին ճախրում է արդեն:
***
…Սև անգղերը շանթահարում են
քո կապույտ լռությունը,
դարավերջի արկ ու հրթիռները
քրքրում են քեզ.
Բայց, երկիր իմ,
խրամատում համառ է զինվորդ։
ԱԶԱՏԱՄԱՐՏ
Տանկերը հռնդում են
Բիրտ կուսակցությունների
Մեղքերը քավելու համար:
Հայ կարոտ ձեռքը
Կիսալուսնաձև կեռերն է ջնջում
Հայոց հայատառ-հայ-խաչքարերից: