Արցախի պետական համալսարան
Հունիսի 1-ին ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում կազմակերպվել է 2022-2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը։
Բակալավրիատի և մագիստրատուրայի 71 շրջանավարտ է թողարկում տնտեսագիտության ֆակուլտետը։
Համալսարանականները, նախքան արարողության մեկնարկը, ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթանքի խոսք են ասել ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը, տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Դավիթ Աղաջանյանը, ուսանողական խորհրդի նախագահ Մարիամ Վահանյանը։
«Մենք հպարտանում ենք մեր այն շրջանավարտներով, ովքեր իրենց գիտելիքները ծառայեցնում են մեր պետականաշինությանը տարբեր ոլորտներում։ Մաղթում եմ, որ դուք էլ ձեր գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ Արցախի և Արցախի լինելության։ Մենք պարտք ունենք մեր անմահացած տղաների հիշատակի առջև՝ ամեն ինչ անել, որ ապրի Արցախը»,-ասել է Ռուզաննա Մանգասարյանը։
Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ(ըստ ոլորտի)» մասնագիտության շրջանավարտ Քրիստինե Կարապետյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ ԱրՊՀ շրջանավարտ լինելը պատիվ է և պարտավորեցնող. «Բակալավրիատի ուսանողներս մեզ հետ տանում ենք 4 տարիների ընթացքում կուտակած գիտելիք, փորձ, ամենաբարի խորհուրդներ և ամենակարևորը՝ մարդկային ամենաջերմ հարաբերություններ։ Անչափ շնորհակալ ենք մեր ուսումնառության ընթացքին աջակից բոլոր մարդկանց՝ ի դեմս ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի»։