Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանում շարունակվում են դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունները՝ ըստ ֆակուլտետների: Հերթականն այսօր բանասիրական ֆակուլտետում էր:
2022-2023 ուստարում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 140 շրջանավարտ, որից 24-ը՝ գերազանցության վկայագրերով:
Արարողությունը մեկնարկել է հարգանքի տուրքով՝ ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:
Շրջանավարտներին դիպլոմները հանդիսավոր շնորհել, շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք են հղել ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, դեկան Լուսինե Մարգարյանը, ամբիոնների վարիչներ և ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնաժողովների նախագահները:
Պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ ուսումնական տարին բարդ էր՝ լի դժվարություններով, որը կապված էր Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող քաղաքականությամբ: Շրջափակումը և դրա հետևանքով ստեղծված խնդիրները հաղթահարելով՝ համալսարանականները կարողացել են ուսումնական տարվա նախաշեմին հաստատված ուսումնական պլանների համաձայն իրականացնել ուսումնական գործընթացը:
«Խորհրդանշական է, որ դիպլոմների շնորհման արարողությունն իրականացնում ենք զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Մեր անմահ տղաների սխրանքը պետք է ուղենիշ և օրինակ լինի բոորիս համար, այն է՝ պայքարել հանուն հայրենիքի և Արցախի լինելության: Մաղթում եմ, որ մեր շրջանավարտները ապրեն, արարեն Արցախում և իրենց ստացած գիտելիքները ծառայեցնեն ի նպաստ հայրենիքի շենացման»,-նշել է Վ. Ավանեսյանը:
Մագիստրատուրայի շրջանավարտ Տաթև Մխիթարյանն ասում է, որ կարոտելու և լուսավոր հուշերով է հիշելու ԱրՊՀ-ն, քանի որ ուսանողական կյանքը լի էր հետաքրքիր ու վառ տպավորություններով, իրադարձություններով:
 
«Շնորհակալություն եմ հայտնում Արցախի պետական համալսարանին, մեր պրոֆեսորադասախոսական կազմին մեզ տված գիտելիքների համար: Խոստանում եմ միշտ բարձր պահել Արցախի մայր բուհի անունն ու պատիվը և կաշխատեմ գիտելիքներս ծառայեցնել մեր երկրի զարգացման ու բարօրության համար»,-նշել է Տաթև Մխիթարյանը: