Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետում օրը նշանավորվեց շրջանավարտներին դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությամբ:
2022-2023 ուստարում ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 144 շրջանավարտ, որից 29-ը՝ գերազանցության վկայագրերով:
Նախքան արարողության մեկնարկը՝ համալսարանականները ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Շրջանավարտներին դիպլոմները հանդիսավոր շնորհել, շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք են հղել ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, դեկան Վոլոդյա Միրզոյանը, ամբիոնների վարիչներ:
Պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, կարևորելով պահանջարկ ունեցող մասնագետ դառնալու հանգամանքը, ընդգծել է նաև կյանքում լավ մարդ լինելու անհրաժեշտությունը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ նա հորդորել է լավ մասնագետ լինելուց բացի, լինել լավ մարդ:
Դեկան Վոլոդյա Միրզոյանը, շնորհավորելով շրջանավարտներին, շնորհակալություն է հայտնել նրանց ծնողներին ու դասավանդած դասախոսներին:
«Ձեզնից շատերը ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանությանը, և այսօր էլ շարունակում եք: Վստահ եմ, որ դուք բարձր կպահեք Արցախի պետական համալսարանի հեղինակությունը: Մաղթում եմ բոլորիդ, որ ձեր ստացած գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ հայրենիքի և ձեր կապը մշտապես պահեք համալսարանի հետ: Համոզված եղեք, այստեղ ձեզ սիրում ենք, կսպասենք որպես գործընկեր»,-նշել է Վոլոդյա Միրզոյանը՝ դիմելով շրջանավարտներին:
«Արցախի պատմության այս դժվարին օրերին ԱրՊՀ-ն մեր տունն ու օջախն էր: Մեր ձեռքբերումների համար պարտական ենք այս կրթօջախին։ Շնորհակալ ենք մեզ կրթած և մասնագիտական մեծ ներդրում ու աջակցություն ցուցաբերած դասախոսներին։ Երախտագիտության խոսքեր ասելիս ընդգծենք սահմանին կանգնած զինվորների ու սպաների դերը, նրանց անկոտրում կամքի, խիզախության, անձնազոհության շնորհիվ մենք այստեղ ենք, խոնարհվում ենք նրանց առջև։ Շարունակելու ենք ապրել, սովորել ու սովորեցնել, ստեղծագործել ու արարել Արցախում և հանուն Արցախի, մեր ունեցած գիտելիքները պետք է ծառայեցնենք հանուն մեկ նպատակի՝ ազատ ու անկախ Արցախ ունենալուն»,-շրջանավարտների անունից շնորհակալական խոսք է ասել շրջանավարտ Ռուզաննա Սահակյանը: