Արցախի պետական համալսարան
Հունիսի 6-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել պատմության և իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը:
2022-2023 ուստարում ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 99 շրջանավարտ, որից 23-ը՝ գերազանցության վկայագրերով:
Ավանդույթի համաձայն՝ համալսարանականները նախ ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի անմահացած քաջորդիների հիշատակին:
Շրջանավարտներին դիպլոմները հանդիսավոր շնորհել, շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք են հղել ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, դեկան Արմինե Առստամյանը և ամբիոնների վարիչները:
Պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ ուսումնական տարին թեև դժվարություններով լի էր, այնուամենայնիվ ԱրՊՀ դասախոսներն ու ուսանողները համատեղ ջանքերով կարողացան իրենց առջև դրված խնդիրները պատվով լուծել:
«Հիշարժան օր է բոլորիս համար: Այսօր դուք վերջապես ձեռք եք բերում ձեր մասնագիտությունը փաստող դիպլոմը: Թող խաղաղ պայմաններում կարողանաք իրացնել ձեր մասնագիտական գիտելիքները: Թող ձեր ստացած գիտելիքները ի սպաս դրվեն մեր հայրենիքի շենացմանը»,-շնորհավորելով շրջանավարտներին՝ նշել է դեկան Արմինե Առստամյանը:
Կերպարվեստի և գծագրության ամբիոնի վարիչ, ԼՂՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Լավրենտ Ղալայանի խոսքով՝ ուսանողների հետ այս տարիներին համատեղ աշխատանքի արդյունքում դարձել են մի ընտանիք, բաժանման պահը և՛ հպարտության տեղիք է տալիս, և՛ տխրելու: «Որտեղ էլ լինեք, ինչ ոլորտում էլ աշխատեք, շարունակեք անպայման մի ձեռքը պահել արվեստի ոլորտում և ստեղծագործե՛ք՝ ձեր գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելով հայրենիքին»,-նշել է Լավրենտ Ղալայանը:
«30 տարի առաջ այս հուշակոթողը չկար, և մեր տղաները մեզ հետ կողք կողքի կանգնած էին: Այսօր նրանք հուշարձան դարձած են մեզ հետևում և անխոս պատգամում շարունակել իրենց կիսատ թողած գործը: Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ձեր գիտելիքները ծառայեցնել ի նպաստ հայրենիքի: Այս տղաներից շատերն իրենց դիպլոմները ստացան հետմահու, հանուն հայրենիքի անմահացան և չհասցրին ավարտել բուհը: Նրանց շնորհիվ է, որ այսօր Արցախը կա, և սերունդները վայելում են այս հիշարժան ու երջանիկ պահը՝ Արցախի մայր բուհի ավարտական վկայական ստանալը »,-շրջանավարտներին շնորհավորել է պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Նունե Սարումյանը:
«Ես մաղթում եմ Ձեզ, որ լավ մասնագետներ դառնաք, կյանքում լինեք երջանիկ և ապրեք ու արարեք Արցախում»,-նշել է իրավունքի ամբիոնի վարիչ Տաթև Գևորգյանը:
«Իրավագիտություն» կրթական ծրագրի շրջանավարտ Սերգեյ Խաչատրյանն ասում է՝ ակնթարթի պես թռավ ուսանողական կյանքի չորս տարին. «Շնորհակալություն եմ հայտնում Արցախի պետական համալսարանին, մեր պրոֆեսորադասախոսական կազմին մեզ տված գիտելիքների համար: Նրանք առավելագույնն են արել,որպեսզի մեր ուսումնառությունը կազմակերպվի բարձր մակարդակով: Ուսանողական տարիներից վառ ու անմոռանալի են տպավորություններս: Չեմ ուզում բաժանվել ԱրՊՀ-ից: Ուսումս կշարունակեմ այստեղ նաև մագիստրատուրայում»: