Արցախի պետական համալսարան
Հունիսի 6-ը նշվում է որպես ռուսաց լեզվի միջազգային օր: Օրվա առթիվ ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ու ԼՂՀ ռուսական համայնքի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Արցախի բուհերում ռուսաց լեզվի դասավանդման հիմնախնդիրներին:
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, ԼՂՀ ռուսական համայնքից, Արցախում գործող բուհերում ռուսաց լեզու և գրականություն դասավանդող դասախոսներ, դպրոցների ուսուցիչներ:
Քննարկվել են ռուսաց լեզվի դասավանդման մակարդակի շարունակական բարձրացմանը, դասախոսների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, վերջին տարիներին «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ դիմորդների թվի նվազմանը, շրջանավարտների զբաղվածությանը և հարակից այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Քննարկման արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, նախանշվել անելիքներ՝ ընդգծելով ռուսաց լեզվի՝ որպես Արցախի Հանրապետության երկրորդ պաշտոնական լեզվի դասավանդման որակի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը:
Ռուսաց լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնին ԱՀ նախագահի աշխատակազմի կողմից շնորհվել է շնորհակալագիր՝ Արցախում ռուսաց լեզվի և գրականության պահպանման և զարգացման, հայ և ռուս ազգային մշակույթների ինտեգրման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: