Արցախի պետական համալսարան
2022-2023 ուստարում ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 85 շրջանավարտ, որից 17-ը՝ գերազանցության վկայագրերով:
Արարողությունը մեկնարկել է հարգանքի տուրքով՝ ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:
Շրջանավարտներին դիպլոմները հանդիսավոր շնորհել, շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք են հղել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ Վիտյա Յարամիշյանը, դեկանի պաշտոնակատար Սուսաննա Հայրապետյանը, ամբիոնների վարիչներ:
Պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, իր և բուհի ղեկավարության անունից շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ այս տարիներին համալսարանն արել է հնարավորը՝ որակյալ, աշխատաշուկայի պահանջները բավարարող և մրցունակ մասնագետներ պատրաստելու համար. «Մաղթում եմ, որ ձեր վկայականները կյանքում հնարավորություն ընձեռեն բացելու բոլոր փակ դռները»:
«Դիպլոմների շնորհման արարողությունն իրականացնելով այս խորհրդանշական վայրում՝ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, պարտավորեցնող խորհուրդ ունի՝ ապրել հայրենիքում և ստացած գիտելիքներով նպաստել հայրենիքի բարօրությանը»,-շնորհավորելով ուսանողներին՝ նշել է Սուսաննա Հայրապետյանը:
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Էլլադա Բաղդասարյանը, շնորհավորելով շրջանավարտներին, հորդորել է նրանց՝ ապագա մանկավարժներին, լինել ազգային արժեհամակարգ կրող և այն աճող սերունդների մեջ սերմանող ու ամրապնդող մասնագետներ:
Մագիստրատուրայի շրջանավարտ Ալիսիա Դադայանը, շնորհակալական զգացումով է հրաժեշտ տալիս մայր բուհին՝ անկեղծանալով. «Շրջափակված Արցախում այսօր մեզ համար այլ են տրամադրությունները, գույները՝ վառ, զգացողությունները՝ աննկարագրելի, տպավորությունները՝ անմոռանալի...Ցանկացած ավարտ նորի սկիզբ է, և թող այդ սկիզբը ազատ, անկախ Արցախ ունենալու ուղու նախաշեմը լինի։ Այս պայմաններում սովորելը, ավարտելը, նպատակներ, երազանքներ ունենալը, աշխատելը փաստում են, որ մենք չենք հանձնվում, պայքարում ենք և պետք է պայքարենք մինչև վերջին շունչը, որովհետև Արցախը մեր հայրենիքն է, մեր բնօրրանը»: