Արցախի պետական համալսարան

Ապրիլի 18-20-ը Մոսկվայում` Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում կայացավ <<Բարձրագույն դպրոց. փորձ, հեռանկարային խնդիրներ>> թեմայով 6-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որին հրավիրվել և մասնակցել են Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և ԱրՊՀ դասախոս, նախկին ռեկտոր Համլետ Գրիգորյանը:

Կոնֆերանսի կազմակերպիչներն էին ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը,  Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Բարձրագույն դպրոցի գիտության միջազգային ակադեմիան և Մանկավարժական կրթության գիտության միջազգային ակադեմիան:   
Նշենք, որ Արցախի պատվիրակությունը ջերմ ընդունելության է արժանացել կոնֆերանսի մասնակիցների կողմից: Պլենար նիստին ելույթներով հանդես են եկել Ստեփան Դադայանն ու Համլետ Գրիգորյանը: Ռեկտոր Ստեփան Դադայանի զեկուցման թեման հետևյալն էր. <<ԱրՊՀ-ն զարգացման ուղիների փնտրտուքներում` ժամանակակից մարտահրավերների պայմաններում>>: Ի դեպ, Ստեփան Դադայանը մասնակցել է նաև նախորդ` 5-րդ և 4-րդ կոնֆերանսներին:
Իր ելույթում Ս.Դադայանը մասնավորապես նշել է, որ ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպվում է համաձայն Բոլոնյան համակարգի: Գիտության բնագավառում աշխատող մասնագետների ճնշող մեծամասնությունը, որն ունի գիտական աստիճան, ԱրՊՀ դասախոսներ են: Համալսարանի գիտնականներն աշխատում են պետության կողմից ֆինանսավորվող նպատակային գիտական թեմաների վրա: Ստացված գիտական արդյունքները զուգահեռաբար ներդրվում են ուսումնական գործընթացում, ինչը ուսանողների` գիտության և ստեղծագործական մտքի հետ շփվելու ձևերից մեկն է հանդիսանում: Արցախի մայր բուհի ղեկավարը կոնֆերանսի մասնակիցներին իրազեկել է, որ ԱրՊՀ-ում իրականացվում է երկրի համար գիտական ու կադրային ներուժի ինտեգրման և լիարժեք օգտագործման գիտակցված ծրագիր:
<<Այսօր ԱրՊՀ-ում կենտրոնացված է հանրապետության հիմնական ինտելեկտուալ ներուժը` ընդունակ լուծելու ինչպես կրթության, գիտության և մշակութային հիմնախնդիրները, այնպես էլ ակտիվորեն մասնակցելու երկրի քաղաքական կյանքին` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կայացմանը>>,- հավելել է Ստեփան Դադայանը:
Պլենար նիստից հետո կոնֆերանսն իր աշխատանքները շարունակեց առանձին բաժանմունքներում, որոնցից մեկում` ռուսական բանասիրության ֆակուլտետում զեկուցումով հանդես եկավ ռեկտոր Ստեփան Դադայանը: Նա խոսեց ոչ միայն Արցախի պետական համալսարանի ու նրա զարգացման խնդիրների մասին, այլև հանգամանալից ներկայացրեց Ղարաբաղյան շարժման նախապատմությունը, նրա շարժառիթները: Ս.Դադայանը գոհունակությամբ նշեց, որ լսարանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել մեր երկրամասի հանդեպ: Ներկաների մեծ մասը` հատկապես պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես ասաց ԱրՊՀ ղեկավարը, քաջատեղյակ էր Ղարաբաղի ու նրա հայորդիների կատարած սխրագործությունների մասին: Նրանցից մի քանիսն իրենց ելութներում նշել են, որ Ղարաբաղը քաջերի, մեծ գիտնականների և զորավարների երկրամաս է: Որպես հավելում ասվածի` ԱրՊՀ ռեկտորը լսարանին բաժանել է Արցախի մասին պատմող գունավոր բուկլետները:   
Այցը, սակայն, միայն կոնֆերանսին մասնակցությամբ չի ավարտվել: Արցախի մայր բուհի պատվիրակությունը եղել է նաև ՌԴ Սարատով քաղաքի պետական համալսարանում (ի դեպ, այս բուհն է ավարտել ռեկտոր Ստեփան Դադայանը): Գիտահետազոտական, ուսումնադաստիարակչական և հասարակական-մշակութային գործունեության մեջ երկկողմանի համագործակցության զարգացման նպատակով երկու համալսարանների միջև ստորագրվել է համաձայնագիր, ինչը ենթադրում է մասնավորապես գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքների, հրապարակումների, ուսումնական նյութերի փոխանակում, առաջնային տեխնոլոգիաների և ուսուցման մեթոդների ներդրման փորձի փոխանակում, գիտական կադրերի պատրաստման մեջ փոխադարձ օգնության ցուցաբերում, ուսանողների և դասախոսների փոխանակում և այլն: Արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մոտ ապագայում նման համաձայնագիր կստորագրվի նաև Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հետ:
Նույն օրը Արցախի պատվիրակները հանդիպում են ունեցել Սարատովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել հայապահպանությանը նվիրված հարցեր:
Նման այցերը, ինչպես ասաց ռեկտոր Ստեփան Դադայանը, նոր հեռանկարներ են բացում Արցախի մայր բուհի առաջ: