Արցախի պետական համալսարան

DSC00435                               DSC00433

<<Հայ համայնքը` հայ ուսանողությանը>> հիմնադրամը հիմնադրվել է որպես հասարակական կազմակերպություն և բարեգործական ծրագրեր է իրականացնում կրթության, գիտության, մշակութային և այլ բնագավառներում: Հիմնադրամի առանցքային ծրագիրն անվանական կրթաթոշակների հատկացումն է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին:

Հիմնադրամի հովանավորներ են հանդիսանում իրենց գիտական և մասնագիտական գործունեությունում բացառիկ հաջողությունների հասած մեր հայրենակիցները և ընտրած բիզնեսում առաջատար հանդիսացող իրավաբանական անձինք: Անվանական թոշակների տրամադրման հետ մեկտեղ` հիմնադրամի հովանավորներն ակտիվ մասնակցություն են բերում ապագա մասնագետների կայացմանը և նրանց մասնագիտական աճին` աջակցելով նրանց մասնակցությանը համաժողովներին, մրցույթներին, վերապատրաստմանը և պրակտիկային:
Հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրի հերթական հասցեն Արցախի մայր բուհն էր: Ապրիլի 29-ին հյուրընկալվելով ԱրՊՀ-ում, հովանավորները` հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Ենգիբարյանի գլխավորությամբ, գիտական նիստերի դահլիճում հանդիպում ունեցան պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական ակտիվի հետ:
Ողջունելով հյուրերին` ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը շնորհակալություն հայտնեց բարերարներին` Արցախի կրթական հաստատության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: <<Արցախցին լավ գիտի ուսման հարգը: Հայրենիքի համար վտանգի պահին մայր բուհի հարյուրավոր ուսանողներ գրիչը փոխարինեցին զենքով, իսկ նրանցից 72-ը նահատակվեցին հանուն ազատ ու անկախ Հայրենիքի>>,- ասաց Ստեփան Դադայանը:
Իր խոսքում Ռոբերտ Ենգիբարյանը, չթաքցնելով հիացմունքը, գոհունակություն հայտնեց Արցախում գտնվելու համար: Խոսելով անվանական կրթաթոշակների տրման կարգի մասին, նա նշեց, որ դրանք տրամադրվում են 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներին, ովքեր ակնառու ընդունակություններ են ցուցաբերել ուսումնական և գիտական գործունեության մեջ` ինչպես ընդհանուր ուսումնառության ընթացքում, այնպես էլ առանձին առարկաների գծով: Անվանական թոշակառուների թեկնածությունները, համաձայն հոգաբարձուների կողմից հաստատված հատուկ անվանական կրթաթոշակների մասին դրույթների, առաջադրվում են ֆակուլտետների դեկանատների և ուսանողական խորհուրդների կողմից: Անվանական կրթաթոշակներ տրամադրելու մասին որոշումը, համաձայն բուհում ընդունված կարգի, ընդունում է ռեկտորատը կամ գիտական խորհուրդը:
Համաձայն գործող կարգի` ԱրՊՀ ֆիզիկամաթեմատիկական և տնտեսաիրավաբանական ֆակուլտետների յոթ ուսանողների` Անուշ Դոլուխանյանին, Սերինե Յարամիշյանին, Դիանա Զաքարյանին, Հարություն Սահակյանին, Եվգենյա Հակոբյանին, Անուշ Դանիելյանին և Էլզա Ղալայանին անվանական կրթաթոշակների տրամադրման սերտիֆիկատներ հանձնվեցին: Այսուհետ ամեն ամիս նրանցից յուրաքանչյուրի հաշվեհամարին կփոխանցվի 20- հազարական դրամ: Ինչպես հավաստիացրին հովանավորները, դա շարունակական բնույթ կունենա` մինչև նրանց բուհական և հետբուհական կրթությունն ավարտելը: Այդ ուսանողները պարտավոր են շարունակել լավ սովորել, հակառակ դեպքում կզրկվեն տրամադրվող գումարից:
Բարերարներ Արտավազդ Յախշիբեկյանը, Մնացական Գասպարյանն ու Գագիկ Սարգսյանը  իրենց ելույթներում` խրատի կարգով, ուսանողներին հորդորեցին գիտության բարձունքների նվաճման ճանապարհին երբեք չբավարարվել ձեռք բերածով, մշտապես ձգտել հասնել առավելագույնին, քանզի դա են պահանջում ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները` լինել պահանջված և  մրցունակ: 

DSC00415