ԱՃՈՂ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՍԵՐՏԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՍՏԵՂԾԱԾ ԴԱՍԵՐԸ

07.05

2013

       DSC00493              DSC00494

ԱրՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Մայիսյան եռատոնի կապակցությամբ,ստեղծված ավանդույթի համաձայն, Արցախի պետական համալսարանում մայիսի 6-ին արիության դաս անցկացրին ԼՂՀ պաշտպանության նախարար,Պաշտպանության բանակի հրամանատար,գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

Ավանդույթի համաձայն հյուրերը նախ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան գոյամարտում զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին:
Բացման իր խոսքում ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը շնորհավորելով ներկաներին Մայիսյան տոների կապակցությամբ` կարևորեց դրանցից յուրաքանչյուրի դերը հայ ժողովրդի կյանքում:
Պաշտպանութան նախարարն իր ելույթում անդրադարձավ հայ ազգի պատմության ամենահիշարժան դրվագներին` յուրօրինակ էքսկուրս կատարելով Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի ունեցած ավանդից մինչև ներկա ռազմաքաղաքական իրադարձություններ:<<Հայ ժողովրդի պատմության մեջ մայիս ամիսն առանձնացնում ենք իբրև մաքառման, հերոսացման ու հաղթանակների ամիս,- այսպես սկսեց արիության դասը գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:-Մայիսի 9-ը մեզ համար եռակի խորհուրդ ունի. նշում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի օրը, այլև Շուշիի փառավոր ազատագրման հերթական տարեդարձը:Քսանմեկ տարի առաջ այս օրերին խրամատներում էր գրվում Հայոց նորօրյա սխրանքների պատմությունը:Մեզ պարտադրված պատերազմում ապացուցեինք, որ պատրաստ ենք նաև զենքով պաշտպանել մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը: 1992թ.Մայիսի 9-ին իրենց հերոս պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին քաջ հայորդիները` բազմապատկելով հայոց զենքի փառքն ու պատիվը>>: Ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերով` Շուշիի ազատագրմամբ վերստին նոր դռներ բացվեցին մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, արարման ու երկրի շենացման համար:Այս հաղթանակը ևս հայ ժողովուրդը նվաճեց մեծագույն զոհողությունների գնով, ինչն անհնար է ջնջել մեր հիշողությունից:
Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ներկայացրեց դրա անհրաժեշտության օբյեկտիվ պատճառները: <<Ադրբեջանի կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից Շուշին իր բարձր դիրքի շնորհիվ հակառակորդի համար դարձել էր ռազմական հենակետ, որտեղից մշտապես հրետակոծվում էին մայրաքաղաքաք Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը:Համակերպվել իրավիճակի հետ` նշանակում էր ստույգ կործանման դատապարտել ոչ միայն Ստեփանակերտն ու հարակից գյուղերը, այլև Արցախն ամբողջությամբ:Ահա թե ինչու հրատապ էր Շուշիի ռազմագործողությունը, որը հաջողությամբ պսակվեց Մայիսի 9-ին>>:
Պաշտպանության նախարարը հերթով անդրադարձավ նաև մյուս ռազմագործողություններին: <<Շուշիի փառապանծ հաղթանակին հետևեցին Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի բացումը, Արցախի անվտանգության գոտու ստեղծումը:Շուշին դարձավ պատվար` հայկական զինուժի հետագա հաջողությունների համար: Շուշիի ազատագրումով հայ զինվորը հասկացավ իր բազկի ուժն ու ռազմական հնարամտության սահմանը: ԼՂ շատ բնակավայրերի ազատագրում հենց Շուշիի արդյունքն է:Աճող սերունդը պետք է լավ սերտի պաշտպանության բանակի ստեղծած դասերը>>,- ասաց Մովսես Հակոբյանը` պարզաբանելով, թե ինչու է նրա ստեղծման օր համարվում Շուշիի ազատագրման օրը:
Այնուհետև Պաշտպանության բանակի հրամանատարն անդրադարձավ հետպատերազմյա տարիներին Արցախի զինված ուժերի ձեռքբերումներին, բանակաշինության գործընթացին:<<ԼՂՀ ՊԲ-ն այն բանակներից է, որ զինադադարի կնքումից հետո իր սուրը պատյան չդրեց, այլ եղածին նոր սրեր ավելացրեց, քանզի վերջնական հաղթանակի հասնելու համար անելիք դեռ ունի:Ըստ այդմ` եղած ստորաբաժանումների քանակը ոչ թե նվազեց, այլ ավելացավ և այսպես շարունակ օրեցօր հզորանում ու կատարելագործվում է մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այսօր ԼՂՀ պաշտպանության բանակն ի զորու է ոչ միայն արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության, այլև պատերազմի վերսկսման դեպքում մարտը տեղափոխել Ադրբեջանի տարածք:Թշնամին պետք է հասկանա, որ ԼՂՀ-ի հետ ռազմական սպառնալիքներով խոսելն անիմաստ է>>,- ասաց ՊԲ հրամանատարը:
Իր ելույթում ԼՂՀ ԿԳ նախարարը խոսեց Արցախյան պատերազմի տարիներին համակարգի գործունեության մասին:<<Հանրապետության կրթօջախներում չեն դադարեցվել ուսումնական պարապմունքները: ԱրՊՀ ուսանողները (տղաները) գրիչը փոխարինել են զենքով, բայց մնացել ուսանողության շարքերում: Զինվորական հագուստով` զենքը ձեռքին, նրանք գալիս ու հանձնում էին քննությունները:Ծանր էր իրավիճակը, չկային պայմաններ` բոլոր առումներով: Իսկ այսօրվա ուսանողության համար ստեղծված է ամեն ինչ` սկսած ժամանակակից տեխնոլոգիական միջոցներից, գեղեցիկ կահավորված լսարաններից ու հարմարավետ պայմաններից…Դիմելով երիտասարդությանը` նախարար Սլավա Ասրյանն ասաց.Առկա ձեռքբերումների շարունակողը դուք եք լինելու:Դուք եղածին ավելացնելու բան ունեք, քանզի այս երկրի ծնունդն եք, նրա վաղվա ապագան:Եվ կարևոր է, թե ինչպիսի վերաբերմունք է ձևավորվում ձեր գիտակցության մեջ` պետության ներկայի ու ապագայի հանդեպ:Դաստիարակվեք միայն ազգային գաղափարներով և դա կտանի մեզ դեպի վերջնական հաղթանակ>>:
Ուսանողության անունից շնորհակալություն հայտնելով հյուրերին` ուսանողական վարչության նախագահ Գոհար Ազրյանը նվերներ հանձնեց նախարարներ Մ. Հակոբյանին և Ս. Ասրյանին: