ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԱՐԺԵՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

08.05

2013

       DSC00385          DSC00384         DSC00382

Մայիսի 7-ը Արցախի մայր բուհում նշանավորվեց ինչպես մայիսյան հաղթանակների, այնպես էլ փետրվարյան ձեռքբերումների վերաարժևորումներով. մանկավարժական ֆակուլտետի կերպարվեստի բաժնի ուսանողները տարվա աշխատանքների ցուցահանդես, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը` ներբուհական գիտական ընթերցումներ են կազմակերպել:

Ուսումնական տարվա այս ժամանակահատվածում ԱրՊՀ միջանցքներն ու պատերը յուրահատուկ գույներ են ստանում: Կերպարվեստի բաժնի ուսանողների ցուցահանդեսը նվիրված է Մայիսյան եռատոնին: Այստեղ հիմնականում ներկայացված են ուսանողների մեկ տարվա կատարած աշխատանքները: ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը շնորհավորանքի իր խոսքում նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսները հատկապես կարևոր են նրանով, որ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում քննադատաբար մոտենալ իրենց գործերին:<<Համոզված եմ, որ հաջորդ ցուցահանդեսներին ձեր ներկայացված գործերն ավելի որակյալ ու փայլուն կլինեն>>,- ասաց ռեկտոր Ս. Դադայանը:
<<Յուրաքանչյուր տարի դուք ի մի եք բերում ձեր արած-թողածը, գնալով հասունանում եք: Դուք դա երևի թե զգում եք ինքներդ, քանզի այսօր բավականին ներկայանալի ցուցահանդես է>>,-- ասաց մանկավարժության ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանը:
Նույն օրը համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում անցկացված գիտաժողովը նվիրված էր Արցախյան շարժման 25-ամյակին: Նախաձեռնությունը ԱրՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վահրամ Բալայանինն էր: Նշենք, որ նման գիտաժողովների անցկացումը վերջին տարիներին բուհում ավանդույթ է դարձել: <<Մեր համալսարանում կան բազմաթիվ ամբիոններ, որոնց մասնագետներն ուսումնասիրությունների տարբեր ոլորտներ ունեն, սակայն հնարավորություն չունեն իրենց տեսակետները ներկայացնել թեմատիկ գիտաժողովներում: Ներբուհական ընթերցումների ժամանակ ստեղծվում է այդ հնարավորությունը>>,- ասաց պրոռեկտոր Վ. Բալայանը:
Լիագումար նիստում ներկաները երկու զեկուցում են լսել, որոնցից մեկի` Տիգրանակերտի ամրացված տեղամասի պեղումների հիմնական արդյունքների մասին գիտական ընթերցմամբ հանդես է եկել ԱրՊՀ պատմության ամբիոնի վարիչ Վարդգես Սաֆարյանը: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005 թվականին է հայտնաբերել հայոց արքա Տիգրան Մեծի Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006 թվականից հնագիտական պեղումներ է կատարում այդ տարածքում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշտորեն պարզված է և ենթարկվում է հնագիտական հետազոտության: Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին, կատարվել են հետախուզական պեղումներ: Արդյունքում արշավախմբի մշտական կազմում ընդգրկված Վարդգես Սաֆարյանի հավաստմամբ` Խաչենահովտի էթնոմշակութային դիմագիծը կհաջողվի պարզել: Հետաքրքրական է, որ Ադրբեջանն ուշադրությամբ հետևում է հայկական պատմական այդ հատվածում արվող յուրաքանչյուր բացահայտման և փորձելով խեղաթյուրել փաստերը` մշտապես հայտնվում է զավեշտալի իրավիճակներում: <<Ասում են, որ մենք այդ տարածքները լավ գիտենք, որ դա ոչ թե հայկական Տիգրանակերտն է, այլ աղվանական քաղաք է: Ոմանք էլ ասում են, թե հայերն ընդհանրապես այնտեղ ոչինչ չեն գտել, բայց դրա հետ միասին իրենց կայքէջերում տեղադրում են մեր գտած նյութերը: Մի քանիսն էլ գրում են, թե հայերը բերում, ինչ-որ բան են հողի տակ դնում, հետո` հանում: Մարդու ծիծաղ է շարժում պարզապես… Ինչպես կարելի է մեկ տոննանոց քարը տեղադրել և նորից հանել… >>,- ասաց Վարդգես Սաֆարյանը:
Պատմական քննարկումներին հաջորդեցին կիրառական ոլորտում արված ուսումնասիրություններն ու գիտական վերլուծությունը: Խոսքն այս անգամ Արցախի եթերայուղերի արդյունավետ օգտագործմանն էր վերաբերում: Արցախի պետականության կայացման կարևոր պայման է հանդիսանում գիտության և կրթության զարգացումը, գիտական մտքի և տնտեսական ուժի ամբողջական օգտագործումը: Այս համատեքստում կարևորվում է Արցախի եթերայուղերով հարուստ բույսերի ուսումնասիրումն ու եթերայուղերի ստացումն ու դրանց կիրառումը:<<Արցախի այնպիսի եթերայուղածուներ, ինչպիսիք են ուրցը, ռեհանը, գինձը, դեղային երիցուկը և շատ այլ բույսեր, օժտված են բազմաթիվ արժեքավոր հատկություններով, որոնք շատ բարձր են գնահատվում աշխարհում և արտադրվում են մի շարք երկրներում>>,- ասաց ԱրՊՀ դասախոս Արդիանա Ղուլյանը:
Ներբուհական գիտական ընթերցումներն այնուհետև շարունակվեցին մասնախմբային նիստերում: