Արցախի պետական համալսարան

<<Համալսարան/արդյունաբերություն համագործակցություն`
 նորարարությունների խթանում>> գիտակրթական համաժողով
Մայիսի 15-ին Սինոփսիս Արմենիա ՓԲԸ նախաձեռնությամբ Երևանում կայացավ <<Համալսարան/արդյունաբերություն համագործակցություն` նորարարությունների խթանում>> գիտակրթական համաժողով, որը նվիրված էր ՀՊՃՀ 80-ամյակին: Գիտաժողովին հրավիրված էր նաև ԱրՊՀ պատվիրակությունը` ռեկտոր Ստեփան Դադայանի գլխավորությամբ:

Վերջինս աշխատանքային այցով գտնվում էր արտերկրում: Համաժողովին մասնակցել է ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը: Ծրագրում ընդգրկված էին զեկուցումներ` տարբեր տեխնոլոգիական նորարարությունների, բուհերի և ձեռնարկությունների միջև համագործակցության, մասնագետների կրթման և այլ թեմաներով: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը և ՀՀ արդյունաբերողների և գործարարների Միության նախագահ Արսեն Ղազարյանը: Իրենց զեկուցումներում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը, ՀՊՃՀ, ԵՊՀ ռեկտորները և ուրիշներ նշեցին կրթական և բարձր տեխնոլոգիական համակարգերի միջև կապի զարգացման, նորարարական մտածողության համար բարենպաստ պայմանների ստեղծման, գիտակ մասնագետների պատրաստման, ձեռնարկությունների հետ համագործակցության, փորձի փոխանակման, հեռանկարների և այլ թեմաների կարևորությունը:
ԱրՊՀ պրոռեկտոր Վ.Յարամիշյանը հանդես եկավ <<Բուհ-արտադրություն փոխշահավետ կապի ապահովման հիմնախնդիրները>> թեմայով: Իր զեկուցման մեջ նա նշեց ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի մասին, որը նպաստել է կյանքի և արտադրական նյութատեխնիկական պայմանների փոփոխմանը: Կարևորեց նաև գործընկերային հարաբերությունների ստեղծումն ու ամրապնդումը բուհի, արտադրության և աշխատաշուկայի միջև: <<Մեր պատկերացմամբ, բուհի շրջանավարտին ներկայացվող արդիական պահանջներից է նաև նրա այնպիսի հատկանիշների ձևավորումը, ինչպիսիք են բարձր հարմարվողականությունը և ճկունությունը, այսինքն` ինտենսիվ փոփոխվող արտաքին իրավիճակի պահանջներին ու պայմաններին արագ հարմարվելու, ինչպես նաև ծառայողական, աշխատանքային գործառույթներն ըստ բովանդակության, ձևի ու տեղադրության ուղղորդելու ընդունակությունը>>,-ասաց Վ.Յարամիշյանը: