Արցախի պետական համալսարան

Մայիսի 20-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկեցին 2012-2013 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները, ինչպես նաև` ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

Ինչպես տեղեկացրեց ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանը, այս տարի մայր բուհը կունենա 1032 շրջանավարտ, որից 790 բակալավր և 242 մագիստրոս ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման բաժիններից (28 մասնագիտությունների գծով): Ա.Աբրահամյանի խոսքերով` բուհն ավարտողների շրջանում զգալի թիվ են կազմում խելացի, բանիմաց կադրերը, որոնցով համալսարանը, հիրավի, կարող է հպարտանալ: Մեր այն հարցին, թե ինչով են տարբերվում այս քննությունները` նախորդ տարվա համեմատությամբ, պրոռեկտորը պատասխանեց, որ առանձնահատուկ ոչինչ չկա. ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ քննական հանձնաժողովների նախագահների մեծ մասը հրավիրվել են Հայաստանի առաջատար բուհերից: Ավարտական աշխատանքների գիտական ղեկավարների մի մասը նույնպես հայաստանյան գիտնականներ են: Այսուհանդերձ` կա մի կարևոր տարբերություն. այն, որ տարեցտարի բարձրանում է թե քննությունների կազմակերպվածության և թե  ուսանողների գիտելիքների մակարդակը: Այս մասին են փաստում նաև առարկայական քննական հանձնաժողովների նախագահները:<<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտության առարկայական հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանի խոսքերով` առաջին անգամ է Արցախում մասնակցում քննություններին և անչափ տպավորված է կազմակերպչական աշխատանքներից: Ինչ վերաբերում է ուսանողների գիտելիքների մակարդակին, նա նշեց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել:<<Ես շատ կցանկանայի, որ սերնդափոխության հարց լուծվեր,- ասաց Լիլիթ Արզումանյանը,- այսինքն բուհի լավ մասնագետները կարողանային ընտրել լավագույն ուսանողներին, աշխատեն նրանց հետ մի քանի տարի, որպեսզի սահուն կերպով անցնեն սերնդափոխության: Դա աշխատատար, բայց երկրի կայացման համար անհրաժեշտ պրոցես է: Մեր սերունդը շատ մեծ խնդիր լուծեց. հող ազատագրեց, այն դեպքում, երբ մենք տասը դար հող չէինք ազատագրել: Բայց դրանից հետո չկարողացավ պահել այդ արժեհամակարգը, մենք կուլ գնացինք դրսից եկած հոսանքներին ու կործանեցինք մեր սերնդին: Սա ողբերգություն է, որում մեծ է մեր մեղքը. ինչ ենք այսօր մատուցում մեր երեխաներին, որ ինչ պահանջենք նրանցից... Քանի որ Ղարաբաղյան շարժման, ազատամարտի առաջամարտիկը եղավ Արցախը, ես շատ կցանականայի, որ մեր արժեհամակարգի վերականգնման գործում էլ նա դառնա առաջամարտիկ: Արցախը փոքր է և պարտավոր է լինել զգոն և փոխանցել այն մեզ: Իսկ զգոնությունը դա ազգի ժառանգին, հետնորդին ազգային մտածողությամբ դաստիարակելու, ազգին նվիրվելու, նրա ցավով ապրելու կարողությունն է: Սա մեր խնդիրն է, որ պետք է լուծենք>>:

<<Լրագրություն>> մասնագիտության առարկայական հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի խոսքերով` կան խելացի ուսանողներ, որոնք ապագայում կարող են համալրել լրագրողների շարքերը:<<Գոհացուցիչ է այն փաստը, որ կան ուսանողներ, ովքեր հստակ պատկերացում ունեն հեռուստատեսության գործունեության և թերթի աշխատանքի մասին, գիտեն, ինչ է խոսքի ազատությունը: Ունենք  բավական  գրագետ,  մտածող, տրամաբանող, տեխնոլոգիայի ժամանակակից միջոցներին տիրապետող ուսանողներ, ինչը, հիրավի, հաճելի է>> ,-ասաց Ն.Գասպարյանը: Թե շրջանավարտներից քանիսին կհաջողվի համալրել մեր հանրապետության տարբեր ոլորտների մասնագետների շարքերը` առայժմ այդ մասին ոչինչ չենք կարող ասել: Զինվենք համբերությամբ և ժամանակը ցույց կտա ամեն ինչ: