Արցախի պետական համալսարան

                                                 DSC00331

Մայիսի 29-ին ԱրՊՀ-ում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և ամփոփիչ ատեստավորման քննությունների ընթացքի մասին ֆակուլտետների դեկանների տեղեկատվությունն էր և ԱրՊՀ խորհրդի անդամների ընտրության հարցը, ինչպես նաև այլ հարցեր:

Գիտական խորհրդի 39 անդամից ներկա էին 34-ը (հինգը բացակայում էին հարգելի պատճառով): Սկզբում ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը խոսքը տվեց դեկաններին, որոնք ամփոփեցին ընթացիկ ուսումնական տարվա արդյունքները: Յուրաքանչյուրը ներկայացրեց իր ֆակուլտետի ավարտական քննությունների արդյունքները: Նշվեց,որ ընդհանուր առմամբ ամեն ինչ անցել է խաղաղ մթնոլորտում և ոչ մի խախտում կամ դժգոհություն չի եղել: Բուհի ռեկտորն իր խոսքում նշել է,որ գոհացուցիչ են տարվա կատարած աշխատանքները:
Այլ հարցերի շուրջ քննարման ժամանակ որոշեցին երաշխավորել մի քանի ուսումնամեթոդական ձեռնարկների տպագրությունը համալսարանի հրատարակչությունում: Խոսվել է նաև ուսման վճարների մասին: Ստեփան Դադայանը դեկաններին հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև կազմակերպել դիպլոմների հանձնման արարողությունը հանդիսավոր պայմաններում,որպեսզի այն հիշվի շրջանավարտների կողմից:
<<Կան դասախոսներ,որոնք աշխատում են բուհի ստեղծման առաջին տարիներից և մեծ աշխատանք են կատարել նրա զարգացման գործում: Նրանցից մեկն է մանկավարժության ֆակուլտետի դեկան` հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արզիկ Միքայելի Մխիթարյանը: Նա` ԱրՊՀ կայացման և զարգացման գործընթացում մեծ ներդրում ունենալու համար, պարգևատրվում է համալսարանի ոսկե մեդալով>>,-ասաց ռեկտոր Ստեփան Դադայանը:
Հաջորդ  հարցը համալսարանի խորհրդի ընտրության հարցն էր: Ռեկտորը նշեց,որ ուղիղ հինգ տարի է,ինչ գործում է ԱրՊՀ ներկայիս խորհուրդը, որի առջև շատ մեծ խնդիրներ են դրված` ռեկտորի ընտրության հարցը, բյուջեի և խորհրդի հնգամյա ծրագրի հաստատումը: Համաձայն կանոնակարգի, հինգ տարին լրանալուց հետո պետք է ընտրվի խորհրդի նոր կազմ: Մինչ խորհրդի անդամների ընտրություն կատարելը ընտրվեց հաշվիչ հանձնաժողով` հետևյալ կազմով.
Վալերի Ջավադյան – նախագահ
Ժաննա Անաստասյան
Ռուդիկ Իսրայելյան
Գոհար Ազրյան
Լավրենտ Ղալայան
ԱրՊՀ խորհրդի անդամակցության համար նախօրոք գրանցվել էին 18 դասախոս: Նրանցից պետք է ընտրվեր 7-ը: Ներկաներին բաժանվեցին քվեաթերթիկներ և փակ գաղտնի քվեարկությամբ  ընտրեցին  խորհրդի նոր կազմ:
Քվեարկության արդյունքներն ամփոփեց համալսարանի տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վալերի Ջավադյանը: Նա հաշվարկեց և ներկայացրեց յուրաքանչյուր անդամի համար տրված ձայների քանակը և ըստ այդմ ընթերցեց 7 հոգուց բաղկացած նոր խորհրդի կազմը.
1.Արտեմ Աբրահամյան
2. Վալերի Ավանեսյան
3. Գագիկ Բաղունց
4. Վոլոդյա Միրզոյան
5. Արզիկ Մխիթարյան
6. Հովիկ Մուսայելյան
7. Էլեոնորա Հայրապետյան