Արցախի պետական համալսարան

2013-06-07   hamerg   Revik Andoka i Erik

Հունիսի 5-ին ԼՂՀ Ասկերան քաղաքի մշակույթի տանը աշխուժություն էր տիրում: Պատճառը բարեգործական համերգն էր, որի կազմակերպիչն էր  <<Էդուարդ Արզումանյանի օգնության ֆոնդ>> ուսանողական նախաձեռնությունը:

Այն կայացավ Ֆոնդի կազմկոմիտեի, հասարակական գործիչներ Ռուզաննա Ավագյանի` <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականների հասարակական կազմակերպության>>  Ստեփանակերտի ներկայացուցիչ, Նոնա Թովմասյանի` <<ԼՂՀ ՓՀԿ>>  Ասկերանի ներկայացուցիչ, Ասկերանի երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանի և, իհարկե, Ասկերանի քաղաքապետարանի  /ղեկ.՝ Ալյոշա Գաբրիելյան/ ու շրջվարչակազմի /ղեկ.՝ Սերգեյ Գրիգորյան/ համատեղ ջանքերի շնորհիվ : Մարդասիրական այս համերգն իրենց ներկայությամբ պատվեցին շրջանի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Էմանուել քահանա Վարդանյանը, <<Մեսրոպ Մաշտոց>> համալսարանի ռեկտոր տկն Դ.Գաբրիելյանը, պաշտոնատար այլ անձինք: Համերգն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Տարբեր ժանրերին պատկանող համերգային համարներով ներկաներին ողջունեցին ու տրամադրությունները բարձրացրին Արցախի Պետական, <<Մեսրոպ Մաշտոց>> և <<Գրիգոր Նարեկացի>> համալսարանների ուսանողներն ու Ասկերան քաղաքի երաժշտական դպրոցի սաները: Լեփ-լեցուն դահլիճին շատ դուր եկավ երիտասարդների կատարումները, իսկ ջերմ ու սրտանց ծափողջույնները ապացուցեցին, որ համերգը կայացավ: Համերգն իր երգով ավարտեց այս առիթով դահլիճում գտնվող երգչուհի Գայանե Արզումանյանը՝  ով իր անզուգական ձայնով կատարեց Արցախի <<Հորովելը>> և նվիրեց այն փոքրիկ Էդուարդին:
Միջոցառման ավարտին ուսանողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ծրագրի իրագործմանը՝ պետական և հասարակական գործիչներին, գործարարներին, հովանավորներին, նվիրատուներին, կամավորներին և, պարզապես, հասարակ մարդկանց:
 Համերգից հավաքված ողջ հասույթը կազմեց 193900 դրամ, որն ամբողջությամբ փոխանցվել է երեխայի համար բացված՝ 22300810465301 հաշվեհամարին:

Հ.Գ. <<Ուր միաբանություն՝ այնտեղ միշտ հաղթանակ>>:

Հոդվածը` <<Էդուարդ Արզումանյանի օգնության ֆոնդ>>  ուսանողական նախաձեռնության նախագահ Վլադիմիր Դոլուխանյանի

Լուսանկարները` Սերյոժա Ավանեսյանի