ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՐԱՍՈՒՄ

13.06

2013

             SAM 1527              SAM 1486

Արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախի պետական համալսարանի Հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանի նախաձեռնությամբ և համալսարանի ղեկավարության աջակցությամբ, ֆակուլտետի շրջանավարարտների դիպլոմների հանձնման արարողությունը հանդիսավորությամբ նշվում է Արցախի Ամարաս վանական համալիրում:

Ամարասի վանական համալիրի ընտրությունն ամենևին էլ պատահական չէ, քանզի հենց այստեղ է շուրջ 1600 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցը հիմնել Արցախում առաջին դպրոցը:
Այս տարի՝ հունիսի 10-ին, խորհրդանշական այդ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Սարգսյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Հարվերդյանը, Հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը, ԱրՊՀ  դասախոսներ, բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներ:
Միջոցառմանը բացման խոսքով ներկաներին ողջունեց և օրվա խորհուրդը ընդգծեց Հ.Մուսայելյանը: Այնուհետև ելույթ ունեցան ԱրՊՀ ուսանողները, որից հետո էլ սկսվեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Արմեն Աշոտյանը շնորհավորելով շրջանավարտներին հույս հայտնեց, որ նրանք կլինեն հայկական երկու հանրապետությունների համար պահանջված մասնագետներ և միևնույն ժամանակ խոստովանեց, որ մասնակցել է բազում միջոցառումների, այդ թվում նաև ուսանողական, բայց երբևէ առիթ չի ունեցել ներկա լինել նման խորհրդանշական միջոցառման, որտեղ այդքան միահյուսված լինեն գիտելիքն ու հավատը, մի միջոցառման, որտեղ այդքան շաղկապված լինեն հոգևորը, կրթականը, մշակութայինն ու պատմականը:
Սլավա Ասրյանն իր հերթին շնորհավորեց բոլոր շրջանավարտներին և նշեց, որ ուսանողները, ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, մտնում են կյանքի նոր ուղի:
Ուսանողներն իրենց հերթին ընդգծեցին նման միջոցառման կարևորությունը, նշելով, որ այդ օրը յուրահատուկ և անմոռանալի տոն է շրջանավարտներից յուրաքանչյուրի համար…
Միջոցառման ավարտին Արմեն Աշոտյանը ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԱրՊՀ ռեկտորին հանձնեց նախարարության գերատեսչական ոսկե մեդալ: