Արցախի պետական համալսարան

                 DSCN0107               DSCN0136

Դեռևս անցյալ տարի Արցախի մայր բուհում սկիզբ դրվեց գեղեցիկ մի ավանդույթի, որի նպատակը շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը հիշարժան դարձնելն է` կազմակերպելով այն Արցախի որևէ պատմամշակութային վայրում:

Առաջինը ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի ուսանողներն էին, որ նախորդ տարի (ի դեպ` այս տարի ևս) իրենց ավարտական վկայականները ստացան Ամարասի վանքում: Համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանի հանձնարարականով այս տարի բոլոր ֆակուլտետներն իրենց շրջանավարտներին դիպլոմներ կհանձնեն նմանատիպ որևէ վայրում:                                                                                                                                                 Հունիսի 20-ին այսպիսի մի արարողություն տեղի ունեցավ ԼՂՀ զոհված ազատամարտիկների հուշաթանգարանում: Իսկ հյուրերը ԱրՊՀ նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետի շրջանավարտներն էին:
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին բուհի ղեկավարությունը, զոհված ազատամարտիկների հարազատներ, լրագրողներ:
Շրջանավարտներին առաջինը շնորհավորեց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: Նա հիշեց այն օրը, երբ օրվա հերոսները չորս տարի առաջ մայր բուհի զոհված ուսանողների հուշակոթողի մոտ հանդիսավոր երդվեցին շարունակել իրենց հայրերի կիսատ թողած գործը: Իսկ այսօր ժամանակն է, որ կատարեն իրենց խոստումը, և ինքնուրույն կյանք մտնելով` ձեռք բերածը ծառայեցնեն նպատակին` դառնալով երկրի համար արժանի քաղաքացիներ:
Տասնհինգ շրջանավարտների դիպլոմների հանձնման պատիվը տրվեց ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանին, ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանին, ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանին, ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Սուսաննա Պողոսյանին և զոհված ազատամարտիկների ծնող Արփիկ Ալթունյանին: Նրանցից յուրաքանչյուրը բարեմաղթանքներով լի իր սրտի խոսքն ասաց երիտասարդներին` օրվա միջոցառումը համարելով ևս մի հայրենասիրական դաս: Գալյա Առստամյանը բոլոր շրջանավարտներին նվիրեց Գոհար Մարտիկյանի հեղինակությամբ` Լեոնիդ Ազգալդյանին նվիրված <<Սա Հայաստան է և վերջ>> գիրքը:
Հիրավի, հուզիչ էր պահը, հատկապես, երբ շրջանավարտներից մի քանիսը զոհված ազատամարտիկների երեխաներ էին: Արեն Գաբրիելյանը և Վարդուհի Մինասյանը` երկուսն էլ զոհված աազատամարտիկների երեխաներ, նոր էին ամուսնացել, ընտանիք կազմել: Տիկին Գալյան շնորհավորեց նարնց և արժեքավոր նվեր (հեռուստացույց) մատուցեց ամուսնական զույգին:
Դիպլոմների հանձնմանը զուգընթաց շրջանավարտներից մի քանիսը շնորհակալագրերի արժանացան մայր բուհի ռեկտորի կողմից` Հայաստանում կայացած ուսանողական համահայկական խաղերին մասնակցելու և մրցանակային տեղեր գրավելու համար: