ԵՐԴՎԵՑԻՆ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՊԱՏԻՎԸ

25.06

2013

     DSCN2969      DSCN2933

Հունիսի 25-ին Շուշիի Մարիամյան դպրոցի բակում տոնական տրամադրություն էր. այստեղ` հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ ԱրՊՀ քիմկենսաբանության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Նշենք, որ հայոց հինավուրց Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցի շենքում ներկայումս տեղակայված է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը` ռեկտոր Ստեփան Դադայանի գլխավորությամբ: Շրջանավարտներին հանձնելով դիպլոմները` նրանք կարևորեցին այն երևույթը, որ նախկին կրթօջախի պատերի ներքո դիպլոմ ստանալն ինքնըստինքյան խորհրդավորություն է հաղորդում պահին:
Բարեմաղթանքի առաջին խոսքերը ռեկտոր Ստեփան Դադայանինն էին. <<Դուք կյանք եք մտնում բավական հասունացած` ձեռք բերած գիտելիքների պաշարով: Տա Աստված, որ դուք դա օգտագործեք հանուն մեր Արցախ աշխարհի շենացման: Օտար ափերում լավ կյանք չփնտրեք, եղեք հավատարիմ չորս տարի առաջ ձեր տված երդման: Հիշեք` օտար ափերում կառուցածը ձերը չէ. օտարը գերել գիտե, բայց առիթը եղած ժամանակ` նաև դեն շպրտել: Բանուկ պահեք ձեր հայրական տան ճամփաները>>:
<<Ձեր ապագան դեռ առջևում է: Դուք ձեր առաջին վճռական քայլը կատարել եք, և այսօր ստանում եք բարձրագույն կրթության վկայական, որը ձեզ հնարավորություն է տալիս մտնել կյանք, ձեր ընտրած ոլորտը և արժանապատվորեն ծառայելու հայրենիքին>>,- ասաց ԼՂՀ ԿԳ նախարարը:
ՙ<<Այն պատասխանատվությունն ու պարտավորվածությունը, որ շնորհավորանքների հետ միասին պարտադրվում են ձեզ, և որը դուք ինքներդ եք զգում, անպայման հաշվի կառնեք ձեր հետագա կյանքում ու գործունեության ընթացքում>>. սա առողջապահության նախարարի խոսքերն են:
ՙ<<Ձեզ բարի երթ ու կանաչ ճանապարհ: Միշտ հիշեք, որ մասնագիտական գիտելիքներից զատ անչափ կարևոր են նաև մարդու ձեր տեսակն ու որակը: Հավատարիմ մնացեք մարդկային արժանիքներին>>,- ասաց մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը:
Շրջանավարտներն իրենց հերթին խոստովանեցին, որ օրն իրենց համար ջրբաժան է` սկսվում է ինքնադրսևորման և փնտրտուքների նոր շրջան: Ինչպես չորս տարի առաջ նրանք կրկին երդվեցին հավատարիմ մնալ սկզբունքներին, բարձր պահել մայր բուհի պատիվը: