Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի Գ.Անտոնյանի անվան գրականության կաբինետում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված ԼՂՀ ԳՄ նախագահ, <<Գրիգոր Նարեկացի>> պետհավատարմագրված համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի ծննդյան 65-ամյակին:

Միջոցառումը, որ նախաձեռնել էր ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետը` գրականության և լրագրության ամբիոնի հետ, բացեց և վարեց ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը:
Վարդան Հակոբյանի կյանքը և ստեղծագործությունն ամփոփ ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը` շեշտելով, որ եկել է պահը` ասելու իր սրտի խոսքը բանաստեղծ, հրապարակախոս, մանկավարժ ընկերոջը, որը ոչ թե ընկերական քաղցր խոսք է, այլ նրա հարուստ գրական ստեղծագործությունից բխող ճշմարիտ գնահատական:
Մարդն էլ ծառի նման է, արմատը մեծ նշանակություն ունի: Հայրը մանկավարժ էր, որի մեջ նստած է եղել... բանաստեղծը: Խոր գիտելիքներ է ստացել Հին Թաղերի միջնակարգ դպրոցից: Նա մտավ պոեզիա միանգամից` շարունակելով հայ դասական բանաստեղծության ավանդույթները:
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, բարձր գնահատելով նրա պոեզիան, նշեցին, որ համահայկական գրական դաշտում Հակոբյանն իր խոսքն է ասում, իսկ Արցախի 20-րդ դարի պատմությունը բերեց գրականություն:
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրուն Բաղդասարյանը, խոսելով Վ. Հակոբյանի հայրենասիրական քնարերգության շուրջ, ասաց, որ գործ ունենք հզոր շնչի տեր բանաստեղծի հետ, որ նրա տողը ծնվում է արյունով ու ավյունով, լցված է սիրով դեպի Արցախ աշխարհը: Նրա պատկերները քանդակ են հիշեցնում, գրողը ներդաշն է բնության հետ: <<Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին>>-ը գրողի պարադոքսալ մտածողության տիպական օրինակն է: Նրա պոեզիայում ալիքվում են մեր ժողովրդի անցյալը, ներկան, ապագան, մաքառումները, պայքարը:
Դասախոս Գայանե Լալայանն իր զեկուցման մեջ վերլուծեց բանաստեղծի սիրային քնարերգությունը` նշելով, որ նրա քնարական հերոսը փորձում է հասնել <<հավերժության ծաղկին>>, որ սերը նրա ապրելու ձևն է, որ սիրո հմայքը տեսնում է փնտրելու և չգտնելու մեջ, իսկ պատկերները խոսում են նրա գեղագիտական ճաշակի մասին: Գրողը փորձում է վերծանել անվերծանելին, որով էլ նրա ստեղծագործությունները դառնում են առինքնող, գրավիչ:
Գրականագետ Անահիտ Աթայանը վերլուծեց Վ. Հակոբյանի մանկագրությունը, իսկ Զինաիդա Բալայանը զեկուցեց <<Վ.Հակոբյանի պոեզիայի փիլիսոփայությունը <<Քրիստոսի ծաղիկները>> ժողովածուում թեմայով: Վերջինս մեկնեց նույնանուն պոեմի խորհուրդները, որտեղ գրողը և ավանդապահ է, և ավանդախախտ, խոսքը հրեղեն է, ժանրային առումով` արտասովոր: Ժողովածուն հուշամատյան է, ավանդապատում, ասք հերոսներին, հեղինակը քննում է իրեն ու ժամանակը: Բանախոսը գրողին անվանեց տաղանդավոր ասացող` իր երկրի, իր հող ու ջրի, իր սիրո մասին:
Նշենք, որ զեկուցումները միջարկվում էին գրողի ստեղծագործությունների արտասանությամբ:
Իր խոսքում Վ.Հակոբյանը պոեզիան գնահատեց որպես լույս, որ ուղեկցում է մարդուն, և մտահոգություն հայտնեց այն երևույթի հանդեպ, որ մշակույթը հետ է մնում, որ այսօր տագնապեցնում է հարաբերությունների մշակույթի պակասը մարդկանց ու պետությունների միջև: