ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

27.06

2013

Արցախի պետական համալսարանի գրադարանը, շնորհիվ նվիրատուների, հաճախ է համալրվում տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գրականությամբ: Օրերս մայր բուհի գրադարանային ֆոնդը համալրվեց իրավագիտական նոր ու թարմ գրականությամբ, որն անհրաժեշտ է ոչ միայն իրավագիտության, այլև մյուս բաժինների ուսանողներին ու դասախոսներին:

Իսկ նվիրատուն ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է, ում նախաձեռնությունն իրականացրել է ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ասպիրանտ Ավետիք Հարությունյանը:
ՙ<<Գիրք նվիրելու և գիրք ստանալու մշակույթը բոլոր ժամանակներում էլ հարգի էր ու պատվաբեր>>,- ասաց Ավետիք Հարությունյանը: Այսօր մենք ականատեսն ենք մի գեղեցիկ միջոցառման, ինչը, կարծում եմ, պետք է օրինակ ծառայի շատերի համար: Ասեմ, որ պարոն Գագիկ Հարությունյանն իմ ատենախոսության ղեկավարն է և Արցախի մայր բուհից նրան` որպես ղեկավարի վճարվող գումարը նա նվիրել է համալսարանին` գրքերի տեսքով: Այսինքն մենք միասին խորհրդակցել ենք և պարոն Հարությունյանը որոշել է այդ գումարով իրավաբանական գրականություն ձեռք բերել, որն անչափ անհրաժեշտ է մեր համալսարանին:
Իրավագիտական գրքերը (հայերեն և ռուսերեն լեզուներով) , հիրավի, նոր հրատարակության են: Գնվելիք գրքերի ցանկը նախապես համաձայնեցվել է ինչպես ԱրՊՀ գրադարանի վարիչի, այնպես էլ իրավունքի ամբիոնի պատասխանատուների հետ: Բացի այդ, ձեռք բերված գրքերի թվաքանակը ԱրՊՀ գրադարանում քիչ է կամ էլ բոլորովին չկա: Ընթերցողները հնարավորութուն կունենան դրանցից օգտվել ոչ միայն ընթերցասրահում, այլև վերցնել գրադարանից: Ա.Հարությունյանի հավաստմամբ` սա առաջին նվիրատվությունը չէ Գագիկ Հարությունյանի կողմից. ամեն անգամ` տարբեր առիթներով գալով Արցախի պետական համլասարան` նա մշտապես գրքեր է նվիրում մայր բուհին:
Որպես իրավունքի ամբիոնի դասախոս Ա.Հարությունյանը հատկապես կարևորեց Մխիթար Գոշի <<Դատաստանագիրքը>>, որն ունենալը համալսարանում պարտադիր է և կողմնորոշիչ նշանակություն կունենա ինչպես ուսանողների ու մագիստրանտների, այնպես էլ դասախոսների համար:
ՙ<<ՀՀ քաղաքացիական դատավարությունը սխեմաներում>> <<Ծնողների և զավակների հարաբերությունների իրավական կարգավորումը>>, <<ՀՀ քաղաքացիական իրավունք>>, <<Սահմանադրական իրավունք>>, <<Կրիմինալիստիկա>> և այլն: Ընդհանուր առմամբ` ձեռք բերված բոլոր գրքերի կարիքն էլ գրադարանն ունի: Այդ մասին հավաստեց նաև գրադարանի վարիչ Լաուրա Առուստամյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց Գագիկ Հարությունյանին և Ավետիք Հարությունյանին` նման նախաձեռնություն իրականացնելու համար: