"ՎՍՏԱՀ ԵՄ` ՁԵՐ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԿԾԱՌԱՅԵՑՆԵՔ Ի ՇԱՀ ԱՐՑԱԽԻ"

04.07

2013

  030713ArPHUsanoxDiplom1    030713ArPHUsanoxDiplom

Հուլիսի 3-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ավարտական փաստաթղթեր` գերազանցության դիպլոմներ հանձնեց Արցախի պետական համալսարանի մի խումբ լավագույն շրջանավարտների:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև` մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը:
Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը մայր բուհի կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց Նախագահ Բակո Սահակյանին` ընդունելության համար, ինչը վկայում է կրթական հաստատության հանդեպ երկրի ղեկավարի ուշադրության ու հոգատարության մասին: Խոսելով համալսարանի նշանակալից ձեռքբերումներից` Ստեփան Դադայանը նշեց, որ կտրուկ նվազել է անբավարար գնահատականների թիվը, զգալիորեն հարստացվել նյութատեխնիկական բազան, ստեղծվել է գիտելիքների ստուգման համակարգչային կենտրոն, բացվել են նոր կաբինետներ և մասնագիտական լսարաններ` հագեցված ժամանակակից սարքավորումներով: Շոշափելի արդյունքների են հասել արատավոր երևույթների դեմ տարվող պայքարում, ընդլայնվել է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների բուհական հաստատությունների հետ: Իսկ վերջերս էլ Արցախի իշխանությունների հովանավորությամբ ստորագրվեց եռակողմ համաձայնագիր` <<Սինոփսիս Արմենիա>> և <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերությունների ու Արցախի պետական համալսարանի միջև, որը, ռեկտորի համոզմամբ, կնպաստի ինչպես համալսարանի, այնպես էլ երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին: ԱրՊՀ ռեկտորի խոսքերով` մայր բուհի ուսանողությունը բարձր վարկանիշ ունի հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Նրանք պարբերաբար մասնակցում և բարձր գնահատականների են արժանանում համահահայկական, գիտակրթական և մարզական տարբեր միջոցառումներում: Որպես նորամուծություն, ինչպես ասաց Ստեփան Դադայանը, այս տարի ԱրՊՀ-ում սահմանվեց <<Լավագույն ուսանող>> մրցանակը:
Մայր բուհի ռեկտորն իր ելույթում անդրադարձավ նաև սերնդափոխության գործընթացին. վերջին հինգ տարիներին համալսարանի ասպիրատներից և հայցորդներից 45-ը պաշտպանել են թեկնածուական, իսկ 5-ը` դոկտորական ատենախոսություններ: Երիտասարդ գիտնականների սոցիալական ակտիվությունը խթանելու և համալսարանում նրանց դերը կարևորելու նպատակով սահմանվել է երիտասարդ գիտնականների խրախուսման կարգ, որի հստակեցումն ընթացքի մեջ է: Այս ուսումնական տարում համալսարանը թողարկել է 822 շրջանավարտ բակալավրիատի և 240-ը` մագիստրատուրայի համակարգերի մասնագիտությունների գծով: Առկա բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներից 78-ն արժանացել են գերազանցության դիպլոմի: Ս. Դադայանի հավաստմամբ` համալսարանում հիմք է դրվել ևս մի գեղեցիկ ավանդույթի` շրջանավարտների դիպլոմների հանձնումը կատարել հանդիսավոր պայմաններում` պետական այրերի մասնակցությամբ, որի խոսուն վկայությունը նախագահական նստավայրում անցկացվող օրվա միջոցառումն է:
ԱրՊՀ ռեկտորը մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնեց հանրապետության Նախագահին` բուհի շրջանավարտներին նման բարձր վերաբերմունքի արժանացնելու համար: <<Հավաստիացնում եմ` Արցախի մայր բուհն ունի բոլոր հնարավորությունները` անշեղորեն կատարելու իր առջև դրված բոլոր խնդիրները>>,- ասաց Ստեփան Դադայանը:
Իր խոսքում Նախագահ Բակո Սահակյանը կարևորեց շրջանավարտների համար հիշարժան պահը` նշելով, որ այն արդեն դարձել է բարի ավանդույթ: <<Գովելի է այն փաստը, որ մենք ունենք նման երիտասարդներ, որոնց համար գիտելիքը մեծ արժեք է և ովքեր գնահատում են նրա դերը ժամանակակից աշխարհում: Վստահ ենք` ուսման տարիների ձեր քրտնաջան աշխատանքը վաղն անպայման կտա ցանկալի արդյունք, կօգնի հաղթահարել դժվարությունները և արժանի տեղ զբաղեցնել կյանքում>>,- ասաց Բակո Սահակյանը: Նախագահի հավաստմամբ` պետությունը ձգտում է ունենալ զարգացած, ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական համակարգ` համարելով դա երկրի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, տարեցտարի ավելանում են ոլորտին հատկացվող միջոցները: Վերջին երեք տարիներին, ինչպես ասաց հանրապետության ղեկավարը, արցախցի 14 ուսանողներ պետության աջակցությամբ հետբուհական կրթություն են ստանում արտասահմանյան երկրների առաջատար ուսումնական հաստատություններում: Ամեն տարի Հայաստանից և արտերկրից 2-3 տասնյակ ճանաչված ու փորձառու մասնագետներ են հրավիրվում Արցախի պետական համալսարան` դասախոսություն կարդալու նպատակով, ինչը մեծապես նպաստում է ուսման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու և կրթության որակը բարձրացնելու գործում: Նախագահ Սահակյանի խոսքերով` լուրջ աշխատանք է տարվում մեր հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների և մատաղ սերնդի մտավոր կարողությունների զարգացման ուղղությամբ, որին մասնակցում են միջազգային մի շարք ճանաչված պետություններ: Դա կարևոր է նաև ժամանանակից ուսուցման, միջազգային առաջատար փորձի ներդրման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրպանդման տեսանկյունից: Հանրապետության Նախագահը հավաստիացրեց, որ գործընթացը շարունակական բնույթ է կրելու:
Դիպլոմներ հանձնելով ամփոփիչ ատեստավորման պետական հանձնաժողովի որոշմամբ բակալավրի և մագիստրոսի աստիճան շնորհված և լավագույնը ճանաչված շրջանավարտներին` Նախագահ Բակո Սահակյանը մեկ անգամ ևս շնորհավորեց նրանց: <<Վստահ եմ, որ ձեր ստացած գիտելիքները կծառայեցնեք հայրենի Արցախի և հարազատ ժողովրդի զարգացման ու բարգավաճման գործին: Եղեք առողջ, ուրախ ու երջանիկ և թող հաջողությունը ուղեկցի ձեզ կյանքում>>,- ասաց Բակո Սահակյանը:
Երախտագիտության խոսքում շրջանավարտները նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ է երկրի ղեկավարի ձեռքից դիպլոմ ստանալը և որ այն էլ ավելի է պարտավորեցնում: Խոստացան` արդարացնել իրենց հետ կապված բոլոր հույսերը, անշեղորեն հետևել այն ուղուն, որն ընտրել են Արցախի իշխանությունները և դառնալ հայրենիքի համար արժանի քաղաքացիներ: