Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստում ասաց ռեկտոր Ստեփան Դադայանը:
Հունիսի 27-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին մայր բուհի բոլոր ստորաբաժանումների աշխատողները:

Ի դեպ` սա ռեկտոր Ստեփան Դադայանի նախագահությամբ վերջին նիստն էր, հաշվի առնելով, որ ԱրՊՀ կանոնադրության համաձայն` հուլիսին լրանում է նրա` որպես ռեկտորի պաշտոնավարման ժամկետը:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը` ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը դիպլոմներ հանձնեց համալսարանի` նախորդ գիտխորհրդի նիստում ընտրված պրոֆեսորներին:
Նիստի մասնակիցները նախ լսեցին դեկանների հաշվետվությունը` ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքների վերաբերյալ:
ԱրՊՀ քիմկենսաբանության ֆակուլտետում պետական ավարտական քննություններին մասնակցել է 7 խումբ` 121 ուսանող: Նրանցից 40-ը ստացել է գերազանց, 17-ը` լավ և 116-ը` բավարար: Միայն մեկ հոգի` ստոմատոլոգիա մասնագիտությունից, ստացել է անբավարար գնահատական, և մեկ ուսանող` հեռակա բաժնից, չի ներկայացել քննություններին: Մագիստրատուրայի բաժնում 3 խմբերում անց է կացվել թեզերի պաշտպանություն. 32 մագիստրոսներից 22-ը ստացել է գերազանց, 7-ը` լավ և 3-ը` բավարար գնահատականներ:
Խոսելով քիմկենսաբանություն ֆակուլտետի 2-րդ կիսամյակի արդյունքների մասին` դեկան Վոլոդյա Միրզոյանը նշեց, որ 55 ուսանողներից 8-ը (1-ին կուրսեցիներ) ստացել է անբավարար: Միջին առաջադիմությունը կազմել է 85%: Ընդհանուր առմամբ` քննություններին մասնակցել է 97 ուսանող, որից 18-ն ունի անբավարար գնահատական: Ընդհանուր առաջադիմությունը առկա բաժնում կազմել է 81,5%: Նույն ֆակուլտետում` հեռակա բաժնում 8 խմբերի 111 ուսանողներից 41-ը ստացել է անբավարար: Առաջադիմությունը կազմել է 63%:
Մագիստրատուրա համակարգի հեռակա ուսուցման բաժնում 56 ուսանողից 9 հոգի ստացել է անբավարար: Առաջադիմությունը կազմել է 84%:
Ճարտարագիտական ֆակուլտետում կար 71 շրջանավարտ, որից 13-ը չի թույլատրվել մասնակցել պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին և մագիստրոսական թեզերի պաշտպանությանը: 58 շրջանավարտներից 3-ը ստացել է անբավարար, գերազանց` 12 հոգի:
Դեկան Գագիկ Բաղունցի ներկայացմամբ` երկրորդ կիսամյակի արդյունքներն այսպիսին են. առկա բաժնի 146 ուսանողներ հանձնել են 850 ստուգարք և քննություն, որից 198-ը ստացել է գերազանց, 402-ը` լավ, իսկ անբավարար ու չներկայացած ուսանողների թիվը կազմում է 216: Գ. Բաղունցն առանձնահատուկ ընդգծեց առաջին կուրսեցիների արդյունքները, որտեղ 76 ուսանողներ 152 քննություն են հանձնել համակարգչային թեստավորմամբ: Արդյունքում 6 հոգի ստացել է գերազանց, 49 ուսանող` լավ, 73-ը ստացել է 7,5-12 միավոր և 24 ուսանող` անբավարար:
Հեռակա բաժնում 130 ուսանող հանձնել է 684 քննություն և ստուգարք: Անբավարար գնահատականների թիվը 94 է: Առաջադիմությունը կազմում է 86%: Չորս ուսանող չի ներկայացել քննություններին:
Հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետում ամփոփիչ ատեստավորման քննությունների ընդհանուր պատկերն այսպիսին է. հայոց լեզու և գրականություն մասնագիտության առկա ուսուցման համակարգում քննություններին մասնակցել է 37 ուսանող, որից 6-ը ստացել է գերազանց, լավ` 17, բավարար` 12, անբավարար` 2 ուսանող: Ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքների մասին. գերազանց ստացել է 13 ուսանող, լավ` 22, բավարար` 2 հոգի: Լրագրություն մասնագիտությամբ այս տարի ավարտել է 14 ուսանող, որից 5 հոգի համալիր քննություննից ստացել է գերազանց, 7-ը` լավ, 2-ը` բավարար: Լրագրություն մասնագիտությամբ ավարտական աշխատանքների պաշտպանությունից գերազանց ստացել է 6 ուսանող, լավ` 6, բավարար` 2: Հեռակա ուսուցման բաժնում հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ ավարտել է 23 ուսանող, որից գերազանց ստացել է 1, լավ` 6, բավարար` 16 ուսանող: Ինչ վերաբերում է մագիստրատուրային` դեկան Հովիկ Մուսայելյանը նշեց, որ հայոց լեզու մասնագիտությամբ 8 հոգի պաշտպանել են մագիստրոսական թեզ, որից 3-ը ստացել է գերազանց, իսկ 5-ը` լավ: Հայ գրականություն մասնագիտությամբ մագիստրատուրան ավարտել է 25 շրջանավարտ, թեզի պաշտպանության արդյունքում գերազանց ստացել է 8 հոգի, լավ` 12:
Երկրորդ կիսամյակի արդյունքները, ըստ դեկան Հ. Մուսայելյանի, այսպիսին է. առկա բաժնում քննություններին մասնակցել է 102 ուսանող, հանձնվել է 15 քննություն, միայն գերազանց գնահատական է ստացել է 17 ուսանող, լավ և գերազանց` 24, ուսումնական տարին բավարար գնահատականներով է եզրափակել 26 հոգի: Անբավարար է ստացել 24 ուսանող, որից 12-ը` մեկ անգամ, իսկ 9-ը` երկու անգամ:
Հեռակա ուսուցման բաժնում քննություններին մասնակցել է 86 ուսանող, հանձնվել է 12 քննություն, որից գերազանց ստացել է 14 ուսանող, լավ և գերազանց` 3, բավարար` 6, իսկ խառը գնահատականներ` 22 ուսանող:
Պատմության և քաղաքագիտության ֆակուլտետում, դեկան Վալերի Ավանեսյանի խոսքերով, պատմություն մասնագիտությամբ առկա բաժնում համալիր քննություն է հանձնել 24 ուսանող, որից 8-ը` գերազանց, 6-ը` լավ, 10-ը` բավարար: Ավարտական աշխատանքների պաշտպանությունից 13 հոգի ստացել է գերազանց, 6-ը` լավ, 5-ը` բավարար: Հեռակա բաժնում պատմություն մասնագիտությունից կար 22 շրջանավարտ. հայոց պատմություն առարկայից գերազանց գնահատական չի եղել, լավ ստացել է 6 հոգի, բավարար` 16-ը: Ընդհանուր պատմությունից գերազանց գնահատական չի եղել, լավ ստացել է 7, իսկ բավարար` 15 ուսանող: Ինչ վերաբերում է քաղաքագիտություն մասնագիտությանը` առկա բաժնում (հեռակա չկա) գերազանց ստացել է 13 շրջանավարտ, լավ` 10, և բավարար` 3 հոգի: Ավարտական աշխատանքների պաշտպանությունից գերազանց ստացել է 19, լավ` 7 ուսանող: Մագիստրատուրայի բաժնում հայոց պատմությունից 2 հոգի ստացել է լավ, իսկ 9-ը` գերազանց գնահատական: Քաղաքագիտություն մասնագիտությամբ մագիստրատուրայի բաժնում 7 մագիստրանտ ստացել է գերազանց:
Տնտեսաիրավաբանական ֆակուլտետում 184 ուսանողից 102-ը պաշտպանել է ավարտական աշխատանք, 82-ը` ամփոփիչ ատեստավորման քննություններ են հանձնել: Մագիստրատուրայի բաժնում 86 հոգի պաշտպանել է մագիստրոսական թեզ: 450 պատասխանից 186-ը եղել է գերազանց, 134-ը` լավ, 128-ը` բավարար և 2-ը` անբավարար: Ավարտել է 270 հոգի, որից 27-ը ստացել է գերազանցության դիպլոմ, ընդ որում` 20-ը բակալավրի, իսկ 7-ը` մագիստրատուրայի համակարգի շրջանավարտներ:
Խոսելով 2-րդ կիսամյակի քննաշրջանի մասին, դեկան Վոլոդյա Մանասյանը նշեց, որ այն անցել է բավական կազմակերպված և բարձր առաջադիմությամբ` 98,7%: Նա հատկապես անդրադարձավ առաջին կուրսեցիների առաջադիմությանը, նշելով, որ համակարգչային եղանակով քննությունների կազմակերպումը տալիս է իր դրական արդյունքը:
Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզիկական դաստիարակություն ֆակուլտետում ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցել են 67 հոգի, իսկ մագիստրոսական թեզերի պաշտպանությանը` 9 մագիստրանտ: Առկա բաժնում երկու քննությունից միայն գերազանց գնահատականներով ավարտել է 1 շրջանավարտ, լավ` 5, բավարար` 11: Հեռակա բաժնում 67 շրջանավարտներից 6 հոգի ստացել է միայն լավ, 6-ը` լավ և բավարար, 4-ը` անբավարար£ Մյուսները ստացել են բավարար: Բակալավրիատում գերազանց շրջանավարտ չի եղել: Մագիստրատուրայի բաժնում 9 մագիստրանտներից 3-ը ստացել է գերազանց, 4-ը` լավ, մեկը`  բավարար և մեկ հոգի` անբավարար: Մագիստրոսներից 2-ը արժանացել են գերազանցության դիպլոմի:
Ինչ վերաբերում է 2-րդ կիսամյակին` դեկան Շահեն Այդինյանը նշեց, որ 378 ուսանող է մասնակցել ստուգարքներին, որից 318-ը ստացել է ստուգված, չստուգված` 39 հոգի: Ստուգարքներին չի ներկայացել 21 ուսանող: Շ. Այդինյանի կարծիքով` ֆակուլտետում առաջադիմությունը ցածր է` պայմանավորված մի շարք հանգամանքներով. նախ ցածր է ուսանողների ընդհանուր կրթական մակարդակը, մյուս կողմից` կան կազմակերպչական հարցեր, հատկապես` հեռակա բաժնի առումով, որոնք պետք է օպտիմալացվեն:
Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Կարեն Արամյանը հիմնականում խոսեց առաջադիմության մասին: Ընդհանուր առմամբ այդ ֆակուլտետում ամփոփիչ ատեստավորման քննություններ են հանձնել 96 ուսանողներ` բոլորն էլ ստանալով դրական գնահատականներ: Գերազանց ստացել է ուսանողների 8,3%-ը, լավ` 31,3%-ը: Դրական են ստացել նաև անցյալ տարվանից մնացած 10 ուսանողները:
Երկրորդ կիսամյակի արդյունքները ներկայացնելով` Կ.Արամյանը հատկանշեց քննությունների` նոր համակարգով կազմակերպման և անցկացման արդյունավետությունը£ Բոլոր կուրսերում առաջադիմությունը կազմում է 100%: Այսուհանդերձ` դեկանի խոսքերով` թեստերի կազմման գործընթացում դեռ ճանապարհ կա անցնելու` մինչև վերջնական կատարելագործում:
Օտար լեզուների ֆակուլետում բակալավրիատի համակարգում ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցել 87 ուսանող: Անբավարար ստացողներ չեն եղել: Գերազանց և լավ գնահատականները կազմում են 75%, իսկ 25%-ը` խառը գնահատականներ են: Հեռակա բաժնում քննություն է հանձնել 13 ուսանող: Անբավարար չի եղել, 46%-ը ստացել է գերազանց և լավ, 54%-ը` խառը: Մագիստրատուրայի համակարգում 20 մագիստրանտների դիպլոմների պաշտպանությունից անբավարար ստացող չի եղել. 16 հոգի ստացել է գերազանց, իսկ 4-ը` լավ գնահատական: Դեկան Էլեոնորա Հայրապետյանի խոսքերով` նման բարձր ցուցանիշները պայմանավորված են ռուսաց լեզվի և անգլերեն լեզվի ամբիոնների վարիչների ջանադիր աշխատանքով` հատկապես թեզերի նախապաշտպանության նախապատրաստական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու առումով, թեմաների ընտրության հրատապությամբ, ինչի մասին նշել են նաև առարկայական քննական հանձնաժողովների նախագահները:
Մանկավարժության ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանն իր խոսքում նախ շնորհավորեց 44-րդ ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու կապակցությամբ£ Այսօրվա քննարկումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ համալսարանը, հիրավի, կայացել է: Ըստ Ա.Մխիթարյանի` օրը խորհրդանշական է նաև նրանով, որ հինգ տարի առաջ այս դահլիճում լսել են ԱրՊՀ զարգացման ծրագրի մասին: Եվ արդեն հասնելով եզրագծին` ուրախությամբ պետք է փաստել, որ մայր բուհում` կոլեկտիվի ջանքերով և ռեկտորատի վերահսկողությամբ բավական մեծ աշխատանք է կատարվել: Դիմելով ռեկտոր Ստեփան Դադայանին` պրոֆեսոր Ա. Մխիթարյանն ասաց. <<Նախատեսված այն բոլոր ծրագրերը, որոնց մասին Դուք նշել եք, այսօր իրականացված են, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ: Հինգ տարիների գործունեությունը միտված էր ուսման որակի բարձրացմանը և կարելի է ասել` դա շարունակվում է հաջողությամբ ընթանալ>>: Դեկանը ներկայացրեց վերջին հինգ տարիներին ուսումնական գործընթացում կատարված բարեփոխումները, մասնավորապես` անցումը կրեդիտային համակարգին, քննությունների կազմակերպման նոր մեթոդներին, որոնք, բնականաբար, դժվարություններ են առաջացրել, բայց կոլեկտիվը կարողացել է հաղթահարել և պատվով դուրս գալ այդ ամենից:
Ինչ վերաբերում է քննություններին` Ա.Մխիթարյանը նշեց, որ արդյունքները գրեթե նույնն են, ինչը նշանակում է, որ անելիքներ դեռ կան: Իսկ ընդհանուր առմամբ` ֆակուլտետում անբավարար գնահատականներ չեն եղել: ՙՀամացանցի մեր կյանք մտնելը բերեց իր առավելություններն ու թերությունները,- ասաց Արզիկ Մխիթարյանը: -Ներկայումս ավարտական թեզերի մեծ մասում բացակայում են ինքնուրույն աշխատանքները: Ուսանողը համացանցից վերցնում է պատրաստի աշխատանքը և օգտագործում, որտեղ շատ քիչ ինքնուրույն աշխատանք է կատարվում: Սա մեզ մտահոգում է և մեր ֆակուլտետում որոշել ենք տալ յուրատիպ թեմաներ, որպեսզի ուսանողը կարողանա ինքնուրույն աշխատանք կատարել, ինչը կարևոր հանգամանք է>>:
Դեկանների հաշվետվություններն ամփոփեց ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանը: Իր խոսքը պրոռեկտորը սկսեց պրոֆեսորադասախոսական կազմի հետ կազմակերպված դասընթացներից (անգլերեն լեզու և համակարգչային գործ), որոնց մասնակցել է շուրջ 70 դասախոս: Դրանք եղել են օգտակար և շարունակական բնույթ կկրեն, ասաց Ա.Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է ամփոփիչ ատեստավորման քննություններին, պրոռեկտորի հավաստմամբ, համալսարանում առաջադիմությունը կազմում է 99,2%: <<Կցանկանայինք, որ դեկաններն իրենց հաշվետվություններում նշեին հանձնաժողովների նախագահների դիտողություններն ու առաջարկությունները, եթե, իհարկե, եղել են>>,-շեշտեց Ա. Աբրահամյանը: Նա անդրադարձավ ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքներին, ինքնուրույն տրվող աշխատանքների ժամաքանակին, համեմատեց 1-ին և 2-րդ կիսամյակների արդյունքները: Պրոռեկտորը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ համալսարանի մասշտաբով 7 հազար ուսանող-քննություններից ոչ մի գնահատական չի նշանակվել որևէ մեկի խնդրանքով, ինչը, ըստ նրա, Արցախի պետական համալսարանի վերջին տարիների ամենավառ ձերքբերումներից է: <<Այս ճանապարհը պետք է շարունակական լինի ու կլինի>>,- ասաց Արտեմ Աբրահամյանը:
Պրոռեկտորը խոսեց նաև դասախոսների կողմից կազմված թեստերի ու դրանց որակի մասին: Նրա կարծիքով` հաճախ թեստերի ցածր մակարդակն է պատճառը, որ ուսանողն ընդամենը 15-20 րոպեում ավարտում է աշխատանքը: Ըստ գիտխորհրդի կողմից ներկայացված պահանջի` բոլոր թեստերը պետք է քննարկվեն ամբիոններում և հետո մուտքագրվեն համակարգիչ: <<Մենք գիտակցում ենք, որ դա ծանր աշխատանք է, բայց ընտրել ենք այդ ճանապարհը և պետք է ձեռք ձեռքի անցնենք այն>>,- եզրափակեց պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանը:
ԱրՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վահրամ Բալայանն իր ելույթում մասնավորապես ասաց. <<Այն հաջողությունները, որոնց մասին խոսվեց, բոլորինս է: Այնուամենայնիվ, կարծում եմ, անելիքներ դեռ շատ ունենք: Ներկայումս մեզ մտահոգող խնդիրներից է ամբիոնների երիտասարդացման հարցը: Ըստ իս` մագիստրոսական կրթությունը հենց այն ուղին է, որը պետք է լուծի այս խնդիրը>>,- ասաց Վահրամ Բալայանը: Ինչ վերաբերում է ասպիրանտական աշխատանքներին, Վ. Բալայանի կարծիքով, ամբիոններն այս հարցում ևս բավականին աշխատանքներ ունեն կատարելու: Մի շարք ամբիոններում, պահի դրությամբ, դեռ քննարկված ու հաստատված չեն թեմաները: Ամբիոնների դասախոսներն ու վարիչները պետք է պահանջկոտ լինեն ասպիրանտների նկատմամբ, քանզի նրանցից շատերն անտարբերություն են ցուցաբերում:
Ամփոփիչ խոսքում ռեկտոր Ստեփան Դադայանն ասաց. <<Մեր գլխավոր խնդիրն է` յուրաքանչյուր տարի ի մի բերել արդյունքները, վերլուծել, քննարկել, թե ում և ինչպիսի մասնագետներ ենք թողարկում մեր հանրապետության տարբեր ոլորտների համար: Փորձը, կյանքը ցույց են տալիս, որ տարեցտարի մենք ունենում ենք ավելին, քան սպասելիքներն են: Ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքները վկայում են, որ Արցախի պետական համալսարանը ճիշտ ուղու վրա է: Ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել և դա մեր հաջողությունն է>>,- ասաց Ստեփան Դադայանը:
ԼՂՀ կրթության և գիտության նախարարն իր ելույթում առաջարկեց ավելի շատ ուշադրություն դարձնել այն նախաձեռնություններին, որոնք իրականացվել են տվյալ կիսամյակում` շեշտը դնելով ուսման որակի բարձրացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին: Խոսելով մագիտրատուրայի համակարգի մասին, նախարար Սլավա Ասրյանն այն անվանեց բուհի դեմքը: Ուստի, պետք է էլ ավելի ուշադրություն դարձնել այս համակարգին, ասաց նախարարը: Նրա խոսքերով` բուհ-նախարարություն կապը միշտ առկա է, այս քննաշրջանից ոչ մի բողոք նախարարությունը չի ստացել, ինչը գործող նոր մեխանիզմների արդյունք է: Ս. Ասրյանը հորդորեց պահանջկոտություն ցուցաբերել հեռակա ուսուցման բաժնի ուսանողների հանդեպ` առաջարկելով ձերբազատվել հին մեթոդներից:
Այլ հարցերի շրջանակում գիտխորհրդի նիստը տպագրության երաշխավորեց մի շարք դասախոսների ու աշխատողների ուսումնամեթոդական ձեռնարկներն ու աշխատությունները:
Վերջում ռեկտոր Ստեփան Դադայանը հանդես եկավ ելույթով, որը սրտի խոսք էր` ուղղված գործընկերներին: