Արցախի պետական համալսարան

 DSC 0295   DSC 0682     

  DSC 0520  DSC 0606

Հուլիսի 21-ին ավարտվեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում  կայացած "Ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ" խորագրով ամառային դպրոց-սեմինարը, որն իր ձևաչափով վրանային ճամբար էր:  Երևանի պետական  և Արցախի պետական համալսարաններից սեմինարին մասնակցել է շուրջ 30 ուսանող:


Ծրագրի նպատակն էր ամառային դպրոցի մասնակիցներին տեղեկացնել բաղադրյալ համակարգերի մոդելավորման ժամանակակից մոտեցումների և ձեռքբերումների մասին, նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը ՀՀ-ում և Արցախում, ինչպես նաև Հայաստանի ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին կապել ԼՂՀ-ի հետ:
Ամառային դպրոցի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Կրթության և գիտության նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար  Վլադիկ Խաչատրյանը, ՌԴ-ում  ԼՂՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ուրիշներ:
Ճամբարի ընթացքում սեմինարին մասնակցող ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա կարևորել է նման միջոցառումների նշանակությունը գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսանկյուններից: Նախագահն  ավելացրել է, որ աշխարհահռչակ ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրում գիտական այսպիսի հավաքների անցկացումը խորհրդանշական է: Ջերմ և անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ժամանակ երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի:          

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշել է, որ ԵՊՀ-ն Արցախում իրականացնում է մի շարք ուսանողական ծրագրեր, որոնք աչքի են ընկնում իրենց բովանդակային բազմազանությամբ: Իսկապես ուրախալի է, որ Արցախի հեռավոր գյուղերից մեկում հայ ուսանողներն առնչվում են գիտության, տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումներին: Ամառային դպրոցում ցանցերի տոպոլոգիական բնութագրիչների հաշվարկի համակարգի, կիսահաղորդիչ նանոկառուցվածքների վրա հիմնված լազերների, բարդ համակարգերի մոդելների և մի շարք այլ թեմաներով դասախոսություններով հանդես եկան ԵՊՀ, ԱրՊՀ դասախոսները, ինչպես նաև Մոսկվայում գտնվող ՌԴ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչները: Վրանային ճամբարի մասնակիցների համար կազմակերպվել են նաև մշակութային, գիտաճանաչողական և ժամանցային միջոցառումներ և արշավներ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր:  
Սեմինարի անցկացման վայրը պատահական չէր ընտրված: Հենց Ծմակահող գյուղում է 1905 թ-ին ծնվել ականավոր գիտնական, Խորհրդային միության էլեկտրամեխանիկայի դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը: Նա եղել է ռազմական և տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկը, և խորհրդային առաջին տիեզերանավերն ամբողջությամբ զինված են եղել նրա ստեղծած էլեկտրասարքավորումներով: Աշխարհահռչակ Սերգեյ Կոռոլյովը Իոսիֆյանին անվանել է "բոլոր հրթիռների գլխավոր էլեկտրիկ":