ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅԱՑԱՆ

14.08

2013

 MM

Ինչպես արդեն տեղեկացվել է` 2013թ. հուլիսի 4-ին ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը մրցույթ էր հայտարարել Արցախի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար: Օգոստոսի 14-ին տեղի ունեցած ԱրՊՀ խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, նվիրված էր ռեկտորի ընտրությանը: Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա էր 27-ը:

Բացելով նիստը` Արա Հարությունյանը նշեց, որ սահմանված ժամկետում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտագրվել է երկու թեկնածու` Մանուշ Մառլեստի Մինասյանը և Հովիկ Գաստելլոյի Մուսայելյանը:

Խորհրդի քարտուղար Անահիտ Պողոսյանը, ներկայացնելով ԱրՊՀ ռեկտորի ընտրության ընթացակարգի սահմանված պահանջները, ասաց, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտագրված երկու թեկնածուների փաստաթղթերը համապատասխանում են դրանց: Մասնավորապես նշվեց, որ երկու հավակնորդներն էլ ինքնաառաջադրվել են:

Օրակարգի ենթահարցերից մեկի համաձայն` ռեկտորի թեկնածուները պարտավոր են խորհրդի անդամներին իրազեկել իրենց ծրագրերի մասին: Այդ նպատակով առաջինը ելույթ ունեցավ և իր կողմից արդեն իսկ ներկայացված` համալսարանի զարգացման ծրագրի հիմնական դրույթների մասին խոսեց Մանուշ Մինասյանը:

Իր խոսքում ռեկտորի թեկնածուն ասաց, որ, լինելով հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում առաջատարը, ԱրՊՀ-ն պետք է մշտապես հանդես գա ուսանողամետ նորարարական կրթական ծրագրերով, ապահովի կրթական բարձր չափորոշիչներ, խրախուսի իր ուսանողների և դասախոսների` կատարելության հասնելու ձգտումը: Կրթական ծրագրերի արդիականացում, գիտության և նորարարական գործունեության զարգացում, կադրային ներուժի զարգացում, ենթակառուցվածքների որակական բարելավում և սոցիալական համագործակցության զարգացում. սրանք են, ըստ թեկնածուի` ռազմավարական նշանակություն ունեցող նպատակներին հասնելու այն քայլերը, որոնք նա կարևորում է նախևառաջ:

Կրթական գործունեության արդիականացումը, Մ.Մինասյանի կարծիքով, ենթադրում է, որ համալսարանը պետք է տարածաշրջանում դառնա առաջատարը կամ դրանցից մեկը, մշտապես ապահովի բարձր չափանիշներ և ստեղծի բոլոր նպաստավոր պայմանները իր ուսանողների ներուժի լիարժեք իրացման համար: Այդ նպատակով նա կարևորեց բակալավրի և մագիստրոսի ծրագրերի մասնագիտությունների ճշգրտումը. խոսքը հատկապես վերաբերում էր չկայացած, զարգացման հեռանկար չունեցող և համալսարանի իրական հնարավորություններից վեր մասնագիտությունների կրճատմանը: Ձգտելով արդիականացնել կրթական ծրագրերը և շրջանավարտներին ապահովել ապագա աշխատանքի երաշխիքով, համալսարանը պարբերաբար պետք է իրականացնի հիմնական գործընկերային կազմակերպությունների մասնագետների նկատմամբ ունեցած պահանջարկի համալիր ուսումնասիրություն: <<Թերևս ժամանակն է, որպեսզի դասախոսի ուսուցողական գործունեությունից անցում կատարենք ուսանողի` առավել ևս մագիստրոսի, ճանաչողական գործունեությանը>>,- ասաց Մ. Մինասյանը: Նա կարևորեց նաև ուսանողների ուսումնառության արդյունքների գնահատման համակարգի օբյեկտիվության և հրապարակայնության բարձրացումը, ինչը կնպաստի ուսանողների կողմից հիմնարար գիտելիքների ստացմանը:

Խոսելով գիտական գործունեության զարգացմանն ուղված ծրագրերից` ռեկտորի թեկնածուն նշեց, որ առավելագույնս պետք է օգտագործվի համալսարանի գիտական ներուժը` երկրի տնտեսության զարգացման, հասարակության բարեկեցութան բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես կարևորվեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի` գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվածության մեծացումը. Մ.Մինասյանի համոզմամբ` յուրաքանչյուր դասախոսի աշխատանքի վարձատրություն պետք է անմիջականորեն կախվածության մեջ դրվի նրա տված գիտական արդյունքից: Միաժամանակ կարևոր համարվեց գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների վերանայումը, ինչպես նաև գիտական աշխատանքներում մագիստրանտների և ասպիրանտների ներգրավվածության խրախուսումը, ուսանողների փորձուսուցման գիտահետազոտական ուղղվածության ապահովումը, համալսարան-տնտեսություն համագործակցության ապահովումը և այլն:

Կադրային ներուժի զարգացման վերաբերյալ, ըստ ռեկտորի թեկնածուի` համալսարանը պետք է նախանձնախնդիր լինի իր պրոֆեսորադասախոսական կազմի պարբերաբար կատարելագործման և համալրման հարցում, ինչի համար նպաստավոր պայմաններ են անհրաժեշտ. խոսքը հատկապես արժանավայել վարձատրության ներդրմանն էր վերաբերում. <<Կարծում եմ, պետք է մշակվեն համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի պարբերաբար թարմացման և ընդլայնման որակական հատկանիշների բարձրացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր` ասպիրանտական կրթությունն ուղղորդելով դեպի համապատասխան պահանջարկ ունեցող մասնագիտություններ>>,- ասաց Մ.Մինասյանը: Այս ամենի իրականացման համար նախատեսվում է ֆինանսական միջոցների հոսքերի կառավարում ու դրանց արդյունավետության բարձրացում: <<Կարծում եմ, պետք է քայլեր ձեռնարկվեն համալսարանի` պետբյուջեից ստացվող միջոցների ծավալների աճն ապահովելու համար, ինչը մասամբ տեսնում եմ պետական ծրագրերին համալսարանի մասնակցության աճով, մասամբ էլ` յուրաքանչյուր ուսանողի համար պետության կողմից տրվող նվազագույն շեմի բարձրացմամբ: Շատ կարևոր են նաև համալսարանի կողմից մատուցվող ծառայությունների ծավալի ավելացումը, դրամաշնորհային ծրագրերում ընդգրկվելը, համալսարանի թափուր, անգործունակ հաստիքների կրճատումը>>,- հավելեց Մանուշ Մինասյանը: Նա կարևորեց բուհում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, բարոյահոգեբանական մթնոլորտի և արտաքին կապերի ստեղծման ու ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ռեկտորի թեկնածուն հակիրճ խոսեց նաև համալսարանի զարգացման իր ծրագրի մյուս դրույթների մասին, ապա պատասխանեց խորհրդի անդամների հարցերին: Դրանք վերաբերում էին վճարովի համակարգում վարձավճարների բարձրացմանը, համալսարանի կառուցվածքային փոփոխություններին, թեստային առաջադրանքներով կազմակերպվող քննություններին և կրեդիտային համակարգի առանձնահատկություններին:

Հաջորդ թեկնածուն` Հովիկ Մուսայելյանը, ինքնաբացարկ տվեց` ասելով, որ իր թեկնածությունն առաջադրել է` հաշվի առնելով կոլեկտիվի և գործընկերների կարծիքը, և իր փորձն ու գիտելիքները համալսարանին ծառայեցնելու պատրաստակամությունը:

Լսելով ռեկտորի պաշտոնի հավակնորդ Մանուշ Մինասյանի ելույթը` ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը հավանության արժանացրեց ներկայացված դրույթները, որտեղ, ըստ նախարարի, ներառված են բոլոր այն ոլորտները, որոնք անհրաժեշտ են համալսարանի հետագա գործունեության ճիշտ կազմակերպման համար: Նա միաժամանակ կարևորեց ռեկտորի դերը համալսարանի զարգացման գործում, և ընտրվելու դեպքում թեկնածուն պետք է հետամուտ լինի ներկայացված դրույթների իրագործմանը:

Իր խոսքում Արա Հարությունյանը ներկայացրեց ռեկտորի թեկնածու Մանուշ Մինասյանի` մինչ այդ գործունեության ոլորտները: Աշխատել է ընդամենը երեք կոլեկտիվում` <<Հայագրոբանկի>> Մարտունու մասնաճյուղ, ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն և Ազգային վիճակագրական ծառայություն: Եվ ըստ վարչապետի խոսքերի` բոլոր տեղերում էլ ցուցաբերել է բարձր պատասխանատվութուն, իրեն դրսևորել գերազանց: <<Համալսարանի ռեկտորը մեր երկրի համար շատ կարևոր պաշտոն է, և մենք գիտակցում ենք այն մարտահրավերները, որոնք սպասում են մեզ բարձրագույն կրթության ոլորտում: Ճանաչելով նրան` համոզված ենք, որ նրա կողմից իրականացված բարեփոխումները մեկ քայլ առաջ կտանեն համալսարանը և իր լուրջ մասնակցությունը կունենա երկրի տնտեսության զարգացման գործում: Ես համոզված եմ, որ մեր ընտրությունը ճիշտ է լինելու: Նրա աշխատասիրությունն ու հմտությունը թույլ կտան արագ համակերպվել պաշտոնին>>,- ասաց Արա Հարույթունյանը:

Փակ գաղտնի քվեարկության համար ընտրվեց հինգ հոգուց բաղկացած հաշվիչ հանձնաժողով:

Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրեց արդյունքները. 23 կողմ, 3 դեմ և 1 անվավեր: Քվեարկության այսպիսի արդյունքներով` Արցախի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Մանուշ Մինասյանը: