ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է` ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

16.08

2013

                 DSC00615           DSC00619

Օգոստոսի 15-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ԱրՊՀ կոլեկտիվին` պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը ներկայացրեց նորընտիր ռեկտորին` Մանուշ Մառլեստի Մինասյանին: Միջոցառմանը ներկա էր նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:


Ողջունելով ներկաներին` վարչապետ Արա Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց Ստեփան Դադայանին` հինգ տարվա բեղմնավոր աշխատանքի, բուհում արձանագրված հաջողությունների համար: Նշված տարիներին Արցախի մայր բուհը ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի հասարակական, քաղաքական կյանքում: Ընդհանուր առմամբ` ըստ կառավարության ղեկավարի, Ստեփան Դադայանը կարողացել է կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի վառ ապացույցը համալսարանի գործունեության ասպարեզում արձանագրված առաջխաղացումն է:
ԼՂՀ վարչապետը շնորհավորեց Մանուշ Մինասյանին` երկրի համար կարևոր նշանակություն ունեցող պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նա հակիրճ ներկայացրեց նորընտիր ռեկտորի աշխատանքային ուղին` ընդգծելով հատկապես նրա բարձր պատասխանատվությունն ու կառավարման ձիրքը: Ա.Հարությունյանի խոսքերով` վերջին վեց տարիներին կառավարությունն առաջնորդվել է վիճակագրական ծառայության տվյալներով ու վերլուծություններով, որոնք պարբերաբար կատարվել են երկրի տնտեսության ամենատարբեր ոլորտներում և նպաստել երկրի սոցիալ-տնտեսական ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:
Իր խոսքում Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար` խոստովանելով, որ գիտակցում է ստանձնած աշխատանքի ողջ ծանրությունն ու պատասխանատվության չափը: Միաժամանակ հավաստիացրեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարդարացվեն սպասելիքներ:<<Մեր բոլորի նպատակը պետք է լինի մեկը` Արցախի պետական համալսարանի հետագա զարգացման ապահովումը, ինչն իր հերթին կնպաստի մեր աշխատողների բարեկեցության բարձրացմանը>>,- ասաց նորընտիր ռեկտորը: Նա խոստացավ պահպանել համալսարանում տարիների ընթացքում ձևավորված բարի ու գեղեցիկ ավանդույթները` ավելացնելով նորերը:
Մ.Մինասյանը ներկայացրեց համալսարանի զարգացման իր ծրագրային դրույթները, որոնք բխում են 21-րդ դարի մարտահրավերներից: Այդ առումով, ինչպես ասաց նա, ԱրՊՀ-ն պետք է կրթի, դաստիարակի այնպիսի քաղաքացիներ, որոնք ունակ կլինեն ապրել, աշխատել և արարել ժողովրդավարական հասարակությունում:
Անդրադառնալով նորընտիր ռեկտորի ծրագրային որոշ դրույթների, վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ գալիք տարվա հունվարի 1-ից մեր երկրում շոշափելիորեն կբարձրանան աշխատավարձերն ու թոշակները:
ԼՂՀ վարչապետը կարևորեց մայր բուհի հիմնական աշխատողների սոցիալական երաշխիքների տրամադրումը: Դրանք աշխարհում տարբեր ձևերով են իրականացվում, իսկ հիմնականում` ապահովագրական ինստիտուտների միջոցով է արվում: Բայց քանի որ Արցախում այդ համակարգը զարգացած չէ, վարչապետի առաջարկով դա կարելի է իրականացնել համալսարանի կառույցում սոցիալական ծրագրերի փաթեթի առկայությամբ, որում առաջին հերթին հաշվի կառնվեն մարդկանց առողջությանը, ընտանեկան խնդիրներին վերաբերող հարցեր:
Ինչ վերաբերում է բուհում ենթակառուցվածքների զարգացմանը, ըստ Ա.Հարությունյանի, այդ ուղղությամբ բավական աշխատանք կատարվել է: Գրեթե բացակայում են, սակայն, հեռավար ուսուցումը և տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, հայազգի նշանավոր գիտնականների հետ օնլայն ռեժիմով շփումները, որոնք անչափ անհրաժեշտ են ու պահանջված:
Կառավարության ղեկավարն իր համաձայնությունը հայտնեց նոր ռեկտորի ներկայացրած ֆինանսական ծրագրի այն կետին, որով նախատեսվում է ավելացնել պետպատվերի շրջանակներում տրվող գումարները:
Վարչապետ Արա Հարությունյանը հավաստիացրեց, որ բուհի կոլեկտիվի հետ շփումները, հանդիպումները չեն սահմանափակվելու միայն տարեկան հաշվետվություններով, այլ լինելու են հաճախակի: