Արցախի պետական համալսարան

         sept        sept1

Նոր ուսումնական տարվա մեկնարկի և ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին Արցախի մայր բուհն իր հարկի տակ հյուրընկալեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին:

Ավանդույթի համաձայն պետական այրերն ու հյուրերը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների հուշակոթողին:

Մայր բուհի նիստերի դահլիճում դասախոսների և ուսանողների հետ կայացած հանդիպմանը ողջույնի խոսք ասաց Արցախի պետական համլասարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը: Նա շնորհավորեց ներկաներին սեպտեմբերյան իրարահաջորդ տոների` Գիտելիքի և դպրության օրվա և ԼՂՀ հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ: Դիմելով առաջին կուրսեցիներին` մայր բուհի ղեկավարը մասնավորապես ասաց. <<Դուք պետք է հպարտանաք, որ այս բուհի ուսանողներ եք: Դուք եք Արցախի ապագայի շինարարները և ձեզ է վստահված ավագ սերնդի գործի շարունակությունը: Վստահեցնում եմ, որ կարվի ամեն ինչ` ձեզ որակյալ կրթություն տալու և ապագա ժողովրդավարական հասարակության համար պատասխանատու և բարեխիղճ քաղաքացիներ դաստիարակելու գործում>>:

Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` ուսանողների համար առաջին դասը վարեցին պետական այրերը` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Իր և գործընկերների անունից շնորհավորելով մեկնարկ վերցնող նոր ուսումնական տարվա և Սեպտեմբերի 2-ի` ԼՂՀ հռչակման օրվա առիթով, Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարն անկախության դասն սկսեց` անդրադարձ կատարելով արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմությանը: Պատմական յուրօրինակ էքսկուրս կատարելով` նա վերհիշեց կարևոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում: Խորհրդարանի խոսնակը հանգամանալից ներկայացրեց ԼՂ Հանրապետության հռչակման իրավաքաղաքական հիմունքներն ու հանգամանքները, անկախ պետականության կայացման և ամրապնդման, երկրում ժողովրդավարական արժեքների հաստատման, քաղաքացիական հասարակության կառուցման գործընթացը:

Իր ելույթում Ա.Ղուլյանը կոչ արեց ուսանողներին` առաջ տանել այն գաղափարները, որ ծնվել են կրթօջախի պատերի ներքո:<<Այս տարեգրությունը տոնելիս մենք պետք է կարողանանք գնահատականներ տալ մեր անցած ճանապարհին, մենք պետք է կարողանանք ներկայացնել մեր արված գործը ոչ միայն ինքներս մեզ, այլև միջազգային հանրությանը, համայն աշխարհին>>,- ասաց ԱԺ նախագահը: Կարևորելով երիտասարդների տեղն ու դերը անկախության ամրապնդման գործում` Ա.Ղուլյանն ասաց. <<Դուք շատ հարուստ ժառանգություն եք ստացել, այնպիսին, որպիսին չի ստացել մեզանից որևէ մեկը և մեր նախնիները նույնպես: Դուք ստացել եք անկախ երկիր` ազատ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որն ինքն է որոշում իր ապագան£ Հաջորդ տարիների մեր հաջողությունները կախված են լինելու ձեզնից, որովհետև նախորդ` երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում մի քանի սերունդների անխոնջ, ամենօրյա և համառ աշխատանքի շնորհիվ ստեղծվել է մեր երկրի այսօրը, որը խաղաղ է, բարեկեցիկ է, ապահով է: Դուք պարտավոր եք շարունակել այդ արժանապատիվ երթը>>:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը հիմնականում գիտելիքի ու դրա կարևոր նշանակության մասին էր: Նրա համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց այս բնագավառում է: Եթե մենք կարողանանք վերելք ապահովել այս ոլորտում` կամրապնդենք Արցախյան ազատամարտի մեր հաղթանակը, ասաց ՀՀ կառավարության ղեկավարը: Հիմնավորելով այդ թեզը այն գոյաբանական սկզբունքներով, որոնք ընկած են Հայաստանի կառավարության ծրագրի հիմքում, Տ.Սարգսյանը մասնավորապես ասաց.<<21-րդ դարում փոխվել է ազգերի մրցակցության փիլիսոփայությունը: Այսօր զարգացած և ուժեղ ազգ է համարվում այն ազգը, որը հենց գիտության ոլորտում է առաջատար: Մրցունակ են այն ազգերը, որոնք նոր գիտելիք են ստեղծում և ոչ թե արտադրում են շատ ապրանքներ ու ծառայություններ: Եվ եթե մրցակցությունն այդ դաշտում է` հաջողության կհասնեն այն ազգերը, որոնք գիտության բնագավառում կունենան հաջողություններ` ազդարարելով, որ ունեն լավագույն կրթական համակարգ, կրթված երիտասարդություն: Այսինքն` պետությունները հնարավորություններ են ստեղծում իրենց երկրում նոր գիտելիք ծնվելու համար: Իսկ նոր գիտելիքները առաջին հերթին ծնվում են համալսարաններում>>:Վարչապետ Տ.Սարգսյանի խոսքերով` համալսարանները հասարակության հիմնական շարժիչներն են, այստեղ է կուտակվում գիտությունը: Գիտությունը և դասավանդումը իրարից տարանջատելը, ըստ վարչապետի, լուրջ հիմնախնդիր է ստեղծում: Ուստի, համալսարանները պետք է լինեն ոչ միայն կրթական, այլև գիտական օջախներ: Դասախոսները պարտավոր են զբաղվել գիտությամբ և իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները պարբերաբար հրապարակել: Դասավանդման և գիտության կապն ունի էական կարևոր նշանակություն` կրթական բարեփոխումներ առաջ տանելու և կրթության որակը բարձրացնելու գործում, ասաց Տ.Սարգսյանը:

Շարունակելով թեմայի կարևորումը` ՀՀ վարչապետը նշեց, որ այսօր ամենատարածված տերմինը <<գիտահեն տնտեսություն>> տերմինն է, ինչպես նաև` <<գիտահեն հասարակությունը>>: Որովհետև գիտության վրա հիմնված տնտեսությունը ենթադրում է այնպիսի միջավայրի ձևավորում, որն առնչվում է հասարակության հետ: Տ.Սարգսյանը ներկայացրեց ժամանակակից հասարակության կառուցվածքն ու դրա առանձնահատկությունները` այդ շղթայի վրա, որոնք պահանջում են կրթական արմատական բարեփոխումներ իրականացնել և բարձրացնել համալսարանների ծառայությունների մատուցման որակը: Այսօր անհրաժեշտ է, որպեսզի համալսարաններն ունենան այդպիսի հնարավորություններ և կարողություններ, որի ճանապարհը ՀՀ կառավարությունը տեսնում է հանրապետությունում հավատարմագրման ինստիտուտի ներդրմամբ, ինչը հնարավորություն է տալու խստագույնս հետևել կրթական ստանդարտներին ու չափանիշներին: Գործընթացն իր հերթին կհանգեցնի համալսարանների միավորմանն ու խոշորացմանը, որի արդյունքում էականորեն կբարձրանա մրցակցությունը կրթական դաշտում: ՀՀ վարչապետի կարծիքով` չի բացառվում, որ տասնյակ համալսարաններ չեն դիմանա մրցակցությանը, ինչը նշանակում է, որ հավատարմագրման ինստիտուտների շնորհիվ ներդրվող ինտելեկտուալ կարողությունները պետք է կենտրոնացվեն հենց այն բուհերում, որոնք կհամապատասխանեն լավագույն միջազգային ստանդարտներին: Պետական ֆինանսավորում կստանան միայն այն բուհերը, որոնք կանցնեն հավատարմագրման բոլոր փուլերը: Սա ևս կխթանի համալսարաններում որակական ծառայություններ մատուցելու պայքարին: Պետությունը պետք է խստագույնս վերահսկողություն իրականացնի, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այն արատավոր երևույթները, որոնք դեռևս առկա են մեր կրթական համակարգում: Այս գաղափարախոսությունը, ինչպես ասաց վարչապետը, անհրաժեշտ է ճիշտ ներկայացնել հանրությանը, որպեսզի կրթություն ստանալու ձգտումը լինի իրական, որպեսզի երիտասարդները գնան համալսարան ոչ թե դիպլոմ ստանալու կամ զինծառայությունից խուսափելու նպատակով, այլ գիտելիք ստանալու համար: Այս առումով մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջև և այստեղ է հենց ճակատը` այսօրվա պատերազմի, որտեղ պետք է միասին կերտվի հերթական հաղթանակը: <<Կրթությունը ժամանակակից աշխարհում ց կյանս է. մարդ մինչև կյանքի վերջ պետք է կրթվի, քանզի ժամանակակից աշխարհի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ գիտատեխնիկական հեղափոխությունը տեղի է ունենում ամեն օր: Ամն օր մեր կյանք մուտք են գործում նոր երևույթներ, գիտելիքը մեր առջև բացում է նոր դռներ և արտադրողականության առումով էլ եթե մենք մշտապես չվերանորոգենք մեր գիտելիքները` կպարտվենք ազգերի մրցակցության դաշտում: Իսկ դա նշանակում է, որ երիտասարդ սերունդը պետք է պատրաստ լինի մշտապես իր գիտելիքները հարստացնելու>>,- ասաց Տիգրան Սարգսյանը` ավելացնելով հետևյալը <<Միասին հաղթանակ տանելով Արցախյան պատերազմում` ի վիճակի ենք և պարտավոր ենք հաղթանակ տանել կրթության և գիտության բնագավառում: Դա կլինի նաև այն տուրքը, որը պարտավոր ենք վճարել անկախության ճանապարհին նահատակվածների հիշատակին: Այս ճակատում է ամրապնդվելու ազատամարտում տարած մեր հաղթանակը>>:

ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանեց նաև ներկաների հարցերին:

Պատասխանելով Սիրիական ճգնաժամի և հարևան Իրանի շուրջ տիրող իրավիճակի սրման մասին հարցին` ՀՀ վարչապետը մասնավորապես ասաց. <<Տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ Իրանի դեմ միջազգային սանկցիաները իրենց ակնհայտ բացասական ազդեցությունն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: Դա երևում է և ապրանքաշրջանառության ծավալներով, և ապրանքների տեսականիով, և դեպի Հայաստան տուրիստների հոսքով, և ՀՀ-ից ապրանքների` Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման դժվարություններով... Հայաստանն իր չորս հարևաններից միայն երկուսի հետ ունի տնտեսական, քաղաքական հարաբերություններ և եթե երկուսից մեկի հետ էլ խնդիրներ են առաջանում` դա չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր տնտեսության վրա: 2012-13թթ. դինամիկան այդ առումով խիստ բացասական է. գյուղատնտեսության ոլորտում արտահանման առումով լուրջ խնդիրներ են առաջացել և մենք նոր եղանակներ, նոր շուկաներ ենք որոնում` արտահանման ծավալներն ավելացնելու համար: Այս պահի դրությամբ մեզ համար առաջնայինը Սիրիայի մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու խնդիրն է, որի ուղղությամբ մենք նույնպես միջոցառումներ ենք իրականացնում: Իրադարձությունների զարգացումը հուշում է, որ մենք պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին>>:

Վերջում ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնելով պատվարժան հյուրերին` նրանց նվիրեց ԼՂՀ ԿԳ փոխնախարար Արմեն Սարգսյանի հեղինակությամբ լույս ընծայված <<Ղարաբաղի բարբառի բառարան>> գիրքը, որն օրերս ԱրՊՀ գիտխորհրդի նիստի որոշմամբ ներկայացվել է ՀՀ պետական մրցանակի: