Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ գիտխորհրդի նիստում
Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին գիտխորհրդի կազմում փոփոխություններ կատարելու, 2013-2014 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների, <<Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր>> համահամալսարանական ամբիոնի 2013-2014 ուսումնական տարվա պլանի հաստատման մասին հարցերը, ինչպես նաև` այլ հարցեր: Նիստին հրավիրված էին համալսարանի ստորաբաժանումների ղեկավարները:


Նախքան օրակարգի հարցերին անցնելը, գիտքարտուղար Գայանե Մարգարյանը տեղեկացրեց նախորդ` ԱրՊՀ հուլիսի 27-ին կայացած գիտխորհրդի նիստի ժամանակ տրված հանձնարարականների մասին: Մասնավորապես նշեց, որ ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին հանձնարարվել էր միջոցներ ձեռնարկել համակարգչային եղանակով քննությունների և ստուգարքների ընդունումը կատարելագործելու համար, ներկայացնել առաջարկություն` հեռակա ուսուցման համակարգում քննությունները և ստուգարքները համակարգչային եղանակով կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև` հեռացման ներկայացնել 2012-2013 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանին չներկայացած ուսանողներին: Վերոնշյալի մասին համապատասխան գրություններ են ստացել բոլոր դեկանները, աշխատանքներն ընթացքավորված են, առաջարկությունների համար հստակ ժամկետ չի սահմանվել. այն կքննարկվի դեկանների հետ և կսահմանվեն ժամկետները:
Խոսելով օրակարգի առաջին հարցի` գիտխորհրդի կազմում կատարվելիք փոփոխությունների մասին, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը նշեց, որ դրանք հիմնականում պայմանավորված են իրականացված կադրային փոփոխություններով:
Գիտքարտուղար Գայանե Մարգարյանը ներկայացնելով փոփոխությունները, իրազեկեց, որ ս.թ. օգոստոսի 15-ի համապատասխան հրամանի քաղվածքի համաձայն` որպես ԱրՊՀ գիտխորհրդի նախագահ ընդգրկվել է նորընտիր ռեկտոր Մանուշ Մինասյանը: Գիտխորհրդի կազմում ընդգրկվել են նաև նորանշանակ` վարչատնտեսական գծով պրոռեկտոր Կարեն Առուշանյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը (մինչ այդ նա գիտխորհրդի կազմում ընդգրկված էր որպես ստորաբաժանման ղեկավար): Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Կարեն Ներսիսյանին ու պրոռեկտոր Վահրամ Բալայանին հանել են գիտխորհրդի կազմից` առաջինին այլ աշխատանքի անցնելու, իսկ երկրորդին` զբաղեցրած պաշտոնից ազատվելու կապակցությամբ: Գիտքարտուղարի տեղեկացմամբ` ԱրՊՀ գիտխորհրդի կազմում կատարված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան փոփոխություններ կատարել գիտխորհրդին կից գործող մշտական հանձնաժողովների կազմում: Ինչպես ասաց Գ.Մարգարյանը, նշված հարցը դեռ կքննարկվի և հաջորդ նիստին կներկայացվեն նախատեսվող փոփոխությունները: Միաժամանակ մշտական հանձնաժողովների նախագահներին հանձնարարվեց հաջորդ նիստին հանդես գալ կատարված աշխատանքների մասին հաշվետվություններով:
Օրակարգի հաջորդ հարցը 2013-2014 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին էր վերաբերում: Այդ մասին հակիրճ տեղեկատվությամբ հանդես եկան ԱրՊՀ ֆակուլտետների դեկանները: Ընդհանուր առմամբ` բոլոր ֆակուլտետներում հաստատված էին դասացուցակները, կատարված` դասաբաշխումները: Իրենց ելույթներում դեկանները հավաստեցին, որ բուհը պատրաստ է նորմալ դիմավորել 45-րդ ուսումնական տարին:
Քննարկված հարցի առնչությամբ ռեկտոր Մ.Մինասյանը հանձնարարեց ամբիոնների վարիչներին` զգուշացնել բոլոր դասախոսներին, որպեսզի ավարտին հասցնեն իրենց գիտական աշխատանքները: <<Մեր առաջին պահանջը դասախոսական անձնակազմի որակական, գիտական մակարդակի բարձրացումն է և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Մի քանի ամբիոններում հրաժարվել ենք ապագայում հեռանկար չունեցող դասախոսներից: Բոլոր նրանք, ովքեր չեն համապատասխանում ներկայացվող չափանիշներին` տարվա ընթացքում պարտավոր են աշխատել իրենց որակական, գիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ>>, - ասաց Մ.Մինասյանը:
Ռեկտորն անդրադարձավ նաև սոցիալական որոշ խնդիրների, մասնավորապես նկատի ունենալով ամբիոնների վարիչների ցածր աշխատավարձը: Մոտ ապագայում կարվի հնարավորը` այն բարձրացնելու համար, ասաց մայր բուհի ղեկավարը: Նա դեկաններին հանձնարարեց ավելի շատ աշխատել ուսանողների հետ, ընթացքավորել, լուծում տալ որոշ հարցերի:
<<Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր>> ամբիոնի ուսումնական տարվա պլանի հաստատման մասին հարցի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ հանդես եկավ ամբիոնի վարիչ Արման Ղարամյանը: Ինչպես հայտնի է, ս.թ. մարտի 29-ին <<Սինոփսիս Արմենիա>> և <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերությունների ու ԱրՊՀ-ի միջև կնքվել է եռակողմ համաձայնագիր` նպատակ ունենալով ստեղծել, տեխնիկապես զինել համալսարանի կազմում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական կրթություն տրամադրող <<Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր>> համահամալսարանական ամբիոն, այն ապահովել վերապատրաստված դասախոսական կազմով, արդիական ծրագրային միջոցներով և ուսումնական նյութերով, ուսուցանել ուսանողներին` նշված մասնագիտացմամբ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու համար: Ամբիոնի դասախոսների կազմը` թվով երեք հոգի, ս.թ. մարտի 1-ից մինչև օգոստոսի 25-ը մասնակցել են ՀՀ-ում <<Սինոփսիս Արմենիա>>-ի կրթական դեպարտամենտում անցկացված վերապատրաստման դասընթացներին: Ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի` ամբիոնում մասնագիտացվող ուսանողների հավաքագրումն իրականացվում է բակալավրիատի 2-րդ կուրսն ավարտող համապատասխան ֆակուլտետի ուսանողներից: Սակայն 12-ամյա կրթական համակարգին անցնելու հանգամանքը պատճառ հանդիսացավ, որպեսզի փոփոխության ենթարկեն այս ձևաչափը և բացառության կարգով այս տարի ուսանողների ընդունելությունն իրականացնեն համապատասխան ֆակուլտետների շրջանավարտներից: Կիրառելով արտադրություն-բուհ կրթական մոդելի հաջողված և համընդհանուր հավանության արժանացած փորձը, ծրագիրը հնարավորություն կտա ԼՂՀ-ում աշխատուժի շուկային արտադրությանը պատրաստ շրջանավարտներ տրամադրել, որոնք օժտված կլինեն ժամանակակից պահանջներին բավարարող գիտելիքներով և գործնական հմտություններով, ասաց Արման Ղարամյանը: Նրա հավաստմամբ` <<Սինոփսիս Արմենիա>>-ն ԱրՊՀ-ին տրամադրել է ընկերության ծրագրային գործիքների 50 լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի տարեկան վարձավճարը կազմում է շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար: Դրանք բացարձակապես տրվել են անվճար:
Ուսումնական գործընթացն սկսելու առումով նոր ամբիոնի վարիչը հավաստիացրեց, որ նախապատրաստական աշխատանքները կատարված են, ուսումնական պլանը պատրաստ է և ներկայացված գիտխորհրդի հաստատմանը, կազմված է դասացուցակը, ինչպես նաև` դասախոսների ծանրաբեռնվածությունը: Միակ խնդիրը, ըստ Ա.Ղարամյանի, դասախոսական կազմի համար հատկացվող լսարանն է, որի շուտափույթ լուծումն էլ ակնկալում է բուհի ղեկավարությունից:
Գիտխորհրդի նիստը հաստատեց <<Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր>> համահամալսարանական ամբիոնի ուսումնական տարվա պլանը:
Այլ հարցերի շրջանակում ԱրՊՀ նախաձեռնությամբ, ինչպես նաև ԼՂՀ ԿԳ փոխնախարար, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի դիմումի համաձայն` գիտխորհրդի նիստի քննարկմանն էր ներկայացվել Ա.Սարգսյանի հեղինակությամբ լույս տեսած <<Ղարաբաղի բարբառի բառարան>>՚ աշխատությունը` ՀՀ պետական մրցանակի ներկայացնելու համար: Կից ներկայացվել էին ՀՀ Ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Հովհաննիսյանի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանի, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Մարգարյանի կարծիքները: Բառարանը, որ 16 տարիների տքնաջան աշխատանք է, նվիրված է Արցախյան շարժման 25-ամյակին, տպագրվել է հեղինակի միջոցներով: Իր խոսքում Արմեն Սարգսյանը հակիրճ ներկայացրեց բառարանի այն առավելությունները, որոնք հիմք են հանդիսացել նման դիմում ներկայացնելու համար: Դրանցից առաջինն այն է, որ գիրքը հայ բարբառագիտության մեջ բարբառին նվիրված ամենամեծ բառարանն է, ընդ որում` մի քանի անգամ ավելի մեծ, քան մինչ այդ եղածները:
ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանն իր խոսքում հավանության արժանացրեց աշխատությունը` նշելով, որ եթե այն ՀՀ պետական մրցանակ շահի` մեծ պատիվ կլինի ինչպես նախարարության, այնպես էլ համալսարանի համար:
Գրքի մասին իրենց կարծիքները հայտնեցին Սոկրատ Խանյանը, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը: Նրանց խոսքերով` կատարված է լուրջ գիտական աշխատանք և հիրավի, այն արժանի է մրցանակի ներկայացնելու համար:
Գիտխորհրդի քննարկմանն էր ներկայացվել նաև ֆիզմաթ ֆակուլտետում դասավանդվող որոշ մասնագիտական առարկաների հարցումները (ամբիոնի որոշմամբ` 11 առարկա) ավանդական, այսինքն ոչ համակարգչային եղանակով անցկացնելու մասին հարցը: Այդ մասին հանգամանալից պարզաբանումներ տվեց նշված ֆակուլտետի դեկան Կարեն Արամյանը: Խնդիրը առկա էր նաև մի շարք այլ ֆակուլտետներում, ուստի որոշվեց հարցի քննարկումը հետաձգել` շտապ որոշումներ չկայացնելու նպատակով:
Այլ հարցերի շրջանակում նիստը քննարկեց նաև մաթեմատիկա մասնագիտության մագիստրատուրայի ուսումնական պլանում մասնակի փոփոխություն կատարելու, քիմկենսաբանության ֆակուլտետում հեռակա ուսուցման համակարգում քիմիա-կենսաբանություն մասնագիտության ավարտական քննություններից մեկը ժամանակավոր կամ փորձնական ավարտական աշխատանքով փոխարինելու, պատմության և քաղաքագիտության ֆակուլտետում <<Հայաստանի հարակից երկրների պատմության>> մագիստրոսական ծրագրում մասնակի փոփոխություն կատարելու մասին հարցերը: