Արցախի պետական համալսարան

           DSC00688      DSC00689

Օրերս Արցախի պետական համալսարանի նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ ռեկտոր Մանուշ Մինասյանի հանդիպումը 1-ին կուրսեցիների հետ:
Շնորհավորելով նորաթուխ ուսանողներին համալսարան ընդունվելու կապակցությամբ` ԱրՊՀ ռեկտորը հավաստիացրեց, որ Արցախի մայր բուհն իր բոլոր հնարավորություններն ի սպաս կդնի նրանց որակյալ կրթություն տալու համար:

Նա հույս հայտնեց, որ գիտակրթական օջախ ոտք դրած երիտասարդներն առավելագույնս կօգտվեն ընձեռված հնարավորություններից, խելամտորեն կտնօրինեն ուսումնառության ժամանակահատվածը` ուսանողական տարիները` կուտակելով համապատասխան գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են բարձրորակ ու բազմակողմանի զարգացած մասնագետ դառնալու համար: <<Ինչպես ասում են` մեկնարկը հաջող էր. նման տեմպերով շարունակելով, մենք ձեզ հետ միասին կհասնենք մեր նպատակին,- ասաց Մանուշ Մինասյանը: -Իսկ դրա համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր նախադրյալները` բարձրորակ պրոֆեսորադասախոսական կազմ, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարաններ, էլեկտրոնային գրադարան և ընթերցասրահներ, մասնագիտական կաբինետներ և այլն: Միաժամանակ հորդորում եմ ջանք ու եռանդ չխնայել` ուսանողական տարիները դարձնելու տարաբնույթ հետաքրքրությունների ու գրավչությունների ժամանակահատված: Իր ստեղծման 44-րդ տարին թևակոխած մեր հաստատությունն աչքի է ընկնում բազում լավագույն ավանդույթներով, որոնց ձևավորման գործում արժանի ավանդ ունեն նաև բուհի ուսանողները: Համոզված եմ` դուք ևս անմասն չեք մնա գործընթացից և կնպաստեք նրա ձեռքբերումների պահպանմանն ու բազմապատկմանը>>: ԱրՊՀ ռեկտորն իր պատրաստակամությունը հայտնեց ուսանողների հետ հաճախակի հանդիպելու, նրանց կողմից բարձրացված հարցերին ընդառաջելու, օգտակար նախաձեռնություններին աջակցելու համար:
Արցախի մայր բուհի ղեկավարը ներկաներին ծանոթացրեց համալսարանի պատմությանը, նրա անցած դժվարին ուղուն` ստեղծման պահից մինչև մեր օրերը: Նա նշեց, որ այդ տարիների ընթացքում համալսարանի կոլեկտիվը կարողացել է հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, դիմակայել Արցախյան գոյամարտի ծանր տարիներին` հայրենիքի ազատությանը նվիրաբերելով 72 ուսանողի մատաղ կյանք: Եվ պատահական չէ, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին 1-ին կուրսեցիների երդման արարողությունն անց է կացվում զոհված ոսանողների հուշակոթողի մոտ: ԱրՊՀ ռեկտորը նորեկ ուսանողներին ծանոթացրեց նաև համալսարանի վարչակազմին ու ստորաբաժանումներին: Նա նշեց, որ այս տարի համալսարան է ընդունվել 605 դիմորդ, իսկ ընդհանուր առմամբ բուհում սովորում է 3427 ուսանող:
Մ.Մինասյանն անդրադարձավ նաև ուսանողների պարտականությունների և իրավունքների, ուսման վարձավճարների, գործող արտոնությունների, նախագահական կրթաթոշակի, <<Լավագույն ուսանող>> մրցույթի կազմակերպման, ուսանողներին գեղարվեստական և գիտական խմբերում ներգրավելու մասին հարցերին: Հաստատության ղեկավարը հավաստիացրեց, որ միմիայն իրենցից է կախված առաջիկա 4-5 տարիների ուսումնառության արդյունավետությունը.<<Սա ամենալավ շրջանն է, որը դուք պետք է օգտագործեք լիարժեք` ձեր պահանջներին համապատասխան գիտելիքներ ստանալու համար>>,- ասաց Մ. Մինասյանը:
Վերջում ԱրՊՀ ռեկտորը պատասխանեց ուսանողների հարցերին և հաջողություններ մաղթեց համատեղ աշխատանքում:
Միջոցառմանը մասնակցում էր ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը: