Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի` վերջին տարիներին ձևավորված բարի ու գեղեցիկ ավանդույթներից է առաջին կուրսեցիների երդման արարողությունը Այն անց է կացվում հանդիսավոր պայմաններում` Արցախյան պատերազմում զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողի մոտ, որը համալսարան ոտք դնող յուրաքանչյուրի համար դարձել է սրբատեղի:

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած` մայր բուհի 44-րդ ուսումնական տարվա առաջին կուրսեցիների երդման արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արա Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, Պաշտապանության բանակի զինծառայողներ:

Միջոցառումն սկսվեց նահատակ ուսանողներին հարգանքի տուրք մատուցելու ավանդական արարողությամբ. պետական այրերն ու պրոֆեսորդասախոսական կազմը ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին նրանց անմար հիշատակին կառուցված հուշակոթողին:

Հնչեց Արցախի պետական համալսարանի օրհներգը:

Հիշարժան օրվա կապակցությամբ նորակոչիկ ուսանողներին առաջինը շնորհավորեց Արցախի մայր բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանը: <<Դուք ոտք եք դրել մի կրթօջախ, որը 44-ամյա դժվարին, բայց հարուստ կենսագրությամբ ճանապարհ է անցել,- ասաց ԱրՊՀ ռեկտորը:- Պատիվ ու հպարտություն է ուսանել այն համալսարանում, որի ուսանողներն օրհասական պահին գրիչը փոխարինեցին զենքով և պաշտպանեցին հայրենիքը ոսոխից` այսօրվա սերնդին պարգևելով ազատ ու անկախ հայրենիք: Նրանցից 72-ը իրենց կյանքը դրեցին հայրենիքի պաշտպանության զոհասեղանին>>: Իր խոսքում Մ. Մինասյանը հավաստիացրեց, որ ԱրՊՀ կոլեկտիվը պատրաստ է ծառայեցնել բոլոր ուժերը` որակյալ ուսում տալու, ուսանողական առօրյան հետաքրքիր դարձնելու համար:

Պետական այրերի` անկախ հայրենիքի երիտասարդներին ուղղված ողջույնի խոսքում խորին խորհուրդ ու պատգամ կար: <<Ձեր մեջ է մեր երկրի ապագա նախագահը, շինարարը, գիտնականը, պետական գործիչը… Մենք ձեզնից ակնկալում ենք մեծ պատասխանատվություն` երկրի պետականաշինության գործում: Ցանկացած ոլորտում ցուցաբերած բարեխիղճ գործունեությունը միայն ու միայն կնպաստի երկրի շենացմանը: Այսօր ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները` խոր գիտելիքներ ու որակյալ ուսում ստանալու համար: Դուք հնարավորություն ունեք հետաքրքիր ու անմոռաց դարձնել ձեր ուսանողական առօրյան, ինչի մասին երազում էր մեր սերունդը, որն այդպես էլ չկարողացավ վայելել այդ ժամանակահատվածը… քանզի մարտնչում էր հայրենիքի ազատության համար>>,- ասաց վարչապետ Արա Հարությունյանը` կոչ անելով առաջին հերթին լավ սովորել և խելամտորեն տնօրինել ուսումնառության ժամանակաշրջանը:

ԼՂՀ ԿԳ նախարարի` ուսանողներին ուղղված ամենամեծ մաղթանքը լավագույն մասնագետ դառնալն ու իրենց կոչմանը հավատարիմ մնալու մեծագույն ցանկությունն էր. ՙԵրդման արարողությունը բուհ ընդունվելու ձեր առաջին քայլն է. հաջորդ քայլերը պետք է լինեն լավ սովորելը, բուհն ավարտելն ու երկրի համար բարձրորակ մասնագետ դառնալը: Եվ այս ամենի համար դուք ջանք ու եռանդ չպետք է խնայեք: Որովհետև առանց գիտելիքի մասնագետ չեն դառնում. ամեն ինչի հիմքը գիտելիքն է>>,- ասաց Սլավա Ասրյանը:

Բարձր կուրսեցիների անունից առաջին կուրսեցիների նորամուտը շնորհավորեց հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, <<2012-2013 ուսումնական տարվա ԱրՊՀ լավագույն ուսանող>> մրցանակաբաշխության երրորդ մրցանակակիր Նինել Գաբրիելյանը: Նա հույս հայտնեց, որ նորեկներն անմասն չեն մնա մայր բուհում արձանագրվող հաջողությունների բազմապատկման դժվարին, բայց պատվավոր առաքելությունից:

Ազատագրված հայրենիքի պետական դրոշն ու պատիվը բարձր պահելու պատասխանատվությամբ համակված` առաջին կուրսեցիները երդվեցին հարուստ գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին չընկրկել դժվարությունների առջև, մաքառել գիտության բարձունքները նվաճելու համար, վառ պահել նահատակների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ ու անմահ գաղափարներին, պատվով ու պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը: Սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման ուղին բռնած մայր բուհը` Արցախի պետական համալսարանը:

Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական արարողությամբ. բուհի ռեկտորն ու պետական այրերն առաջին կուրսեցիներին հանձնեցին ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները, ովքեր յուրատեսակ հպարտության զգացում էին ապրում ու դեռ երկար, շատ երկար կհիշեն այդ օրը: