Արցախի պետական համալսարան

Այս օրերին Արցախի մայր բուհի ապագա քաղաքագետների և լրագրողների հետ տարբեր հանդիպումներ են կազմակերպվում <<ԼՂՀ հիմնախնդիրն ամենասուր անկյուններով>> թեմայի շրջանակներում: Երիտասարդ քաղաքագետների աշնանային դպրոցը մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հերթական այն ծրագրերից է, որի նպատակը Արցախի երիտասարդ քաղաքագետների, լրագրողների, պատմաբանների, տնտեսագետների, հասարակական կառույցներում ընդգրկված ակտիվ երիտասարդների հետ աշխատելն է` պատրաստելով ԼՂՀ արտաքին քաղաքական դիրքորոշումներին ու շահերին քաջատեղյակ և առավելագույնս տիրապետող կադրեր:


Արցախի երիտասարդության մասնակցությունը միջազգային ծրագրերին բավականին համեստ հաջողություններ ունի: Պատճառներից առանցքայինը թերևս տեղեկացվածության, ինչպես նաև օտար լեզուների իմացության ոչ բավարար մակարդակն է: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքերով` գերատեսչությունն իր հասարակական քաղաքականության ռազմավարության ծրագրի շրջանակներում տարբեր միջոցառումներ է իրականացնում, սակայն կարևոր է այն հանգամանքը, որ երիտասարդներն իրենք էլ գաղափարներ ներկայացնեն և ակտիվություն ցուցաբերեն նմանատիպ հարցերում:
Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը նշեց, որ մայր բուհը նույնպես կլինի նախաձեռնող և համապատասխան մասնագետների ու պետական մարմինների առջև հանդես կգա տարբեր առաջարկություններով` այս կամ այն թեմաների շուրջ ավելի խորը թեմատիկ քննարկումներ անցկացնելու համար:
Երիտասարդ քաղաքագետների աստիճանային դպրոցում պարապմունքները երկու փուլով են ընթանում. տեսական գիտելիքներից բացի` ունկնդիրները համակարգչային հմտությունների են տիրապետելու: Այս առումով առաջիկայում կհյուրընկալեն տեղեկատվական ոլորտի առաջատար մասնագետին:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հավաստմամբ` նպատակն առաջին հերթին հասարակագետներին, իրավաբաններին, պատմաբաններին, տնտեսագետներին, քաղաքագետներին, ապագա լրագրողներին ղարաբաղյան հակամարտության մասին խորացված գիտելիքներ տալն է: Դա պահանջված է, որովհետև այդ մասին բուհերում առայժմ չի դասավանդվում, այնինչ մեր ազգն ապրում է այդ հարցով, ասաց Ա. Մանասյանը:
Աշնանային դպրոցի մասնակիցներն ընտրվել են նախօրոք հայտագրված թեկնածուներից: Կազմակերպիչները, հաշվի առնելով մասնակիցների առաջարկները, մտածում են ծրագրի շարունակականությունն ապահովելու մասին: Բանախոսներից Ալեքսանդր Մանասյանը հակված է աշխատել ապագա քաղաքագետների, դիվանագետների ավելի նեղ շրջանակի հետ, մասնավորապես նրանց, ովքեր, իր իսկ խոսքերով` ցանկանում են բարձրացնել տեսական պատրաստականությունն այս հարցում: Ինչպես մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, այնպես էլ Արցախի պետական համալսարանը համաձայնություն են տվել այս գործը շարունակելու համար: Իսկ մեր գիտնականները, իչնպես ասաց բանախոսը, պատրաստ կլինեն հաղորդել իրենց գիտելիքները երիտասարդներին:
Ապագա քաղաքագետները հույս ունեն, որ եկող տարի մագիստրոսական ծրագրում դիվանագիտություն, ԼՂՀ հիմնախնդիրն ուսումնասիրող դասաժամեր կներառվեն: Համալսարանի ղեկավարությունը պատրաստակամ է անել հնարավորը` ուսանողներին ժամանակակից կրթություն ապահովելու հարցում: Իսկ ցանկալի արդյունքն այս պարագայում ուսանողի ակտիվությունից է կախված: