Արցախի պետական համալսարան

                   ARph            ArPH-2

Ինչպես հայտնի է, ս.թ. մարտի 29-ին <<Սինոփսիս Արմենիա>>, <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերությունների և Արցախի պետական համալսարանի միջև կնքվել է եռակողմ համաձայնագիր, որի նպատակը համալսարանի կազմում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական կրթություն տրամադրող <<Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր>> համահամալսարանական ամբիոնի ստեղծումն է, այն տեխնիկապես զինելն ու վերապատրաստված դասախոսական կազմով, արդիական ծրագրային միջոցներով և ուսումնական նյութերով ապահովելը, ուսանողներին նշված մասնագիտացմամբ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու համար ուսուցանելը:

<<Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր>> նորաստեղծ ամբիոնի վարիչ Արման Ղարամյանի տեղեկատվությամբ` ԱրՊՀ գիտական խորհրդի կողմից արդեն հաստատվել է ուսումնական տարվա պլանը: Ամբիոնի դասախոսների կազմը` թվով երեք հոգի, ս.թ. մարտի 1-ից մինչև օգոստոսի 25-ը մասնակցել է ՀՀ-ում <<Սինոփսիս Արմենիա>>-ի կրթական դեպարտամենտում անցկացված վերապատրաստման դասընթացներին: Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի` ամբիոնում մասնագիտացվող ուսանողների հավաքագրումն իրականացվում է բակալավրիատի 2-րդ կուրսն ավարտած համապատասխան ֆակուլտետի ուսանողներից: Սակայն 12-ամյա կրթական համակարգին անցնելու հանգամանքը պատճառ հանդիսացավ, որպեսզի փոփոխության ենթարկեն այս ձևաչափը և բացառության կարգով այս տարի ուսանողների ընդունելությունն իրականացնեն համապատասխան ֆակուլտետների շրջանավարտներից: Ներկա պահին, ինչպես փաստեց ամբիոնի ղեկավարը, հստակեցվել է 12 հոգուց բաղկացած խմբի ցուցակը` նոր մասնագիտության ձեռքբերման համար: Ա.Ղարամյանի խոսքերով` կիրառելով արտադրություն-բուհ կրթական մոդելի հաջողված և համընդհանուր հավանության արժանացած փորձը, ծրագիրը հնարավորություն կտա ԼՂՀ-ում արտադրությանը պատրաստ շրջանավարտներ տրամադրել, որոնք օժտված կլինեն ժամանակակից պահանջներին բավարարող գիտելիքներով և գործնական հմտություններով: Այն բացառիկ նշանակություն կունենա միկրոէլեկտրոնիկայի բնագավառում բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Նրա հավաստմամբ` <<Սինոփսիս Արմենիա>>-ն ԱրՊՀ-ին տրամադրել է ընկերության ծրագրային գործիքների 50 լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի վարձավճարը կազմում է շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար: Դրանք բացարձակապես տրվել են անվճար:
Նորաստեղծ ամբիոնի վարիչը հավաստիացրեց, որ ուսումնական գործընթացն սկսելու նախապատրաստական աշխատանքները կատարված են, կազմված է դասացուցակը, իրականացված` դասաբաշխումը: <<Սինոփսիսը>> որպես էլեկտրոնային նախագծման ավտոմատացման համաշխարհային առաջատար ընկերություն համագործակցում է աշխարհի ավելի քան 1300 համալսարանների հետ: Հայաստանում այդ համալսարանները չորսն են` ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա:<<Արցախը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չպետք է հետ մնա ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի զարգացած երկրներից,- ասաց Ա. Ղարամյանը: - Արցախի համար չկա այլ ճանապարհ, քան ապավինել ինտելեկտին և գիտատար տնտեսությանը: Անկախ այն բանից, թե ինչ աշխարհաքաղաքական իրողությունների մեջ է երկիրը, ինչ դժվարություններ ու մարտահրավերներ կան ծանրացած նրա առջև, տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է զարգանան: Իսկ ցանկացած ճյուղ կարող է զարգանալ միայն բավարար ինտելեկտուալ ներուժ ունենալու և տվյալ երկրի իշխանությունների կողմից քաղաքական կամք դրսևորելու դեպքում, այսինքն` պետք է լինի պետական հոգածություն և հովանավորչություն, ինչն էլ այսօր առկա է>>:
Հավելենք, որ <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ-ի կողմից հատկացված 28 միլիոն դրամի աջակցության շնորհիվ` համաձայնագրի շրջանակներում արդի և ուսումնական պահանջներին ու չափանիշներին համապատասխան կահավորվել և ժամանակակից համակարգչային տեխնիկայով վերազինվել է համալսարանի կողմից տրամադրված լսարանային տարածքը: