ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅԱՆԱԳԻՐ

26.09

2013

        DSC00742  DSC00736

Դեռևս մեկ տարի առաջ Արցախի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլետում բացվեց <<Կառավարման տեղեկատվական համակարգեր>> մասնագիտությունը:
Սեպտեմբերի 26-ին մայր բուհում մեկնարկեց մի ծրագիր, որի նպատակը նշված մասնագիտությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելն է: Այս առումով <<Հայ կրթական հիմնարկության>>, <<Գիտական, կրթական, մշակույթի զարգացման կազմակերպության>> և Արցախի պետական համալսարանի միջև կնքվեց եռակողմ պայմանագիր, համաձայն որի <<Հայ կրթական հիմնարկությունը>> չորս տարվա կտրվածքով 100 000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն պետք է ցուցաբերի վերոնշյալ մասնագիտության կայացմանը:

Ինչպես ասաց Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը` տարվա կտրվածքով նաև որոշակի գումար է նախատեսվում ինչպես համակարգիչների ձեռք բերման համար, այնպես էլ դասախոսների աշխատավարձերի փոխհատուցման համար:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, <<Հայ կրթական հիմնարկության>> և <<Գիտական, կրթական, մշակույթի զարգացման կազմակերպության>> ներկայացուցիչները, լրագրողներ: 
Ողջունելով ծրագրի մեկնարկը` ռեկտոր Մանուշ Մինասյանը նշեց, որ այն մեծ նշանակություն ունի ոչ միայն Արցախի մայր բուհի, այլև երկրի գիտակրթական ոլորտի հետագա զարգացման համար: Նրա խոսքերով` մասնագիտությունը հաստատված է ԼՂՀ կառավարության կողմից և պետպատվերի շրջանակներում տեղեր են հատկացվում դրա համար: Անցյալ տարի խումբն ունեցել է 23 ուսանող, որից 8 հոգու ուսման վարձը` կրթաթոշակի հետ միասին պետք է վճարի <<Հայ կրթական հիմնարկությունը>>:
<<Արցախի պետական համալսարանը նախանձախնդիր է իր ուսանողներին ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ կրթություն տալու հարցում և այս ուղղությամբ պարբերաբար միջոցներ է ձեռնարկում: Գաղտնիք չէ նաև, որ մեր հանրապետության աշխատաշուկայի պահանջված մասնագիտություններից է կառավարման տեղեկատվական համակարգերը, ինչն էլ գալիս է հիմնավորելու մեր այսօրվա մեկնարկվող ծրագրի արդիականությունն ու կարևորությունը>>,- ասաց Մանուշ Մինասյանը:
Շնորհակալություն հայտնելով կողմերին`  Արցախի մայր բուհի ղեկավարը հույս հայտնեց, որ ծրագիրը կունենա հաջող ընթացք և շարունակություն:
<<Հայ կրթական հիմնարկության>> և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կապը վաղուց է և տարիների պատմություն ունի: Կազմակերպությունը բազում ծրագրեր է իրականացրել ոլորտում` սկսած դպրոցների շինարարությունից, գույքի ապահովումից, կրթաթոշակների և տարաբնույթ օգնությունների տրամադրումից: Իր խոսքում ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց այս ամենի համար: <<Ղարաբաղցին երբ տեսնում է, որ Սփյուռքն իր հետ է` ավելի է ոգևորվում: Արցախը հաղթանակեց մեր միասնության շնորհիվ և այսօր էլ պետք է այդ հաղթանակը ամրապնդվի նույն ձևով ու նմանատիպ բարեգործությունների միջոցով, որպեսզի ժողովուրդը կարողանա ապրել, արարել այս հողում ու զարգացնել երկիրը: Իսկ դուք այցելելով Արցախ` տեսնում եք ձեր աջակցության պտուղները և ամեն անգամ նոր` դրական լիցքեր եք տանում ձեզ հետ>>,- ասաց Սլավա Ասրյանը` բարի երթ մաղթելով ծրագրին: