Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 2-ին Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտոր Մանուշ Մինասյանի հանդիպումը` բուհի ուսանողական վարչության անդամների հետ: Ներկա էր ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը:

Ողջունելով ուսանողներին` ԱրՊՀ ռեկտորը նշեց, որ սա իրենց առաջին հանդիպումն է, բայց ոչ վերջինը: Մայր բուհի ղեկավարությունը շահագրգռված է հաճախակի հանդիպել ուսանողական ակտիվի հետ, լսել նրանց առաջարկությունները, բարձրացված խնդիրները և համատեղ լուծում տալ դրանց, ասաց Մ.Մինասյանը: Նրա խոսքերով` ուսանողական այդ կառուցը կոչված է ապահովել ոսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, պաշտպանել նրանց օրինական շահերն ու իրավունքները, բուհի կառավարման մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցերը, և իհարկե, նպաստել ուսանողների կրթական, գիտական, հոգևոր, բարոյական ու ստեղծագործական վերելքին: Իսկ դրա համար ինչպես ուսվարչության անդամները, այնպես էլ մյուս ուսանողները պետք է իրազեկված լինեն, իմանան իրենց իրավունքների և պարտականությունների մասին:
ԱրՊՀ ռեկտորը ծանոթացավ ուսվարչության անդամների հետ, հետաքրքրվեց նրանցից յուրաքանչյուրի նախասիրություններով և ուսման մեջ ունեցած հաջողություններով, հորդորեց ձգտել առավելագույնս լիարժեք օգտագործել ուսումնառության ժամանակահատվածը: "Ուսվարչության անդամները պարտավոր են լինել օրինակելի: Ձեր կառույցն այն կորիզն է, որի վրա պետք է հենվեն մյուսները",- ասաց Մ.Մինասյանը:
Հանդիպման ժամանակ ուսանողները հանդես եկան տարաբնույթ առաջարկություններով: Դրանք հիմնականում վերաբերում էին առանձին առարկաների դասավանդմանը, համալսարանում խմբակների ձևավորմանը, ուսանողների սոցիալական խնդիրներին: ՙՁեր և մեր նպատակներին հասնելու համար միասին պետք է պայքարենք: Ուստի, ձեզնից` յուրաքանչյուրի ակտիվությունից է կախված, թե ինչպիսի երիտասարդություն կունենանք վաղը, ինչպիսին կլինի մեր ազգի ապագան: Եղեք միշտ ազնիվ ու անկեղծ…",- ասաց ԱրՊՀ ռեկտորը:
Իսկ առջևում ուսվարչության նախագահի ընտրություններն են, ինչի առիթով Մ.Մինասյանը կրկին հորդորեց լինել օբյեկտիվ, քանզի առաջին հերթին ղեկավարից է կախված կառույցի ակտիվ գործունեությունը: