ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԲԱՐԵԿԱՄԻ ՀԵՏ

09.10

2013

Հոկտեմբերի 7-ին Արցախի մայր բուհն իր հարկի տակ հյուրընկալեց Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան, Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ Հանս-Յոխեն Շմիդտին, ով Արցախ էր ժամանել Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված Միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:

Համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա էին դասախոսներ և ուսանողներ, ողջույնի խոսք ասաց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Նրա խոսքերով` մի քանի տարի առաջ, երբ պարոն Շմիդտը ԵԱՀԿ Բելառուսի գրասենյակի ղեկավարն էր, բելառուսական ժողովուրդը նույնպես նրան ճանաչեց որպես իր ժողովրդի հավատարիմ բարեկամ և բնութագրեց որպես անչափ շփվող, մարդամոտ` պատրաստ պատասխանելու ցանկացած հարցի, ինչին ոչ բոլոր դիվանագետներն են ընդունակ: Շնորհիվ նրա ձեռնարկումների` երկրում անց են կացվել տնտեսական համաժողովներ, սեմինարներ, կոնսուլտացիաներ` Բելառուսի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և զանգվածային լրատվամիջոցների զարգացման ուղղությամբ, կազմակերպվել են ցուցահանդեսներ, հանդիպումներ, գիտաժողովներ, միջոցառումներ` նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը: Որտեղ էլ որ ծառայել է Հանս Յոխեն Շմիդտը, այդ թվում նաև Հայաստանում, մշտապես ձգտել է երկխոսություն ստեղծել իշխանությունների և ընդդիմադիր ուժերի միջև, ասաց ռեկտոր Մ.Մինասյանը: ՙՄեզ համար անչափ տպավորիչ է պարոն Շմիդտի հավասարակշռված և իրական դիրքորոշումը` արցախցիներիս համար գլխավոր հարցում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրում: Խոսակցությունները` հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու վերաբերյալ, վտանգավոր են, ասել է դեսպանը: Ըստ պարոն Շմիդտի` կարևոր է ուղիներ որոնել` ղարաբաղյան հակամարտությունը Մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծելու համար, որում ընդգրկված են տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժ գործադրելու վտանգը բացառող սկզբունքները՚,- իր խոսքում ասաց ԱրՊՀ ռեկտորը:
Իր ելույթում Հանս-Յոխեն Շմիդտն անդրադարձավ հայ-գերմանական հարաբերություններին` հայտնելով, որ դրանք հաստատվել են դեռևս 1990-ականներին, իսկ վերջին շրջանում նոր զարգացումներ են ապրում` մասնավորաբար Արևելյան համագործակցության համաձայնագրի շրջանակներում: