Արցախի պետական համալսարան

    DSC00762       DSC00759

Ճանաչողական այցով Արցախում գտնվող հունգարացի մի խումբ ուսանողներ իրենց ղեկավար-դասախոսի` արևելագիտության դոկտոր Բալինթ Կովաչի գլխավորությամբ և ԼՂՀ արտգործնախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 15-ին եղան Արցախի պետական համալսարանում:

Մայր բուհի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջոցառմանը նրանք իրենց ուսումնասիրությունները ներկայացրին համալսարանականներին, մասնավորապես` պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողներին:
Մինչ այդ ֆակուլտետի դեկան Վալերի Ավանեսյանը ծանոթության կարգով ներկայացրեց ինչպես հունգար, այնպես էլ ԱրՊՀ ուսանողներին:
Ողջույնի խոսքում Բալինթ Կովաչը` խոսելով այցի նպատակների մասին, նշեց, որ իր ուսանողները շատ էին ուզում ճամփորդել Հայաստան և Արցախ, ինչն էլ ահա իրականություն դարձավ: Նրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրել է հայոց պատմությունը, գիտի ցեղասպանության մասին: Այս տարի Տրանսիլվանիայում կազմակերպել են ցուցահանդես հայկական թեմայով:
Ինչպես Բ.Կովաչը, այնպես էլ Վ.Ավանեսյանը` խոսելով հայ հունգարական բարեկամության մասին, փաստեցին, որ դրանք դարերի պատմություն ունեն: Ուշ միջնադարում Հունգարիայում հզոր հայկական գաղթօջախ է ձևավորվել, իսկ Տրանսիլվանիայում չորս հայաբնակ քաղաքներ կային:
Բ.Կովաչը սովորել է Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի ասպիրանտուրայում` <<Արևելագիտություն>> մասնագիտությամբ: Հայոց պատմության ուսումնասիրությունը երիտասարդ արևելագետի առջև բացել է հայագիտության դռները, և նա 2010թ. պաշտպանել է գիտական թեզ` <<Միջտարածաշրջանային արտագաղթը և մշակութային կապերը Փոքր Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հարավ-արևելյան Եվրոպայի միջև` Հարավ-արևելյան և Արևելյան Եվրոպայում հայկական սփյուռքի փոքրամասնությունների օրինակի հիման վրա>> (հայերը Տրանսիլվանիայում իրական օրինակի հիման վրա) թեմայով: Բ.Կովաչը նաև Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի անդամ է: Նրա ուսումնասիրությունների թեմաներից է հայերի և Տրանսիլվանիայի պատմությունը, հայերը` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մշակույթի և տնտեսության մեջ: Հայագիտության ասպարեզում առաջին քայլերը կատարող իր ուսանողներին դոկտոր Կովաչը հայկական աշխարհ է բերել իրական ծանոթությունների համար: <<Ուրախ եմ, որ գտնվում եմ Արցախում և կարող եմ իմ ուսանողներին ցույց տալ այն երկիրը, որի մասին պատմել եմ: Մենք ճանապարհին խոսել ենք Նախիջևանի մասին, հայ եկեղեցիների մասին և հիմա ուզում ենք սովորել և ճանաչել հայոց պատմությունն Արցախում>>,- ասաց նա, ընդ որում` մաքուր հայերենով:
Հունգար ուսանողների ԱրՊՀ-ում ներկայացրած թեմաները ինչպես առասպելաբանության, այնպես էլ հայերի քաղաքական ու մշակութային կյանքին էին վերաբերում: Առաջին զեկուցման թեման, որով հանդես եկավ Յանոս Ֆեյեսը, կոչվում է <<Պրոմեթևս հերոսի օրինակը կովկասյան և եվրոպական առասպելաբանության մեջ>>: <<Հայերի ինտեգրումը Հունգարիայում 18-19-րդ դարերում>> (Զորկա Էվետովիչ), <<Հայ հերոսները Հունգարիայի անկախության պատերազմում 1848-49թթ.>> (Սեփա Ադրիեն), <<Հայ-հունգարական գրականությունը Տրանսիլվանիայում>> (Ադամ Շրյոդլ), <<Հայկական սփյուռքը Հունգարիայում` հայերի ցեղասպանությունից հետո>> (Պիտեր Կրանից), <<Հայկական տեսարժան վայրերը Բուդապեշտում>> (Լիլի Վեկասի). սրանք էին հիմնականում հունգար ուսանողների ներկայացրած թեմաները:
Ի տարբերություն հունգար ուսանողների ելույթների, որոնք վերաբերում էին պատմության ավելի վաղ ժամանակաշրջանների, արցախցի ուսանողների ելույթներն առօրեական, ժամանակակից թեմաների մասին էին, մասնավորապես հայ-հունգարական հարաբերությունների վերջին փուլի, որն սկսվեց մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո: Դոկտոր Կովաչի հավաստմամբ` թեման քննարկել են ինչպես ուսանողների, այնպես էլ գործընկերների հետ: <<Դա մեզ մտահոգվելու առիթ տվեց,- ասաց Բ.Կովաչը: - Դա իշխանության որոշումն էր և ոչ թե ժողովրդի: Ես քաղաքագետ չեմ, բայց կարծում եմ` սխալ քայլ էր և այն պետք է ուղղվի, քանի որ մենք կապված ենք իրար հետ կրոնով և պատմությամբ>>:
Այն հարցին, թե ինչով է պայմանավորված հայոց պատմության հանդեպ նման հետաքրքրությունը, Կովաչն ասաց. <<Տրանսիլվանիայի չորս հայաբնակ քաղաքները ժամանակին նպաստել են մարզի տնտեսական և մշակութային զարգացմանը: Հայերը նաև մասնակցել են հունգարական հեղափոխությանը, ծառայել են բանակում, պայքարել են հանուն Հունգարիայի և իրենց կյանքն են զոհաբերել>>:
Երիտասարդ հայագետը համոզված է, որ հայ-հունգարական հարաբերությունները ապագայում կզարգանան բնականոն հունով: Իսկ իր և իր ուսանողների այցը Հայաստան և Արցախ վերջինը չի լինի: