Արցախի պետական համալսարան

   1404925    1399       

ԼՂՀ արտգործնախարարության նախաձեռնությամբ այս օրերին Արցախում էին գտնվում արտասահմանյան մի շարք հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 19-ին փորձառու լրագրողները Եվրոպայի և Ասիայի լրագրողների Մեդիակոնգրեսի ասոցիացիայի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանի գլխավորությամբ այցելեցին Արցախի մայր բուհ` ԱրՊՀ լրագրության բաժնի ուսանողներին իրենց աշխատանքային փորձը հաղորդելու, ժուռնալիստիկայի գաղտնիքները բացահայտելու նպատակով:

Արցախի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի և ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանի ուղեկցությամբ հյուրերը ծաղիկներ դրեցին մայր բուհի զոհված ուսանողների հուշակոթողին` հարգելով նրանց անմահ հիշատակը:
Եղբայր համալսարանների համագործակցության կաբինետում կայացած հանդիպման ժամանակ արհեստավարժ լրագրողները մեր երկրի անցյալի և ապագայի մասին իրենց պատկերացումներն ու տեսակետները կիսեցին ԱրՊՀ ապագա լրագրողների հետ: <<Օգոնյոկ>> ամսագրի թղթակից Օլգա Ցիպենյուկը, <<Նովըյե>> իզվեստի>> թերթի գլխավոր խմբագիր Վալերի Յակովը, ով հայտնի է նաև որպես զինվորական լրագրող (նա անցել է Չեչնիայի պատերազմով, հասկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը), իսպանական <<EFE>> լրատվական գործակալության թղթակից Իգնասիո Օրտեգան հանդես եկան իրենց հետաքրքիր հարցադրումներով, ինչը միանգամից ակտիվություն և աշխուժություն առաջացրեց համալսարանականների մոտ:
Արցախցի ուսանողի այն հարցին, թե ինչքանով են արտասահմանյան լրագրողները տիրապետում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղից են նրանք վերցնում նման տեղեկատվություններ` Վ.Յակովը պատասխանեց. <<Ես ձեզ պետք է տխրեցնեմ. լրագրողներն այսօր այնքան էլ հետաքրքրված չեն Ղարաբաղյան իրադարաձություններով, որովհետև ներկայումս Ռուսաստանում էլ քիչ չեն իրադարձությունները>>:
ՙ<<Նովըյե իզվեստի>> թերթի խմբագիր Վալերի Յակովը խոստովանեց, որ իրենք Ղարաբաղին անդրադառնում են միայն այն ժամանակ, երբ որևէ վատ բան է տեղի ունենում երկրում, կամ` խոսում են չճանաչված երկրի և այլ երկրների հարաբերություններիմ մասին: Որպես տեղեկատվություն աղբյուր է հանդիսանում առաջին հերթին համացանցը: Բացի այդ, Վ.Յակովի խոսքերով` ձգտում են նաև աշխատել լրագրողների հետ տեղերում: Այս առումով նա ուսանողներին առաջարկեց գրել իրենց լրատվամիջոցի համար. օգտագործելով թերթի պարբերական հավելվածը հնարավոր է ստեղծեն ուսանողական էջ, որի նյութերը խմբագիրը խոստանում է ժամանակ առ ժամանակ տպագրել:
<<Ձեզ համար թերևս հպարտություն է ապրել մի հողակտորի վրա, որը սրբացած է հազարավոր զոհերի արյամբ, - դիմելով ուսանողներին ասաց<<Օգոնյոկ>>՚ ամսագրի ներկայացուցիչ Օլգա Ցիպենյուկը: - Ձեր ժողովուրդը բազում տառապանքներ է կրել, որի պատճառը պատմական խոր արմատներ ունի: Հակամարտող կողմերը չեն կարողանում բանակցել միմյանց հետ և այս առումով լրագրողի դերը կայանում է նրանում, որպեսզի օգնի, դառնա այն օղակը, որի միջոցով կկարողանան պայմանավորվածություններ ձեռք բերել: Շատ կարևոր է այն, որ դուք ձեր մասնագիտությամբ անեք այն ամենը, որպեսզի կոմունիկացիաների միջոցներ դառնան ոչ թե կրակոցները, այլ բանակցությունները>>:
Իր խոսքում Օ.Ցիպենյուկն ասաց, որ Արցախ է եկել գլխավոր խմբագրի հանձնարարականով. տեսնելու, առաջին աղբյուրից տեղեկանալու, թե ինչ է իրականում տեղի ունենում այստեղ: Ուստի, ավելի շատ ցանկանում է լսել տեղացիներին, հատկապես նման խնդիրներում արհեստավարժ մարդկանց:
Իգնասիո Օրտեգայի, ով աշխատում է աշխարհի առաջատար գործակալություններից մեկում, ապագա լրագրողներին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր Արցախի ապագային` ինչպես են պատկերացնում այն ներկայիս երիտասարդները:
Ուսանողների պատասխանները հստակ էին` դե ֆակտո ազատ ու անկախ Արցախի ապագան տեսնում են լուսավոր ու պայծառ, որպես միջազգայնորեն ճանաչված երկիր: Իսկ այսօրվա դրությամբ ԼՂՀ-ն որպես պետություն ավելի կայացած է, քան ճանաչված շատ երկրներ, ասացին արցախցի ուսանողները: