ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՐԿՈՒՍՏԵՔ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԱՐՑԵՐ

23.10

2013

       1handipum    handipum

Արցախում էին ՀՀ մի շարք երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ
Հոկտեմբերի 18-20-ը ճանաչողական այցով և համագործակցության լայն շրջանակներ ընդգրկելու ծրագրերով էին Արցախ ժամանել ՀՀ երիտասարդական և ուսանողական մի շարք կառույցների նախագահներ` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ղեկավարությամբ:

Հոկտեմբերի 19-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում նրանք հանդիպեցին Արցախի երիտասարդական ՀԿ-ներ` <<Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն>>(AYDC), <<Զեփյուռ>>, <<Արցախակերտում>>, <<Դաշնակցություն>> կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների և ուսանողական խորհուրդների նախագահների, ակտիվիստների հետ: Ներկաներին ողջունեց ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը և հակիրճ ներկայացրեց Արցախի պետհամալսարանի ոչ դյուրին ճանապարհը, զարգացման փուլը:
Բավականին մեծ կազմով Արցախ այցելած` ՀՀ-ում երիտասարդական քաղաքականություն իրականացնող պատվիրակությանը Վ.Յարամիշյանը տեղեկացրեց, որ համալսարանն ունի 9 ֆակուլտետ, 24 ամբիոն, որտեղ աշխատում են շուրջ 350 դասախոս, իսկ առկա և հեռակա բաժիններում սովորում են շուրջ 3500 ուսանողներ: Հյուրերը տեղեկացան համալսարանի կառուցվածքին, ընթացակարգին: Այստեղ պարբերաբար դասախոսություններ են կարդում ՀՀ և ՌԴ լավագույն մասնագետներ, գիտնականներ, գործում է էլեկտրոնային գրադարանը, համալսարանն ունի հրատարակչություն, թերթ: Ուսանողների գիտելիքները ստուգվում են համակարգչային և ավանդական տարբերակով: Բացի ՌԴ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ունեցած համագործակցության ծրագրերից, ԱրՊՀ-ն կայուն կապեր ունի Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավայի Օսիայի համալսարանների հետ: Վ.Յարամիշյանի պարզաբանմամբ` որպես մտավոր ներուժի զարգացման կենտրոն համալսարանը համագործակցում է նաև արտադրական ձեռնարկությունների հետ, որոնք որոշակի ներդրումներ են կատարում և կյանքի կոչում պահանջված ծրագրեր:
Հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանն առանձին-առանձին ներկայացրեց ՀՀ երիտասարդական կառույցների ղեկավարներին` նշելով, որ վերջիններս նախկին ուսխորհուրդների նախագահներն են, ովքեր այժմ իրենց համալսարաններում ռեկտորի խորհրդականներ կամ օգնականներ են, նույնիսկ պրոռեկտորներ, աշխատում են բուհի վարչական մարմիններում, այլուր: Նրանք պատրաստ են կյանքի կոչել արցախյան ծրագրերը, ինչպես նաև Արցախի երիտասարդներին հրավիրել Հայաստան և հնարավորություն ստեղծել այդ ծրագրերն իրականացնել նաև այնտեղ: <<Մենք շատ ենք խոսում Եվրոպայի, Ռուսաստանի հետ ինտեգրման տարբեր գործընթացների մասին, սակայն մենք դեռևս մեր մեջ ինտեգրման խնդիրներ ունենք: Դա հատկապես երիտասարդության շրջանում պետք է լուծել ու հետո խոսել աշխարհաքաղաքական ինտեգրումներից, որոնց բախվում ենք ժամանակ առ ժամանակ>>,- ասաց Կ.Ավագյանը: Նշվեց, որ ՀՀ-ում Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ուսանողության և երիտասարդության համար ստեղծվել է ՀԵՀ, որը կարողանում է ապահովել երիտասարդական և ուսանողական անհրաժեշտ բոլոր ծրագրերի իրականացման գործընթացը: Պատվիրակության ղեկավարը նշեց նաև, որ ծրագրերի իրականացման համար իրենք գումարային սահմանափակումներ չունեն, միայն պետք է ընտրվի այնպիսի ծրագիր, որը կարողանա ավելի շատ թվով երիտասարդների խնդիրներ լուծել, ավելի նպատակային լինի: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարվա կտրվածքով մի քանի ծրագրեր է իրականացնում Արցախում, բայց հիմնականում զորամասերում: Իսկ այս ճանաչողական այցի նպատակն էր նաև ընդհանուր ծրագրեր իրականացնել ուսանողների և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Ու արդեն կա պայմանավորվածություն, որ հայաստանյան կառույցներն անպայման համատեղ մեկ ծրագիր իրականացնեն Արցախում:
Հանդիպման ժամանակ Արցախի երիտասարդները ողջունեցին հյուրերի առաջարկները, արծարծեցին իրենց հուզող և ընդհանուր խնդիրներ, պատրաստակամություն հայտնեցին համագործակցել: ԱրՊՀ ուսանողական վարչության նախագահ Հարութ Մնացականյանը նշեց, որ Հիմնադրամն Արցախում իրականացնում է մի շարք միջոցառումներ, այդ թվում գիտական կոնֆերանսներ, և ուրախալի է, որ այսուհետ նման ծրագրերի քանակը կավելանա և կընդգրկի նաև միջազգային, մշակութային, մարզական ոլորտներ: ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեակավար Արուսյակ Պետրոսյանի պարզաբանմամբ` եթե իրենց արցախյան հիմնական ծրագրերը եղել են զորամասերում, ապա այս անգամ փորձում են ծրագրեր իրականացնել կրթության, գիտության, մշակույթի, առողջ ապրելակերպի և այլ ոլորտներում: Իսկ նման ծրագրերն առավել արդյունավետ կլինեն, եթե կրեն ճանաչողական բնույթ, այսինքն` երկուստեք ծանոթանան պատմամշակութային վայրերին և համատեղ ծրագրեր իրականացնեն երկու հայկական պետություններում: Ու ինչքան ավելի սերտ լինի համագործակցությունն արցախաբնակ և հայաստանաբնակ երիտասարդների հետ, հետագայում էլ ժամանակակից մարտահրավերների պայմաններում առավել արդյունավետ կլինի տարբեր ուղղություններով պայքարը: <<Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ արցախցի երիտասարդները լինեն ոչ միայն մասնակցի դերում, այլև նախաձեռնողի, հանդես գան ծրագրերով, լինեն կազմակերպիչներ, լիդերներ, կառուցեն իրենց երազանքները, սկսեն հիմքից և հասնեն գագաթնակետ: Կարծում եմ` համագործակցությունը պիտի բերի հենց այդպիսի կառուցողական մոտեցումների>>,- նշեց Ա.Պետրոսյանը:
Ընդհանուր առմամբ` Հիմնադրամն ունի մի շարք առանցքային ուղղություններ` կրթություն, գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական, մշակութային, հոգևոր-հայրենասիրական և միջազգային ծրագրեր: Այս բոլոր բնագավառներում իրենց անհատական ծրագրերով ներգրավված են Հայաստանում հանդես եկող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ: Հյուրերը նշեցին, որ տարվա յուրաքանչյուր սեզոնի ԱրՊՀ 50-հոգանոց ուսանողների խումբ կարող է իր հանգիստն անցկացնել ՀԵՀ ծաղկաձորյան բազայում, այսինքն` տարվա կտրվածքով շուրջ 200 ուսանող կմասնակցի նաև այս ծրագրին: <<Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն>> ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանը համամիտ է հյուրերի կարծիքին, որ լավ գաղափարները, ծրագրերը ծնվում են նման հանդիպումներից: Իրենց կազմակերպությունը մի քանի անգամ մասնակցել է ՀԵՀ-ի կողմից Ծաղկաձորում կազմակերպած սեմինարներին: Այս անգամ կենտրոնն իր հերթին պատրաստ է հայաստանյան երիտասարդներին հրավիրել Արցախ` մասնակցելու ամառային ճամբարներին: Ցանցային ոլորտի պատասխանատու Տարոն Պարսամյանն իր կողմից կոնկրետ գործնական առաջարկներ արեց սոցիալական ցանցերի, կայքերի անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ժամանակ երիտասարդները խոսեցին նաև միջազգային հարաբերությունների, ցեղասպանության հարցերի, քաղաքական հավաքների, առաջնորդության դպրոցների և այլ թեմաների շուրջ: Հյուրերը նաև տեղեկացան, որ Արցախի ուսանողական խորհուրդը ներգրավված է համալսարանի կառավարման գործընթացին և ուսանողների կարծիքները հաշվի են առնվում:
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը տեղեկացրեց, որ 4 տարի շարունակ եղել է համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը: Այդ ժամանակաընթացքում համագործակցության հուշագիր են ստորագրել ԱրՊՀ-ի վարչության հետ, որի շրջանակներում իրականացվում են փոխայցելություններ, որոշակի ոլորտներով ծրագրեր, օտար լեզուների ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ` կապված ուսանողական ինքնակառավարման, լեզվի իմացության, դասավանդման հիմնախնդիրների հետ: Այժմ էլ փորձում են համագործակցության շրջանակներն ընդլայնել և ավելի մեծ թվով ուսանողների ընդգրկել ծրագրերին: Իսկ ցանկացած համագործակցության հիմքը ծանոթությունն է, հետաքրքրությունների շրջանակների բացահայտումը: Նման հանդիպումներն էլ կարևոր խթան կհանդիսանան հետագա համագործակցության և միասնաբար ավելի բազմաբովանդակ ծրագրերի իրականացման համար:
Այցի շրջանակներում երիտասարդները հանդիպեցին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, եղան Արցախի տեսարժան վայրերում` Գանձասարի վանական համալիրում, Շուշիի Ս.Ղազանչեցոց եկեղեցում, այլուր: