Արցախի պետական համալսարան

711   300-201104806   Eduard-Ghazaryan

Հոկտեմբերի 25-ին Արցախի պետական համալսարանն իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ Էդուարդ Ղազարյանին և Վանիկ Զաքարյանին: Պատվարժան հյուրերին ուղեկցում էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

Ավանդույթի համաձայն` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ ակադեմիկոսները ծաղիկներ դրեցին Արցախի մայր բուհի զոհված ուսանողների հուշակոթողին` հարգելով նրանց հիշատակը: Համալսարանի նիստերի մեծ դահլիճում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ կայացած հանդիպմանը ողջույնի խոսք ասաց ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորի ելույթը ուսանողների համար բարոյա-խրատական դասախոսություն էր` ինչպես մեր արժեհամակարգի պահպանման և հայ ժողովրդի միասնականության, այնպես էլ կրթության ոլորտի որոշ հիմնախնդիրներին առնչվող: Կարևորելով ղարաբաղցիների դերը հայապահապանության գործընթացներում` բանախոսն առանձնահատուկ ընդգծեց երիտասարդության դերը` որպես ավագների գործի շարունակող և անկախ ու ազատ հայրենիք կերտողներ: <<Այն պատասխանատվությունը, այն գիտակցումը, որը սնում է հայ ժողովրդի միասնական պայքարը, ծնունդ է առել այստեղ` Արցախում, ինչի համար բոլորս երախտապարտ ենք արցախցիներին: Սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ ու անկախ ապրելու գիտակցումը մենք գտանք հենց այստեղ` այս փոքրիկ հերոսական հողակտորում>>,- ասաց Արմեն Դարբինյանը: Նրա խոսքերով` այն ազգերը, որոնք ազատության են հասել շնորհիվ իրենց պայքարի, նման երկրի քաղաքացիների պատասխանատվությունն իրենց հայրենիքի հանդեպ բազմակի անգամ ավելի մեծ է, քան այն երկրներում, որտեղ անկախությունը ձեռք է բերվել տերությունների (իմպերիաների) փլուզման արդյունքում: Սեփական պետության, ժողովրդի, հողի ու սահմանների և նախորդ ու գալիք սերունդների հանդեպ պատասխանատվությունը չափազանց կարևոր հատկանիշ է և այն Լեռնային Ղարաբաղում ավելի ընդգծված է դրսևորվում, քան Հայաստանում, ինչը, ըստ բանախոսի, զարգացման նախադրյալ է հանդիսանում երկրի համար:
ՙ<<Արցախում պետական ինստիտուտների աշխատանքը, նրանց համախմբվածությունը, միասնականությունն ու թիմային աշխատանքը, նվիրումը` պետականաշինության և հասարակական գործին շատ ավելի վառ է արտահայտված, քան մեկ այլ երկրում,- հավելեց Արմեն Դարբինյանը:- Ղարաբաղը եղել և մնում է որպես առաջատար` հաղթողի գիտակցման և ոգու առումով>>:
Հասարակական երջանկության ստեղծումը պետք է լինի յուրաքանչյուրի խնդիրը: Հատկապես երիտասարդությունը պետք է ստանձնի այդ պարտավորությունը. ուսանողներին ուղղված նման կոչերով իր ելույթն ավարտեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորը:
Նույն ոգին ու տրամադրվածությունն էին իշխում նաև Վանիկ Զաքարյանի ու Էդուարդ Ղազարյանի ելույթներում: Նրանց հավաստմամբ` իրենց համար, ինչպես և յուրաքանչյուր հայի համար մեծ պատիվ է Ղարաբաղ գալը:
Հյուրերն իրենց բարձր տպավորությունները ներկայացրին նախօրեին երկրի իշխանությունների հետ ունեցած հանդիպումներից, ընդգծելով.<<Նման մարդիկ` ղեկավար անձինք թե հասարակ քաղաքացի, չկան աշխարհի ոչ մի ծայրում: Մեր ցանկությունն է` Ղարաբաղը ինչպես եղել է` անկախ ու ինքնուրույն, այդպես էլ շարունակի իր ճանապարհը>>:
Ակադեմիկոսները պատասխանեցին նաև ներկաների հարցերին:
Վերջում ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնեց նման մակարդակով հանդիպման համար` նշելով, որ դրանք շարունակական բնույթ կկրեն: