Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստը, որը վարում էր գիտխորհրդի նախագահ, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Օրակարգի առաջին հարցը ԱրՊՀ հայցորդների ձևակերպման կարգը հաստատելու մասին էր: Ներկայացնելով այն, ներքին կանոնակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ Մանուշ Մինասյանը նշեց, որ մինչ այսօր համալսարանը չուներ այդ կանոնակարգը և հիմնականում առաջնորդվել են 2001թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված կանոնակարգով: Սա ժամանակի պահանջ է` ինչ-որ տեղ նաև ուշացած, որի նպատակը հայցորդների հետ հարաբերությունները կանոնակարգելն է, ասաց ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Նրա խոսքերով` հստակեցվել են հայցորդների ձևակերպման ժամկետները. տարվա կտրվածքով երկու անգամ, ընդ որում` 1-ին փուլը սեպտեմբերի 1-20-ը, իսկ 2-րդը` հունվարի 11-30-ը: ԲՈՀ-ի կանոնակարգային պահանջներից որոշները նաև տեղայնացվել են, ինչպես, օրինակ, հայցորդության առավելագույն ժամկետը սահմանվել է 5 տարի: Բացի այդ, առաջարկվում է կանոնակարգել ատեստավորման հարցերն ու ԲՈՀ-ի ուսումնատեխնիկական միջոցներից օգտվելու հանգամանքները, գիտական ղեկավարի վարձատրման կարգը (ԲՈՀ-ի կանոնակարգի համաձայն` 30 ժամ):
Քննարկվող հարցի շուրջ տարբեր կարծիքներ հնչեցին: Ըստ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի` քանի որ խոսքը ասպիրանտական կրթությանն է վերաբերում, ապա այն պահանջները, որ դրվում են ասպիրանտուրայի համար, նույնն էլ պետք է դրվեն հայցորդների համար: Հատկապես որ` կանոնակարգը հաստատվել է 2001թ., ասաց նախարարը: Նրա հավաստմամբ` հայցորդություն ասվածն սպառել է իրեն և ներկայումս քննարկումներ են գնում այդ ուղղությամբ: Ուստի նախարարը կոչ արեց առավել մեծ ուշադրություն դարձնել ասպիրանտական կրթությանը:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրի կազմակերպման կանոնակարգում լրացում կատարելուն: Ըստ համապատասխան տեղեկությունների` անցյալ տարի մեկնարկած որակավորման կանոնակարգը գործել է հաջողությամբ, արդյունքները եղել են գոհացուցիչ: Սակայն կանոնակարգում կա մեկ բացթողում, որն էլ լրացման կարիք ունի: ԱրՊՀ ռեկտորի ներկայացմամբ` խոսքը մասնագետների որակավորման մասին է. այն մասին, թե որ մակարդակից է բարձրացված համարվում անգլերենի մասնագետների որակավորումը: Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների համար նշված կանոնակարգում չկա որևէ մոտեցում: Մ.Մինասյանն առաջարկեց այդ մասնագետների որակավորման բարձրացման համար համապատասխան ենթակետեր ավելացնել կանոնակարգում:
Օրակարգի մեկ այլ հարցի ԱրՊՀ ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի գիտամանկավարժական գործունեության և բարոյահոգեբանական հատկանիշների գնահատման սոցիոլոգիական հարցման կանոնակարգի հաստատման մասին խոսելով` ռեկտոր Մ.Մինասյանը նշեց, որ այն բուհի լավագույն և անհրաժեշտ ավանդույթներից է: Դա նաև կրթության մասին օրենքի պահանջներից է: Խնդիրն առավել հանգամանալից ներկայացրեց ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը, ով մինչ այդ հարցը ներկայացրել էր ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի քննարկմանը: Եղել են որոշ առաջարկություններ, արվել` շտկումներ: Վ.Յարամիշյանի իրազեկմամբ` հարցերը հիմնականում փոխառված են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հարցաշարից:
Բավական երկար քննարկումներից հետո գիտխորհրդի նիստը որոշեց սոցիոլոգիական հարցում կազմակերպել տարվա կտրվածքով մեկ անգամ: Հարցերը պետք է ունենան որոշակի ուղղվածություն, ինքնանպատակ հարց չպետք է լինի, նկատեցին գիտխորհրդի անդամները:
Նիստը հաստատեց վերոնշյալ կանոնակարգը:
Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր գիտական խորհրդի կազմում փոփոխություններ կատարելուն: ԱրՊՀ գիտքարտուղար Գայանե Մարգարյանը ներկայացնելով այն, նշեց, որ նախատեսվող փոփոխությունները բխում են համալսարանում կատարված կադրային փոփոխություններից: Այսպես` հաշվի առնելով, որ Վոլոդյա Մանասյանն ազատվել է տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնից` նրա փոխարեն գիտխորհրդի կազմում ընդգրկվեց նորանշանակ դեկան Շուշանիկ Ասրյանը: Իսկ Լուսինե Գրիգորյանի փոխարեն, ով ազատվել է ուսվարչության նախագահի պաշտոնից, գիտխորհրդի կազմում ընդգրկվեց Հարութ Մնացականյանը (ի պաշտոնե):
Այլ հարցերի շրջանակում գիտխորհրդի նիստը հաստատեց ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի վարիչ Վարդգես Սաֆարյանի գիտական ծրագիրը` <<Արցախի հին և միջնադարյան պատմության ու մշակույթի կեղծարարությունը ադրբեջանական պատմագիտության մեջ>> թեմայով: Ծրագրի արդիականության և կիրառական նշանակության մասին համառոտ տեղեկատվությամբ հանդես եկավ հեղինակը:
Գիտխորհրդի նիստը որոշեց միջնորդել և ՀՀ ԲՈՀ-ի կողմից դոցենտի գիտական կոչում ստանալու նպատակով նշված հանձնաժողովին ներկայացնել ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի դասախոս Արմինե Առստամյանի կողմից ներկայացված փաստաթղթերը: