Արցախի պետական համալսարան

                SAM 3011      SAM 3023

Երջանիկ է այն ազգը, որի երիտասարդը` ապագայի կերտողը, մտահոգված է իր երկրի ներկայով ու ապագայի հեռանկարներով:
Հուրախություն մեզ` այսօր մեր երիտասարդությունը փորձում է իր հայրենիքի համար անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն բարգավաճի ու զորանա: Թերևս սա է փաստում օրերս Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մի խումբ ուսանողների այցն Արցախ:

Նպատակը, ինչպես նշել է նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, գալ Արցախ, մոտիկից շփվել ու ծանոթանալ զինվորների առօրյային, և, որ ամենակարևորն է, այսպիսի այցելություններով ոգևորել նրանց, նպաստել` ավելի մարտունակ դառնալու:<<Ուշադրության կենտրոնում լինելը մարդու համար կարևոր նախապայման է, առավել ևս` զինվորի, ում շնորհիվ մեր հայրենիքը կարողանում է ազատ շնչել ու ծաղկել>>:
Դասախոսներից և ուսանողներից բաղկացած խումբը եղավ Պաշտպանության բանակի զորամասերում, զրուցեց զինվորների հետ, տեղեկացավ նրանց հոգսերին: Սա դեռ բոլորը չէ. Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ղեկավարության, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի <<Երիտասարդական հիմնադրամի>> աջակցությամբ ԼՂՀ ՊԲ զորամասերից յուրաքանչյուրը որպես նվեր մեկական համակարգիչ ստացավ, ինչը կնպաստի զինվորների առօրյան ավելի հետաքրքիր կազմակերպելուն: Իսկ զինվորները խմբի անդամների կողմից առաջին անհրաժեշտության պարագաներ ստացան:
<<Իրականում մենք որպես երիտասարդներ մտածում էինք, թե ինչո՞վ կարող ենք օգնել զինվորներին, հասկացանք, որ ամենակարևորը հասարակության կողմից ուշադրության արժանանալն է>>,- իր խոսքում նշեց Հ.Հովեյանը:
Իսկ այն հարցին, թե այսօր ո՞րն է հայ երիտասարդի ամենամեծ առաքելությունը, ուսանողական խորհրդի նախագահը պատասխանեց. <<Այսօրվա մեր երիտասարդի ամենամեծ առաքելությունը մրցունակ լինելն է, մեր երկիրը աշխարհին բարձր, դրական և հզոր կողմերով ներկայացնելը>>:
Զորամասեր կատարած այցելություններից հետո Ք.Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում, որտեղ, ի դեպ, հանգրվանել էր խումբը, կազմակերպվեց  հանդիպում` Երևանից ժամանած խմբի և ԱրՊՀ-ի ուսանողների հետ` ի դեմս ուսանողական վարչության նախագահ Հարութ Մնացականյանի: Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը, Ք.Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, փոխգնդապետ Վ.Հակոբյանը
Հանդիպմանը քննարկվեցին ուսանողներին հուզող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Տեղի ունեցավ փորձի փոխանակում և առկա խնդիրների պարազաբանում:
Փոխգնդապետ Վ.Հակոբյանը ողջունեց ուսանողների այցն Արցախ` ակնկալելով, որ նմանատիպ այցելություններ հաճախ կկազմակերպվեն` ներառելով տարբեր բուհերի ուսանողների:
Իր խոսքում Վ.Յարամիշյանը կարևորեց համատեղ ծրագրերի իրականացումը: Նրա խոսքերով` ուխտագնացության նմանվող այսպիսի այցելությունները ոգևորում են արցախահայությանը:
Ամփոփելով հանդիպման արդյունքները, ուսվարչության նախագահ Հարութ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի խմբին` հետաքրքիր ծրագրեր նախաձեռնելու և իրականացնելու համար: