|

Նոյեմբերի 8-ին Արցախի պետական համալսարանն իր հարկի տակ հյուրընկալեց Երևանի պետական համալսարանի պատվիրակությանը, որի կազմում են շուրջ 70 ուսանողներ և 10 դասախոսներ: Այցը նվիրված էր Ուսանողության միջազգային օրվան, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսվում Արցախում:
ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանի գլխավորությամբ ԵՊՀ հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին համալսարանի զոհված ուսանողների հիշատակին` ծաղիկներ դնելով նրանց հուշակոթողին: Խմբերի բաժանվելով` ԵՊՀ ուսանողները` ԱրՊՀ ուսխորհրդի անդամների ուղեկցությամբ ծանոթացան Արցախի մայր բուհի շենքային պայմաններին ու առանձին ստորաբաժանումներին, մասնավորապես եղան Հայագիտական կենտրոնում, ազգագրական սրահում, Եղբայր համալսարանների համագործակցության կենտրոնում, գիտական գրադարանում, Աղանբեգյանի անվան համակարգչային կենտրոնում և այլն: ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հյուրերի հետ կայացած հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը: Ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը հակիրճ ներկայացրեց Արցախի պետական համալսարանի անցած ոչ դյուրին ճանապարհը` հատկապես անդրադառնալով բուհի` Արցախյան շարժման ժամանակաշրջանի պատմությանը: Հայաստանյան ուսանողներին և մյուս ներկաներին ողջույնի խոսք ասաց Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը: Արցախի մայր բուհի ղեկավարը շնորհավորեց ուսանողներին գալիք տոնի կապակցությամբ նշելով, որ օրն առիթ է մեկ անգամ ևս կարևորելու ուսանողության դերը` ինչպես երկրի կայացման, այնպես էլ հասարակական-քաղաքական գործընթացներում: Միջոցառման ժամանակ երկու բուհերի ուսանողական կառույցները` ի դեմս Արցախի մայր բուհի ուսանողական վարչության նախագահ Հարութ Մնացականյանի և Երևանի պետական համալսարանի ուսանողական վարչության նախագահ Րաֆֆի Քարամյանի, ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա էլ ավելի ակտիվացնել կապը բուհերի միջև: Հուշագրի կապակցությամբ շնորհավորելով կողմերին` Մ.Մինասյանը հույս հայտնեց, որ այն ձևական բնույթ չի կրի և երկու հայկական հանրապետությունների մայր բուհերին հնարավորություն կտա լրացնել այն բացը, որը եղել է առ այսօր` համգործակցության դաշտում: Ռեկտորը ուսանողներին մաղթեց ակտիվ աշխատանք և հետաքրքիր առօրյա: Հուշագրի առիթով շնորհավորանքի խոսք ասացին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը: Այցի շրջանականերում նույն օրը համալսարանում կայացան մի շարք տարաբնույթ մարզամշակութային միջոցառումներ: Իսկ նոյեմբերի 9-ին ուսանողները կայցելեն հայոց հինավուրց բերադաքաղաք Շուշի, որտեղ նախատեսվում է հանդիպում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ:
|