Արցախի պետական համալսարան

DSC 3475    DSC 3485 002 

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 15-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպում ունեցավ Արցախի պետական համալսարանի գերազանց սովորող մի խումբ ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին Արցախի մայր բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը և ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը:

Տոնի առիթով շնորհավորելով ուսանողներին` վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ այն առիթ է պարզ ու անմիջական երկխոսություն ծավալելու, գնահատելու և խրախուսելու արժանավորներին: Ըստ այդմ կառավարության ղեկավարը հանդիպումը յուրովի բաժանեց երեք մասի` համալսարանական խնդիրներ, ուսանողական կյանք և խրախուսում ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերածներին:

Արցախի մայր բուհի ռեկտորը մասնավորապես ներկայացրեց Ուսանողների օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը: Նման օր ունենալն առիթ է մեկ անգամ ևս ուսանողների հանրային դերակատարությունն արժևորելու, նրանց խոսքը լսելու և նրանց շրջանում տեղ գտած խնդիրներին ըստ արժանվույն ծանոթանալու համար, ասաց ռեկտոր Մանուշ Մինասյանը: Նրա խոսքերով` ինչպես մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունները, ԱրՊՀ-ն նույնպես անմասն չի մնացել Ուսանողների տոնը հավուր պատշաճի նշելու գործում: Այդ կապակցությամբ միջոցառումները բուհում մեկնարկել են դեռևս անցած շաբաթ` Երևանի պետական համալսարանի ուսանողներից և դասախոսներից կազմված 70-հոգանոց պատվիրակության այցով: Տոնական միջոցառումներ են սպասվում ինչպես նույն օրը` նոյեմբերի 15-ին` մայր բուհի դահլիճում, այնպես էլ հաջորդ օրերին: Դրանց շարքում նախատեսված է էքսկուրսիայի կազմակերպում` դեպի Արցախի տեսարժան վայրեր:

Ինչ վերաբերում է համալսարանական խնդիրներին, ըստ Մ.Մինասյանի, դրանք բավական շատ են և հատկապես կապված են ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսման որակի բարձրացման հետ:

Հանդես գալու հերթը ուսանողներինն էր: Վարչապետ Արա Հարությունյանին հետաքրքրում էր, թե որքանով է հաջողվում նրանց լիարժեք ու հետաքրքիր անցկացնել ուսանողական առօրյան, ինչ խոչընդոտներ կան այս բնագավառում: Այս առումով կառավարության ղեկավարը հորդորեց լինել նախաձեռնող և հանդես գալ կառուցողական առաջարկություններով: Նա առանձնահատուկ ուշադրություն դարձրեց և երախտագիտության խոսքեր ուղղեց խմբի կազմում ընդգրկված այն չորս ուսանողներին, ովքեր պատվով ու բարեխիղճ ավարտել են ծառայությունը ԼՂՀ ՊԲ շարքերում:

Ուսանողների բարձրացրած հարցերն ու առաջարկություններն ավելի շատ առնչվում էին համալսարանում դասավանդվող մասնագիտություններին, հատկապես` որոշ մասնագիտությունների հետբուհական կրթությունն ապահովելուն: Հոգեբանության բաժնում սովորող ուսանողուհու առաջարկը կապված էր լաբորատորիա ունենալու հետ, որտեղ համապատասխան սարքավորումների միջոցով կարող են խմբային աշխատանք կատարել, թեստային վարժություններ և այլ ուսումնասիրություններ անել: Նշվեց, որ բաժնի ուսանողները միայն տեսական գիտելիքներ են ստանում, իսկ գործնական առումով ոչինչ չի արվում:

Պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողն առաջարկեց ԱրՊՀ-ում դիվանագիտական դպրոց բացել, որտեղ կդասավանդեն ոչ միայն տեղի, այլև արտասահմանյան փորձառու քաղաքագետներ ու դասախոսներ: Հարցի առնչությամբ վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ Հայաստանում գոյություն ունի դիվանագիտական դպրոց, որտեղ հնարավորություն ունեն սովորել նաև արցախցի ուսանողներն ու շրջանավարտները: Բացի այդ, հաշվի առնելով յուրաքանչյուր նման լուրջ խնդրի լուծման համար պահանջվող ծախսերը, այս հարցում նպատակահարմար է օգտագործել հեռավար ուսուցման ձևը, որի մասին բազմիցս է խոսվել, լսարաններ տրամադրվել, բայց գործնական քայլեր չեն ձեռնարկվել: ԼՂՀ վարչապետը նաև հավաստիացրեց, որ բարձրացված հարցերն ու առաջարկությունները դեռ կքննարկվեն համալսարանի ղեկավարության հետ:

Ուսանողների առօրյան հետաքրքիր դարձնելու և զարգացած համալսարանների փորձն ընդօրինակելու նկատառումով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանն իր հերթին կարևորեց էքսկուրսիաների ու տարաբնույթ այցերի կազմակերպումը: ԼՂՀ վարչապետը խոստացավ աջակցել 2013-2014 ուսումնական տարում համալսարանում գերազանց գնահատականներով սովորող ուսանողների համար դեպի Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերը էքսկուրսիա կազմակերպելուն:

<<Իմ սերնդի ներկայացուցիչներին բախտ չի վիճակվել վայելել ուսանողական հետաքրքիր, հիշարժան օրեր` պատերազմական իրավիճակի պատճառով: Չնայած վառ երազանքներով ենք ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ>>,- ասաց Արա Հարությունյանը: Նրա խոսքերով` ուսանողական տարիները, ուսանողական կյանքը նաև իրենց պահանջներն ունեն: ԼՂՀ վարչապետը հավաստիացրեց, որ որպես կառավարության ղեկավար` պատրաստ է ընդառաջել, հնարավորինս լուծում տալ բարձրացված խնդիրներին, ինչպես նաև աջակցել ուսանողական առօրյայի աշխուժացմանը:
Հանդիպման վերջում ուսանողներն արժանացան կառավարության ղեկավարի խրախուսանքին` պարգևատրվելով դրամական պարգևներով: