Արցախի պետական համալսարան

 DSC00873  DSC00889  usanoxneri orva  masnakicner pari

ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՆՇՎԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է: Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում` 1939թ. հոկտեմբերի 28-ին. Պրահայի ուսանողներն ու դասախոսները դուրս էին եկել ցույցի` նշելու Չեխոսլովակիայի պետության կազմավորման տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվել է ֆաշիստ զավթիչների կողմից: Իսկ հետագայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակել է որպես Ուսանողների միջազգային օր:

Ուսանողական վարչության նախաձեռնությամբ օրը հանդիսավորապես նշվեց Արցախի պետական համալսարանում: Տոնական տրամադրությունը պարուրել էր ոչ միայն ուսանողներին, այլև բոլոր նրանց, ում աշխատանքային գործունեությունն ուղղակիորեն կապված է նրանց հետ:

Մայր բուհի ուսանողներին շնորհավորելու էին եկել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Միջոցառումն սկսվեց ավանդական արարողությամբ. ծաղիկներ դրվեցին զոհված ուսանողների հուշակոթողին:

Ի սկզբանե համալսարանի դահլիճում իշխող տրամադրությունը ներկաներին հաճելի և ուրախ ժամանց էր խոստանում: Այդպես էլ եղավ. իրենց տոնին ուսանողները պատրաստվել էին հավուր պատշաճի, քանզի սա այն եզակի օրերից է, երբ ուսանողները մոռանում են խնդիրների մասին, համախմբվում են ու վայելում տոնացույցում իրենց հատկացված օրը:

Օրվան համահունչ էր նաև հայ լրագրության և բանասիրության ֆակուլտետի ուսանողների ուժերով պատրաստած` մայր բուհի մասին պատմող տեսաֆիլմը:

Ուսանողներին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց Արցախի մայր բուհի ղեկավարը: <<Մաղթում եմ, որ դուք լինեք արժանի ձեր ծնողների սիրուն, արժանի լինեք ձեր ուսուցիչների և դասախոսների չարչարանքին և ամենակարևորը` լիենք արժանի ձեր ժողովրդի, ձեր երկրի պատմությանը>>,- իր խոսքում նշեց ռեկտոր Մանուշ Մինասյանը:

<<Ուսանողությունը Արցախի պետականության կայացման ոչ միայն մասնակիցն է, այլև կրողը: Անհերքելի է նրա դերը երկրում կատարվող գործընթացներում: Հետևաբար, ինչպես միշտ, նրանից այսօր էլ պահանջվում է լինել ակտիվ և հետևել համամարդկային արժեքներին>>,- շնորհավորանքի խոսքում ասաց ԼՂՀ կրթության և գիտության նախարարը:

Այսօր առավել քան երբևէ ուսանողների համար որակյալ կրթություն ստանալու ավելի լավ պայմաններ են ստեղծված. իրականացվող կրթական բամզաթիվ ծրագրեր հնարավորություն են տալիս զարգացնել մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ուսումը շարունակել և կատարելագործել ամենահեղինակավոր կրթօջախներում:

Տոնի առթիվ շնորհավորելու եկած պաշտոնյաները ավագ ընկերոջ իրավունքով ուսանողներին հորդորեցին օգտագործել սովորելու և գիտելիք կուտակելու բացառիկ տարիները, քանզի կրթությունն է բարեկեցիկ ապագայի լավագույն գրավականը: Չէ որ ապագա կերտողն այսօրվա խելացի երիտասարդն է լինելու: <<Ուսանողական տարիները ձեր կյանքի ամենաերջանիկ օրերն են: Եվ ոչ միայն. այս ժամանակահատվածը ձեզ համար նաև ամենակարևորագույնն է, որը լայն հնարավորություններ է ընձեռում ապագան ճիշտ կառուցելու, կյանքում ձեր արժանի տեղն ունենալու համար>>,- ասաց Նարինե Աղաբալյանը:

Օրը նշանավորվեց նաև պարգևատրումներով. բարձր առաջադիմության և օրինակելի վարքի, ինչպես նաև մարզական խաղերում մրցանակային տեղեր գրաված մի խումբ ուսանողներ արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների: Լավագույն ուսանողներին դրամական պարգևներ հանձնեց նաև Հայ օգնության միությունը: Նշենք, որ այդ քաղաքականությունը ՀՕՄ-ը որդեգրել է 2000 թվականից: Խրախուսական ձեռնարկին արդեն երկրորդ տարին է` միացել է ԼՂՀ կառավարության ընդունելության տան տնօրենությունը: