ԱրՊՀ ՌԵԿՏՈՐ ՄԱՆՈՒՇ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

27.11

2013

DSC 3533

Մամուլի ասուլիս
Նոյեմբերի 26-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը հանդիպեց Արցախում գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պաշտոնավարման ընթացքում սա ԱրՊՀ նոր ռեկտորի առաջին հանդիպումն է ԶԼՄ-ների հետ` ասուլիսի ձևաչափով:

Ողջունելով ներկաներին` Արցախի մայր բուհի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում հանդիպել լրագրողների հետ, քննարկել հարցեր, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները: <<ԱրՊՀ-ն որպես հանրապետության մայր բուհ, որպես սոցիալական բավական մեծ օրգանիզմ իր առաքելության իրականացման գործում, անշուշտ, ունի ձեր աջակցության կարիքը,- ասաց Մ.Մինասյանը:- Մեր ապագա սերնդի, ապագա քաղաքացիների դաստիարակության գործում յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր մասնաբաժինը>>:
Հանդիպման սկզբում հաստատության ղեկավարը ներկայացրեց ծրագրային այն դրույթները, որոնք դրված են իր գործունեության հիմքում` պաշտոնավարության ժամանակահատվածում:
Աշխարհի բոլոր կրթօջախների պես` Արցախի պետական համալսարանը ևս գտնվում է արագ փոփոխությունների և 21-րդ դարի կողմից թելադրված տնտեսական, համաշխարհայնացման, սոցիալական, էկոլոգիական, ժողովրդագրական մարտահրավերների ժամանակաշրջանում և իրատսեորեն գնահատելով դրանք, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ-ում կրթության առաջանցիկ զարգացումը որդեգրվել է որպես պետականության կայացման կարևոր գերակայություն, ԱրՊՀ-ն պետք է կրթի և դաստիարակի պատասխանատու և բեղմնավոր գործունեությամբ քաղաքացիներ` ունակ աշխատելու, ապրելու և արարելու ժողովրդավարական հասարակությունում: Լինելով հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում առաջատարը` բուհը պետք է մշտապես ուսանողներին մատուցի նորարարական` ուսանողամետ ուսուցման մեթոդներ, խրախուսի կատարելության ձգտումները` ինչպես աշխատողների, այնպես էլ ուսանողների մեջ:
Կրթական ծրագրերի արդիականացում, գիտական և նորարարական գործունեության զարգացում, կադրային ներուժի զարգացում, ենթակառուցվածքների արդիականացում, սոցիալական համագործակցության ընդլայնում, ուսանողների հետ տարվող աշխատանքներ և, իհարկե, այս ամենի համար հիմք ստեղծող ֆինանսական կայունություն և զարգացում. սրանք են այն նպատակներն ու խնդիրները, որոնք, մայր բուհի ռեկտորի խոսքերով, պետք է ընկած լինեն համալսարանականներից յուրաքանչյուրի գործունեության հիմքում:
Ելնելով այն հանգամանքից, որ կրթական չափորոշիչների առումով համալսարանը պետք է տարածաշրջանում դառնա առաջատար, ռեկտորը կարևորեց բուհի մասնագիտությունների ցանկի վերանայումը. խոսքը հեռանակար չունեցող և համալսարանի իրական հնարավորություններից վեր մի շարք մասնագիտությունների կրճատման մասին է: Մինչև դեկտեմբերի 1-ը, ինչպես ասաց ռեկտորը, կառավարությանը կներկայացվեն այդ մասնագիտությունների ցանկը: Դրանց փոխարեն ավելի նպատակահարմար է համալսարանի հնարավորության շրջանակներում զարգացնել հանրապետությունում պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Ձգտելով արդիականացնել կրթական ծրագրերը և շրջանավարտներին ապահովել ապագա աշխատանքի երաշխիքով, համալսարանը պարբերաբար պետք է համալիր ուսումնասիրություն իրականացնի` աշխատաշուկայում մասնագետների նկատմամբ ունեցած պահանջարկի առումով:
Մեկ այլ կարևոր խնդրի` ուսանողների ակադեմիական առաջադիմության գնահատման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ քայլեր կատարվել են, ինչը սակայն ԱրՊՀ ռեկտորը բավարար չի համարում. դրանք պարբերական բնույթ պիտի կրեն, թերությունները պետք է շտկվեն և աշխատանքի ընթացքում վերացվեն:
Գիտական գործունեության, գիտական ներուժի զարգացման մասին խոսելով` Մ.Մինասյանը կարևորեց դասախոսական կազմի գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվածության աճի ապահովումը, գիտական աշխատանքների առևտրայնացման գործընթացը: Նրա խոսքերով` գիտություն և տնտեսություն կապը պետք է լինի շատ ամուր և հետադարձ, որպեսզի գիտական արդյունքները հնարավոր լինեն իրացնել տնտեսության մեջ: Այս առումով կարևոր է նաև գիտնականների վարձատրության համակարգի վերանայումը, այսինքն դասախոսների գիտական աշխատանքի վարձատրության չափը կախված պիտի լինի նրանց տված գիտական արդյունքից: Պետք է վերանայել և բարելավել ամենամյա գիտական աշխատանքների համար կազմակերպվող մրցույթները, խրախուսել, ակտիվացնել միջազգային գիտաժողովներին բուհի դասախոսների մասնակցությունը:
Կադրային ներուժի զարգացման վերաբերյալ համալսարանը պետք է նախանձնախնդիր լինի իր պրոֆեսորադասախոսական կազմի պարբերաբար կատարելագործման և համալրման հարցում, ինչի համար նպաստավոր պայմաններ են անհրաժեշտ. խոսքը, հատկապես, արժանավայել վարձատրության ներդրմանն էր վերաբերում:
ԱրՊՀ ռեկտորը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Դրանք մասնավորապես վերաբերում էին ընթացիկ և եզրափակիչ քննությունների կազմակերպման ու գնահատման համակարգին, ուսման վարձավճարների բարձրացմանը, կառուցվածքային փոփոխություններին, կրեդիտային համակարգի առանձնահատկություններին, միջբուհական կապերին:
Ռեկտոր Մ.Մինասյանի կարծիքով` գործող թեստային համակարգը, համակարգչային եղանակով քննությունները կազմակերպելը լիարժեք չի արտահայտում ուսանողների գիտելիքները: <<Թեստային համակարգն ունի իր առավելությունները, սակայն դասախոսական անձնակազմն ամբողջությամբ պատրաստ չէ լիարժեք թեստեր կազմելու: Ընթացիկ քննությունների արդյունքները ցույց են տվել, որ առանձին դասախոսների մոտ ուսանողների 90 տոկոսը ստանում է առավելագույն գնահատական>>,- ասաց ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Համալսարանի հիմնական եկամուտը գոյանում է ուսման վարձավճարներից: Ուսանողների թիվը վերջին տարիներին նվազում է, ինչը նշանակում է, որ կրճատվում են նաև ֆինանսական հոսքերը: Նախատեսվում է, արդյոք, առաջիկայում ուսման վարձավճարների բարձրացում` հարցին ռեկտորը պատասխանեց. <<Չեմ կարծում, հարցը քննարկվել է գիտխորհրդում: Ամենայն հավանականությամբ իրավիճակը կշտկվի պետբյուջեից հատկացվող եկամուտների հաշվին>>:
Բուհի ֆինանսական գործունեության գալիք տարվա նախահաշիվը դեռևս քննարկման փուլում է: Ռեկտորի խոսքերով` նախանշված որոշ ծրագրերի կրճատում կլինի, ինչը սակայն չի ազդի համալսարանի բնականոն աշխատանքին: